Էնդոկրինոլոգների անվճար խորհրդատվություն եւ բուժզննում բոլորի համար. նոր ակցիա «Սլավմեդ» ԲԿ-ում

«Սլավմեդ» բժշկական կենտրոնը հայտարարել է հերթական ակցիայի մասին՝ անվճար բուժօգնություն բոլորին: Ակցիայի շրջանակում փորձառու էնդոկրինոլոգների մոտ խորհրդատվություն եւ բուժզննում կարող են անցնել բոլորը, ովքեր բուժօգնության կարիք ունեն, բայց տարբեր պատճառներով հնարավորություն չեն ունեցել դիմել բժշկի: NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում այս մասին հայտնեց «Սլավմեդ» բժշկական կենտրոնի զարգացման բաժնի տնօրեն Արման Խարազյանը:

Նրա խոսքով՝ Հայաստանում բավական տարածված են վահանաձեւ գեղձի հիվանդությունները, իսկ վերջին տարիներին ավելացել է նաեւ վահանաձեւ գեղձի քաղցկեղով տառապող հիվանդների թիվը: Հիվանդությունը ժամանակին հայտնաբերելու եւ կանխարգելելու նպատակով «Սլավմեդ» ԲԿ-ում փետրվարի 1-ից մարտի 1-ը կտրամադրվի էնդոկրինոլոգի անվճար խորհրդատվություն եւ բուժզննում կիրականացվի:

«Ակցիայի շրջանակում բարձրակարգ մասնագետների կողմից տրամադրվող անվճար խորհրդատվությունն ու բուժզննումը հնարավորություն կտան ժամանակին հայտնաբերել եւ կանխարգելել այս տարածված խնդիրը»,- նշեց Արման Խարազյանը:

«Սլավմեդ» բժշկական կենտրոնի էնդոկրինոլոգ Վահե Ավագյանի խոսքով էլ՝ վահանաձեւ գեղձի հիվանդույթունների մշտական աճ է արձանագրվում ամբողջ աշխարհում: Վահանաձեւ գեղձն արտադրում է թիրեոիդ հորմոններ՝ T3, T4, որոնք օրգանիզմում կարգավորում են ածխաջրերի, սպիտակուցների եւ ճարպերի նյութափոխանակության գործընթացը, նպաստում սիրտ-անոթային համակարգի, աղեստամոքսային տրակտի, հոգեկան եւ սեռական գործունեությանը: Այս հորմոնների սինթեզի խանգարումից` գեղձի հիպերֆունկցիայի կամ հիպոֆունկցիայի դեպքում, ի հայտ են գալիս մի շարք գանգատներ եւ կլինիկական դրսեւորումներ, այդ թվում՝ քաշի ավելացում, սրտխփոց, մաշկի չորություն, մազաթափություն, նյարդային համակարգի խանգարումներ կամ դյուրագիռ վիճակ, հաճախասրտություն, զարկերակային ճնշման տատանումներ:

Խոսելով վահանաձեւ գեղձի հիվանդությունների ախտորոշման ժամանակակից մեթոդների մասին` Վահե Ավագյանը նշեց, որ հիմնական մեթոդներից են արյան շիճուկում թիրեոիդ հորմոնների մակարդակի որոշումն ու վահանաձեւ գեղձի ուլտրաձայնային հետազոտությունը:

Հիվանդությունն ախտորոշվում է ինչպես գանգատների առկայության, այնպես էլ սքրինինգային մի շարք հետազոտությունների արդյունքում: Հիվանդությունը հիմնականում հանդիպում է կանանց շրջանում, սակայն ներկայում հիվանդության աճի միտում կա նաեւ երեխաների և տղամարդկանց մոտ: Այս հիվանդությունների վաղաժամ հայտնաբերմանն ու ճշգրիտ ախտորոշմանը նպաստում են կենտրոնում ներդրված վերջին սերնդի ախորոշիչ եւ լաբորատոր հետազոտության համար նախատեսված լավագույն սարքավորումները: Կատարվող հետազոտությունների արդյունքում հայտնաբերված հանգույցներն ու գոյացությունները հաճախ պահանջում են վիրահատական բուժում, իսկ բուժման ճշգրիտ պլանի համար որոշ դեպքերում կարիք է լինում նաեւ իրականացնել բարակասեղային պունկցիոն բիոպսիա, որի արդյունքում էլ որոշվում է բուժման հետագա տակտիկան. այն կարող է լինել ինչպես դեղորայքային, այնպես էլ վիրահատական:

Առհասարակ, էնդոկրինոլոգի խոսքով, թիթեռնիկ հիշեցնող այս գեղձն օրգանիզմում կարեւոր գործունեություն է իրականացնում, որով պայմանավորված է մարդու մարմնի քաշը, աշխատունակությունը, տրամադրությունը, ինչպես նաեւ ինքնազգացողությունը, սակայն մարդիկ հաճախ են անտեսում այս գեղձի կարեւորությունը եւ հիվանդության նախանշանները կապում են տարբեր հանգամանքների հետ, այդ թվում՝ ժառանգական նախատրամադրվածության: Հիմնականում սա է պատճառը, որ բաց է թողնվում բուժման համար անհրաժեշտ ժամանակահատվածը:

Բժիշկն ընդգծեց նաեւ, որ ընդհանրապես վահանաձեւ գեղձի որոշակի մեծացում նկատվում է սեռական հասունացման, հղիության, լակտացիայի շրջանում: Այս ժամանակահատվածում գեղձի չափերի փոփոխությունը հիվանդագին բնույթ չի կրում, սակայն կյանքի այլ փուլերում արդեն գեղձի ձեւափոխումները կարող են անհանգստություն պատճառել:

«Հաշվի առնելով մի շարք հանգամանքներ` մեր քաղաքացիներին խորհուրդ կտամ օգտվել ընձեռված հնարավորությունից, այցելել բժշկի՝ փաստելու կամ բացառելու հիվանդության առկայությունը: Մենք կարեւորում ենք մեր քաղաքացիների առողջությունը եւ անում հնարավորը՝ նրանց առողջության պահպանման ու վերականգնման համար»,- եզրափակեց բժիշկ-էնդոկրինոլոգը:

Հիշեցնենք, որ «Սլավմեդ» բժշկական կենտրոնում առանց ավելորդ վճարումների սպասարկվում են նաեւ սոցփաթեթի շահառուներն ու բժշկական ապահովագրություն ունեցող անձինք` մեկ պատուհան սկզբունքով, ներկայացնելով միայն անձնագիր եւ սոցիալական քարտ: