ԱՐՄԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԱՌՋԵՎ ՊԱՀԱՆՋՆԵՐ ԿՆԵՐԿԱՅԱՑՆԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սերժ Սարգսյանը երեկ հայտարարեց ՀՀ նախագահի պաշտոնում ՀՀԿ թեկնածուի անունը: Ինչպես եւ սպասելի էր` թեկնածուն նախկին վարչապետ, Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանն է: Սակայն վերջինս Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ չի շտապել իր համաձայնությունը հայտնել՝ մտածելու ժամանակ խնդրելով:

Արմեն Սարգսյանն իր խոսքում մասնավորապես նշել է. «Շատ կարեւոր է, որ որոշում ընդունելուց առաջ ես նույնպես առիթ ունենամ հանդիպել քաղաքական տարբեր ուժերին ե՛ւ Ազգային ժողովում, ե՛ւ Ազգային ժողովից դուրս՝ կուսակցություններին: Շատ կուզենայի հանդիպել նաեւ հանրության լայն շրջանակները ներկայացնող գիտական, մտավորական, հասարակական, բարեգործական կազմակերպություններին, գործարար շրջանակներին, աշխատավորական շրջանակներին: Իհարկե, անպայման կուզեի հանդիպել Արցախի Հանրապետության ղեկավարությանը եւ, իհարկե, հանդիպել սփյուռքահայությանը ներկայացնող կառույցներին, կազմակերպություններին կամ անհատներին եւ դրանից հետո իմ որոշումը կայացնել», – նշել է նա:
Երեկ արդեն իսկ լայն շրջանակները քննարկում էին Արմեն Սարգսյանի հարցը: Եվ քանի որ վերջինս պատրաստակամություն է հայտնել հանդիպել նաեւ Արցախի ղեկավարության հետ, «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց վերջիններից պարզել նրանց վերաբերմունքն Արմեն Սարգսյանի հանդեպ: «Ժողովուրդ» օրաթերթի զրուցակիցն է Արցախի Ազգային ժողովի նախագահի տեղակալ Վահրամ Բալայանը:
-Պարո՛ն Բալայան, երեկ հայտնի դարձավ, որ ՀՀ նախագահի պաշտոնում ՀՀԿ-ն առաջարկում է Արմեն Սարգսյանի թեկնածությունը: Ձեզ համար որքանո՞վ է ընդունելի Արմեն Սարգսյանը:
-Նորմալ: Եթե Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար ընդունելի է, ապա մեզ համար էլ է ընդունելի: Ինչ խնդիր կա: ՀՀ-ում կատարվող թե՛ կադրային քաղաքականությունը, թե փոփոխությունները եթե ընդունելի են ՀՀ-ի քաղաքական ուժի, հանրության կողմից, մենք որեւէ խնդիր չունենք:
-Կվստահե՞ք ղարաբաղյան հակամարտության հետ կապված ցանկացած հարց քննարկել նրա հետ:
-Ինչո՞ւ ոչ: Համենայնդեպս, Արմեն Սարգսյանը մեր հանրությանն անծանոթ անձնավորություն չէ: Երկար ժամանակ ներկայացնում էր Հայաստանի Հանրապետությունը Մեծ Բրիտանիայում, եւ կարծում եմ, որ խնդիր չի լինի:
-Ըստ նոր Սահմանադրության` հենց նա է ստորագրելու միջազգային պայմանագրերը, այդ թվում՝ Ղարաբաղին վերաբերող ցանկացած փաստաթուղթ: Դա է՞լ կվստահեք նրան:
-Գիտեք, կարող ենք վստահել: Բայց այստեղ նաեւ մի ուրիշ խնդիր կա: Վերջիվերջո, Արցախի հետ կապված հարցերում ՀՀ ղեկավարությունը մշտապես հայտարարել է, որ վերջնական այդ հարցերը պետք է վճռի Արցախը, այստեղի բնակչությունը: Կոնկրետ Արցախի հետ կապված առանձին մտահոգության հարց չկա:
-Նա իր խոսքում պատրաստակամություն է հայտնել նաեւ Արցախ այցելելու եւ ղեկավարության հետ հանդիպելու: Ի՞նչ հարցեր կբարձրաձայնեք հանդիպմանը:
-Ընդհանուր առմամբ Արցախի Հանրապետության եւ Հայաստանի Հանրապետության ղեկավարության շփումներում սերտ համագործակցություն կա բոլոր ասպարեզներում: Քանի որ ես խորհրդարանում եմ, ասեմ, որ բավականին լավ գործնական հարաբերություններ են ստեղծված: Դա նպատակուղղված է թե՛ արտաքին քաղաքականությանը՝ Արցախի ճանաչմանը, թե՛ ներքին հիմնախնդիրների լուծմանը: Այնպես որ, դա ճիշտ կլինի, որ իսկապես ՀՀ նախագահը նաեւ լինի Արցախում, ծանոթանա երկրի հիմնախնդիրներին: Վերջիվերջո, նաեւ իրար հետ աշխատելու ենք, եւ շատ նորմալ եմ գտնում դա:
-Դուք ինքներդ ի՞նչ պահանջներ կներկայացնեք ՀՀ նախագահի թեկնածուին:
-Բնականաբար մենք անպայման կբարձրաձայնեք, եւ խոսք կգնա Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման հետ կապված հարցերին: Այսօր այդ հարցերն առօրեական են: Եվ կքննարկվի նման հարց՝ ավելի ակտիվացնելու տեսանկյունից եւ Արմեն Սարգսյանի փորձը կամ դերը, հնարավորություններն օգտագործելու տեսանկյունից:

