ՋՐԱՄԲԱՐՆԵՐԻ ԴԱՏԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ ՎՏԱՆԳ` ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում այս տարվա տաք ձմեռը եւ եղանակային չոր պայմանները խիստ մտահոգություն են առաջացրել ոչ միայն մասնագետների, այլեւ Արարատյան դաշտավայրի գյուղացիների մոտ: Բանն այն է, որ տեղումների բացակայության հետեւանքով ՀՀ-ում ջրամբարները այդպես էլ չեն լցվել, իսկ չլցվելու արդյունքում գյուղացիները ոռոգման սեզոնին կանգնելու են լուրջ խնդրի առաջ:

Ըստ ՀՀ ջրային տնտեսության պետական կոմիտեի` Հայաստանի 11 խոշոր ջրամբարներում քիչ ջուր է կուտակված. մոտ 200 մլն խ/մ` 280 մլն խ/մ-ի դիմաց: Ջրպետկոմի մասնագետների տվյալներով` վերջին տարիներին նման տարբերություն չի գրանցվել: Նրանք հույս ունեն, որ առաջիկա մեկ-երկու ամիսների ընթացքում ձյան տեսքով տեղումների դեպքում ոռոգման կայունությունը կապահովվի: Բայց ըստ որոշ մասնագետների` 80 մլն խ/մ-ի դեֆիցիտը հնարավոր է առատ անձրեւների շնորհիվ մեղմել: Իսկ ջրային տնտեսության պետական կոմիտեն դեռ չի շտապում կանխատեսումներ անել, քանի որ առջեւում մի քանի ամիս կա:
ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Աշոտ Հարությունյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում շտապեց տեղեկացնել, որ այս պահի դրությամբ եղանակային չոր պայմանները վնաս չեն հասցրել գյուղատնտեսության ոլորտին: «Այս պահի դրությամբ օգուտից բացի վնաս չունենք: Բայց լավ կլինի, որ ջերմաստիճանը նվազի, բողբոջները պետք է չբացվեն, քանի որ մեր օրացուցային գարունը շատ հեռու է: Թող մի քիչ ջերմաստիճանը իջնի, իհարկե, սառնամանիք չլինի, բայց մինուս լինի, որ մենք նորմալ գնանք դեպի օրացուցային գարուն: Հետագայում ուշ գարնանային ցրտահարությունները կարող են ռիսկային լինել: Մեզ պետք է, որ նորմալ ձմեռ ունենանք»,- բացատրեց մասնագետը:
Ապա անկեղծացավ` նշելով, որ մտահոգություն կա ոռոգման ջրի մասով: Գյուղատնտեսության նախարարության մասնագետներին եւս մտահոգում է ջրամբարների չլցվելը: «Բայց այս պահի դրությամբ վաղ է խոսելը, որովհետեւ դիմացը բավականին ժամանակ կա: Այսինքն` հանրապետությունում մի քանի օր անընդմեջ տեղումների դեպքում արդեն այս հարցը դուրս կգա օրակարգից: Ճիշտ է` մտահոգություն կա, բայց դեռ ժամանակ ունենք, չէ՞ որ բնություն է… հնարավոր է` 3-4 օր շարունակ ձյուն գա: Ժամանակ ունենք ջրամբարները լցվելու հետ կապված»,- նկատեց փոխնախարարը: Նա մեզ հետ զրույցում հիշեց, որ 2015 թվականին տաք ձմեռ ենք ունեցել: Ապա հուսադրեց` նշելով, որ այդ տարին գյուղատնտեսական առումով շատ բերքառատ է եղել:
ՀՀ Արմավիրի մարզի Հովտամեջի գյուղացիները խիստ անհանգստացած են, քանի որ չգիտեն` հողագործության եռուն շրջանում հնարավոր է` մնան առանց ջրի: Հովտամեջցիների նման մտահոգված են նաեւ շենիկցիները, Մայիսյան, Մրգաշատ գյուղերի բնակիչները:
Հովտամեջի գյուղապետ Արմեն Սարգսյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում կանխատեսեց, որ այս տարի ոռոգման ջրի հետ կապված խնդիր լինելու է: «Ես չգիտեմ, թե որքանով են հիմա ջրամբարները լցված, կհասցնեն արդյո՞ք դրանք լցվել, բայց այն, որ արտեզյան հորերի մեջ ջուր չկա, դա հաստատ է: Չէ՞ որ մարդիկ իրենց հողերը արտեզյան հորերով են ջրում: Ամբողջ խնդիրը դա է: Այսօր կարեւոր չէ կարտոֆիլի սերմը հողի մեջ գցելը, լավ, ծառը էտեցինք, հետո՞, եթե չես կարող այն ջրել, ի՞նչ: Եթե այսպես չորային սկսվեց տարին, գյուղացու համար լավ չէ»,- տխուր ձայնով նկատեց գյուղապետը:
Բայց ջրպետկոմից շտապում են փոխանցել, որ նախապատրաստական աշխատանքներ են իրականացնում դեֆիցիտը այլընտրանքային ջրաղբյուրների հաշվին լրացնելու ուղղությամբ:
Հիշենք, որ անցած տարի գյուղացու համար ոռոգման ջրի առումով եւս բարեհաջող չէր: Արմավիր եւ Արարատ մարզերի հարյուրավոր գյուղացիներ բողոքի ակցիաներ անցկացրին, անգամ ճանապարհներ փակեցին` պահանջելով լուծել իրենց ոռոգման ջրի հարցը: Իսկ պատկան կառույցը` ջրային տնտեսության պետական կոմիտեն, միայն բավարարվում էր` հայտարարելով, որ երաշտի տարի է: Ինչ երաշխիք, որ այս տարի եւս այս գերատեսչությունը ամեն ինչ չի գցի բնության, եղանակային պայմանների վրա եւ մատը մատին չի խփի:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

