Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների միջև կայացել է հինգ հանդիպում. ԱԳՆ-ն ամփոփել է 2017 թվականը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը հրապարակել է 2017 թվականի գործունեության ամփոփիչ զեկույցը:

Տարվա սկզբին ադրբեջանական կողմը, խախտելով 1994-95 թվականներին կնքված եռակողմ անժամկետ
զինադադարի համաձայնագրերը, Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծին եւ Հայաստանի հետ սահմանի երկայնքով
նախաձեռնել է սադրանքների և դիվերսիոն գործողությունների նոր ալիք, ինչը հանգեցրել է կորուստների նաև
քաղաքացիական բնակչության շրջանում: Կոպտորեն խախտելով միջազգային մարդասիրական իրավունքը՝
ադրբեջանական կողմը թիրախավորել է նաև քաղաքացիական նշանակության օբյեկտներ: Բաքուն շարունակել է իր
զինված ուժերի հենակետերն ադրբեջանական բնակավայրերում ու դրանց անմիջական հարևանությամբ տեղակայելու
և այդտեղից սադրանքներ նախաձեռնելու՝ խստորեն դատապարտելի իր գործելաոճը:

2017 թվականին Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների միջև կայացել է հինգ հանդիպում` փետրվարի 16-ին
Մյունխենում, ապրիլի 28-ին՝ Մոսկվայում, հուլիսի 11-ին` Բրյուսելում, սեպտեմբերի 23-ին` Նյու Յորքում, դեկտեմբերի
6-ին` Վիեննայում:

Նախարարների միջև հանդիպումները և համանախագահների գործուն միջնորդական ջանքերը հնարավորություն են
ընձեռել 16 ամսվա ընդմիջումից հետո՝ 2017 թվականի հոկտեմբերի 16-ին, Ժնևում անցկացնել Հայաստանի և
Ադրբեջանի նախագահների հանդիպում, որի շրջանակում մոտ չորս տարվա ընդմիջումից հետո առաջին անգամ
Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների համատեղ
հայտարարություն է ընդունվել, որում, մասնավորապես, նշվել է ձեռք բերված պայմանավորվածության մասին`
ակտիվացնել բանակցային գործընթացը և լրացուցիչ քայլեր ձեռնարկել շփման գծում լարվածությունը թուլացնելու
նպատակով, այն նույն քայլերը, որոնց մասին ասվում էր 2016 թվականի Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի
գագաթաժողովներին արված հայտարարություններում և որոնց նկատմամբ Հայաստանը բազմիցս հայտարարել է իր
աջակցությունը: Սակայն Բաքուն, հավատարիմ մնալով իր կողմից որդեգրած գործելաոճին, գագաթաժողովից
անմիջապես հետո վերսկսեց իր անհիմն մեղադրանքները և ռազմատենչ հռետորաբանությունը:

Զեկույցում շեշտված է, որ Բաքուն հետ է կանգնել բազմաթիվ այլ պայմանավորվածություններից, և այդ օրինակներն
իրավամբ հարցականի տակ են դնում Ադրբեջանի՝ որպես բանակցային կողմի վստահելիությունը:

Նախորդ տարի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափով ընդունվել է 14 հայտարարություն, ԵԱՀԿ
Մինսկի խմբի համանախագահներն իրականացրել են երեք տարածաշրջանային այց՝ մարտի 27-ին, հունիսի 10-ին և
հոկտեմբերի 6-ին, որոնց շրջանակներում Երևանում համանախագահներին ընդունել է Հանրապետության Նախագահը,
կայացել են, հանդիպումներ նաև ԱԳ նախարարի հետ:

Նոյեմբերի 24-ին Հայաստանի եւ Եվրամիության միջեւ կնքված Համապարփակ և ընդլայնված գործընկերության
համաձայնագրի մեջ ամրագրվել է Մինսկի խմբի համանախագահներին և որպես հիմնախնդրի կարգավորման հիմք
նրանց կողմից առաջարկված միջազգային իրավունքի երեք սկզբունքներին աջակցության մասին դրույթը։




Լրահոս