 

 

 

«ԵԼՔ» ԴԱՇԻՆՔԻ ԱՄԵՆԱՀԶՈՐ ԵՐԹՆ ԱՎԱՐՏՎԵՑ ԻՆՉՊԵՍ ՄԻՇՏ

Երեկ տեղի ունեցավ «Ելք» դաշինքի երթը ընդդեմ թանկացումների: Նկատենք, որ երեկվա մարդաշատ երթին, բացի «Ելք» դաշինքից, այլ քաղաքական ուժերի ներկայացուցիչներ չէին մասնակցում:

Սակայն «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր, «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանն արժանահավատ չհամարեց քաղաքական ուժերի այն տեսակետը, թե չեն մասնակցում, քանի որ դաշինքն իրենց չի դիմել: «Չեմ կարծում, որ «Ոչ թանկացումներին» լոզունգը քաղաքական ուժերին չմիանալու կոչ անելու համար հարմար առիթ էր: Ես կարծում եմ, որ սա այն խնդիրն էր , որը հուզում է ՀՀ հանրությանը: Այս երթը «Ելք» դաշինքինը չէ, դաշինքը չի, որ խնդիր է դրել, սա հանրությանն է: Այստեղ քաղաքական կուսակցությունները, հասարակական կազմակերպությունները հանրության մի մասն են, եւ եթե իրենք չեն գտնում, որ երթով հնարավոր է` խնդիր լուծեն, չեն մասնակցում: Այստեղ որեւէ դիմելու կամ քաղաքական հրավեր ուղարկելու խնդիր չկա», – նշեց նա:
Ինչպես արդեն նշեցինք` որպես հաջորդ քայլ դաշինքը դիտարկում է Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու նախագիծ ներկայացնելն ու այն խորհրդարանում անցկացնելը: «Քննարկումներ շատ-շատ ենք արել: Քննարկել ենք բոլոր հնարավոր լավատեսական եւ վատատեսական տարբերակները ու բոլոր պարագայում էլ անելիքներ ունենք: Տարին թանկացումներով է գնալու: Երբ թանկացումների ուժն արդեն հարվածում է գրպանին, ինքը բողոքելու է: Որքանով է այս պահին բնակիչը զգում, երթը ցույց տվեց: Եվ դա միանշանակ նրանք զգալու են արդեն մայիսին, իսկ հանրային ակտիվությունն ավելանալու է», – հավելեց Սարգսյանը:
Արամ Սարգսյանը չհամաձայնեց այն դիտարկմանը, որ ժողովուրդը հավատը կորցրել է անգամ ընդդիմադիր ուժերի հանդեպ եւ նույնիսկ պայքարելու փորձեր չի անում: «Մենք կարող ենք մշտապես ասել, որ հանրությունը հուսահատված է, հիասթափվելու առիթներ ունեցել է, բայց դրանով ոչ մի խնդիր չենք լուծում: Ես հակված եմ ասել, որ հանրությանը պետք է հանել հուսահատությունից, հանրությունն այնքան էլ հուսահատված չէ, որ հանրությունն իրեն հասանելի գործը միշտ էլ արել է, խնդիրը կազմակերպիչներինն է: Եթե ինչ-որ բան չի ստացվել, պետք է այնպես անել, որ հետո ստացվի: Եթե քաղաքականությամբ ես զբաղվում, քո խնդիրն է հանրությանը հույս տալ», – եզրափակեց նա:
Երթի վերջում ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն իր ելույթում արձանագրեց, որ երեկվա երթը դաշինքի պատմության մեջ ամենահզորն էր՝ հույս հայտնելով, որ մոտ ապագայում դաշինքը կանցկացնի ՀՀ պատմության մեջ ամենահզոր երթը: Ամփոփելով արդյունքները` Նիկոլ Փաշինյանը հայտնեց բողոքի երթի հաջորդ օրը՝ փետրվարի 5՝ նշելով, որ մինչ այդ իրենք խորհրդարանին կներկայացնեն «Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին իրենց նախագիծը եւ կպահանջեն, որ քաղաքական մեծամասնությունն ընդառաջ գնա եւ ընդունի այն:

Նյութերը՝ ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ

 

 

ՉԵՆ ՇՏԱՊՈՒՄ ԽՈՍԵԼ
Երեկ իշխող ՀՀԿ-ն հրապարակեց ՀՀ չորրորդ նախագահի պաշտոնում իրենց թեկնածուի անունը: Սպասվածի համաձայն` նա նախկին վարչապետ, Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանն է: Եվ չնայած իշխող մեծամասնության թեկնածուի անունն արդեն հայտնի է, սակայն խորհրդարանում ներկայացված ընդդիմադիր ուժերը չեն շտապում գնահատական հնչեցնել նախագահի թեկնածության շուրջ:
«Ելք» դաշինքի անդամները երեկ գերադասում էին խոսել միայն իրենց նախաձեռնած երթի մասին՝ խոստանալով Արմեն Սարգսյանի մասին խոսել քննարկումից հետո: «Մենք ունենք մեր թեկնածուն՝ ինձ համար ամենաընկալելի թեկնածուն Արտակ Զեյնալյանն է, ես շարունակում եմ պնդել նրա թեկնածությունը, իսկ հիմա այդ թեմային մենք չենք անդրադառնա, քանի որ կոնկրետ անձի մասին քննարկում չի եղել», – «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշեց «Ելք» խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանը:
Ընդդիմադիր «Ծառուկյան» խմբակցությունում եւս, որի ղեկավար Գագիկ Ծառուկյանը չէր բացառել ՀՀԿ-ի թեկնածուին սատարելու հնարավորությունը, քննարկում չի եղել: Խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը փոխանցեց, թե Գագիկ Ծառուկյանը Հայաստանում չէ, եւ այդ հարցը կքննարկեն միայն վերջինիս վերադարձից հետո:

 

 

ԽԱԲԵԼ ԵՆ
ԱԺ պատգամավոր Աշոտ Արսենյանին պատկանող «Ջերմուկ գրուպ» ՓԲԸ-ին խաբելու գործընթացը շարունակվում է: Պատգամավորին պատկանող ընկերությունն իրեն հասանելիք գումարները ստանալու համար ընկել է դատարանի դռները: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ 2018 թվականի հունվարի 18-ին «Ջերմուկ գրուպ» ՓԲԸ-ն դիմել է Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ ընդդեմ «Քաֆեվի» ՍՊԸ -ի՝ պահանջելով ՍՊԸ-ից գանձել 120 հազար դրամ: Ամենայն հավանականությամբ Ջերմուկի Արսենյանի ընկերությունը «Քաֆեվի» ՍՊԸ-ին վաճառել է իր արտադրանքը, բայց գումարն այդպես էլ չի կարողանում ստանալ: Համաձայնեք՝ ծիծաղելի է, որ «Ջերմուկ գրուպ» ընկերության նման մեծ գործարանն անգամ այդ գումարն է դատարանով փորձում վերադարձնել:

 

 

ԷԼԻ ԿՈՐՈՒՍՏ
Գեղարքունիքի մարզի Մադինա համայնքում երեկ 10 օրական տղա երեխա է մահացել: Առավոտյան ծնողները երեխայի մարմինը գտել էին սառած վիճակում: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Մադինա համայնքի ղեկավար Վրեժ Սարգսյանն ասաց, որ նորածինը ընտանիքի երրորդ երեխան էր: «Ժամը 05:00-ի սահմաններում ծնողներն արթնացել են եւ տեսել, որ երեխան սառած է: Ես իրենց տանը եղել եմ, ծնողներից հարցրել եմ, երեխան առողջական խնդիրներ չի ունեցել, առողջ է եղել»,- ասաց նա: Համայնքի ղեկավարի խոսքով` այդ ընտանիքում սա երկրորդ երեխայի կորուստն էր: «Մեկ տարի առաջ էլ իրենց 1 տարեկան տղա երեխան մահացավ: Նա էլ հանկարծամահ էր եղել: Գիշերը նորմալ քնել էր, առավոտյան մահացած էր եղել»:




Լրահոս