ՊԱՏՎԱՍՏՈՒՄՆԵՐ
2017թ. դեկտեմբերի 11-ից պապիլոմավիրուսային վարակի դեմ (ՄՊՎ) մինչ օրս պատվաստվել է 176 աղջիկ, որոնց մոտ չի դիտվել հետպատվաստումային որեւէ ռեակցիա, նույնիսկ ներարկման տեղի ցավ: Միայն ժամանակին եւ լիարժեք իրականացված պատվաստումները կարող են կանխել հիվանդություններն ու դրանց հետեւանքով առաջացած բարդությունները: ՀՀ առողջապահության նախարարությունը հորդորում է ժամանակին կատարել պատվաստումների ազգային օրացույցով նախատեսված բոլոր պատվաստումները, այդ թվում` պապիլոմավիրուսային վարակի դեմ: Այն կանխարգելում է արգանդի պարանոցի քաղցկեղը: Պատվաստումները վարակիչ հիվանդությունների կանխարգելման միակ անվտանգ եւ արդյունավետ միջոցն են: Դրա վառ ապացույցը Հայաստանում կարմրուկի դեպքերի բացակայությունն է` պատվաստումներում բնակչության բարձր ընդգրկվածության շնորհիվ: Ներկայումս եվրոպական տարածաշրջանում դիտվում է կարմրուկի համաճարակային իրավիճակի վատթարացում: Կարմրուկի դեպքեր գրանցվում են Ուկրաինայի ողջ տարածքում, այդ թվում՝ Կիեւում եւ Օդեսայում:

 

 

ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻ ՎԻՃԱԿԸ
Այսօր գիշերը Սյունիքում եւ Արցախում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, առանձին վայրերում` քամու ուժգնացում: Հունվարի 21-23-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Փակ է Վարդենյաց լեռնանցքը: Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը: Կոտայքի մարզում եւ Ապարան-Ծիլքար ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց: Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: Ի դեպ, ռուսական կողմում կա կուտակված 124 բեռնատար: ՀՀ ԱԻՆ-ը բոլոր վարորդներին հորդորում է մարզեր երթեւեկել բացառապես ձմեռային անվադողերով:




Լրահոս