Արդարադատության նախարարը ներկայացրել է Քրեակատարողական վարչության նորանշանակ պետին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանն այսօր ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության աշխատակիցներին է ներկայացրել Քրեակատարողական վարչության պետի պաշտոնում ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակված Ռաֆայել Հովհաննիսյանին:

Նախարարը շնորհավորել է Ռաֆայել Հովհաննիսյանին նշանակման կապակցությամբ՝ ընդգծելով, որ բարձր է գնահատում վերջինիս մասնագիտական փորձը քրեակատարողական համակարգում, ինչը, վստահաբար, նպաստելու է ոլորտի առջև ծառացած խնդիրների ու մարտահրավերների արդյունավետ և շուտափույթ լուծմանը:

Նախարար Հարությունյանը նշել է, որ իր համար առանցքային նշանակություն ունի քրեակատարողական ոլորտում բարեփոխումների իրականացումը՝ ուղղված պայմանական վաղաժամկետ ազատման համակարգի բարեփոխմանը, բժշկական ծառայությունների արդիականացմանը, քրեակատարողական հիմնարկների շենքային պայմանների, դատապարտյալների պահման պայմանների, սննդի որակի բարելավմանը, ուստի հանձնարարարել է ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության նոր պետին սեղմ ժամկետում ՀՀ արդարադատության նախարարություն ներկայացնել քրեակատարողական համակարգի զարգացման իր տեսլականը և հետամուտ լինել արդեն իսկ նախաձեռնված բարեփոխումների արդյունավետ կատարմանը:

Ռաֆայել Հովհաննիսյանը շնորհակալություն է հայտնել ՀՀ Նախագահին և արդարադատության նախարարին վստահության համար և խոստացել, որ կկատարի առավելագույնը քրեակատարողական համակարգի առջև ծառացած խնդիրները սեղմ ժամկետում և հիմնովին լուծելու համար:

Նախարարը շնորհակալություն է հայտնել նաև ՔԿՎ նախկին պետ Արթուր Օսիկյանին իր կատարած աշխատանքի համար՝ մաղթելով նորանոր հաջողություններ:

ՀՀ ԱՆ տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի վարչություն




Լրահոս