ՄԱԿՐՈՆԸ` ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԱՌԱՋԱՏԱՐՈՒԹՅԱՆ ՍԱՆԴՈՒՂՔԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նախորդ շաբաթ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը այցելեց Միացյալ Թագավորություն` վարչապետ Թերեզա Մեյի հետ անձամբ քննարկելու Եվրամիությունը լքելու գործընթացի մանրամասները: Շուրջ մեկ տարուց ավելի ՄԹ-ԵՄ հարաբերությունները միանշանակ չէին` զբաղված բանակցությունների իմիտացիայով: Միայն մեկ ամիս առաջ Բրյուսելում Մեյը ստիպված եղավ ընդառաջել ԵՄ-ի պահանջներին` միությունը լքելու գործընթացը փափուկ անցկացնելու մղումով: Այժմ էլ Ֆրանսիայի նախագահն է ուղեւորվել Լոնդոն` երաշխավորելու փափուկ Բրեքզիթը եւ սահմանելու ֆրանս-բրիտանական հարաբերությունների ապագան:

Վերլուծաբանները գրեթե միակարծիք էին, որ Ֆրանսիայի նախագահի այցելությունը առաջին հերթին միտված էր երկու պետությունների հարաբերությունների ապագան որոշելուն: Հանդիպումներն ու քննարկումները դիտելով իբրեւ «ճանապարհային քարտեզի» մշակման քայլեր` երկու պետությունների ղեկավարներն էլ կարծես կենտրոնացել են անվտանգության հարցերի վրա: Հրավիրված անվտանգության գագաթնաժողովին, որին մասնակցում էին երկու երկրների ղեկավարները, Մեյը նկատել է, որ Ֆրանսիան ու Միացյալ Թագավորությունը հավատարիմ են լինելու միասնական պաշտպանական համակարգի կայացմանը` զուգորդված ժողովրդավարական արժեքների հանդեպ նվիրվածությանը: Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ Ֆրանսիան կօժանդակի Միացյալ Թագավորության ռազմական օպերացիաներին Էստոնիայում, իսկ ՄԹ-ը` Ֆրանսիայի միջոցառումներին` Աֆրիկայում: Այդ համատեքստում էլ բարձրանում է Եվրամիությունից ՄԹ-ի դուրս գալու հարցը, որին, ըստ մասնագետների, այնքան էլ մեծ կարեւորություն չի տրվել Ֆրանսիայի նախագահի այցի շրջանակներում: Հաշվի առնելով Մակրոնի բնույթը, որը, ի հեճուկս ԵՄ-ի այլ առաջնորդների, հարգում է պաշտոնական գործառույթների բաժանման ինստիտուտը, հազիվ թե առաջնորդները երկար խոսեին Բրեքզիթի մասին: Կարծիք կա, որ Մակրոնը չի ցանկացել խառնվել ՄԹ-ԵՄ հարաբերություններին` դրանք թողնելով Միշել Բարնիեի հոգածությանը, որը ՄԹ-ի հետ ԵՄ-ի գլխավոր բանակցողն է: Սակայն դրանով հանդերձ` փակ զրույցներին հետեւած մամուլի ասուլիսի ժամանակ պարզ դարձավ, որ Բրեքզիթի թեման քննարկվել է: Մակրոնն անգամ այդ կապակցությամբ հայտարարեց, որ Միացյալ Թագավորությունը բոլոր հնարավորություններն ունի` ԵՄ-ի հետ լավագույն համաձայնագրի կնքմանը հասնելու համար, եթե նախ ընդունի միության նախապայմանները: Ըստ նրա` կարելի է յուրահատուկ լուծում գտնել, սակայն միասնական շուկայի մասին խոսելն անիրատեսական է առանց ԵՄ-ի կանոններն ընդունելու: Ֆրանսիայի նախագահի համոզմամբ` Միացյալ Թագավորությունը նախ պետք է պարտավորվի ապահովել ԵՄ-ի բյուջետային վճարումները:
Միացյալ Թագավորության Բրեքզիթի հարցերով քարտուղար Դեյվիդ Դեյվիսը հայտարարել էր, որ ՄԹ-ը ցանկանում է ԵՄ-ի հետ համաձայնության հասնել հատուկ պայմաններով` միության շուկայի արտոնյալ օգտագործման հնարավորությամբ: ՄԹ-ը մտմտում է Կանադայի հետ ԵՄ-ի համաձայնագրի պես մի բան ստանալ` պայմանականորեն այն անվանելով «Կանադա+++»: Սակայն բրիտանացիների ախորժակը արդեն իսկ հասցրել է փակվել ԵՄ-ի պաշտոնյաների անդադար ջանքերով, որոնք միաբերան պնդում են, որ ՄԹ-ը չի ստանա սեփական կամայական ընտրությամբ միության հսկայածավալ շուկայի լավագույն հնարավորություններից օգտվելու հնարավորություն: Բրիտանացիների հույսերը մարել է նաեւ Մակրոնը` հայտարարելով, որ դա է տարբերությունը միասնական շուկայի անդամ լինելու ու դրա հետ սոսկ առեւտրային համաձայնագրով կապված լինելու միջեւ: Ֆրանսիայի նախագահը, փաստորեն, առիթը բաց չի թողել կծու խոսքերով հակադարձելու ՄԹ պաշտոնյաներին` ակնարկելով միությունը լքելու նրանց քաղաքականության սխալականությունը: Նախօրեին BBC-ին տված հարցազրույցում Մակրոնն արդեն բացեիբաց հայտարարեց, որ հիմնովին սխալ էր Բրեքզիթի հանրաքվեի դրված «այո կամ ոչ» հարցը: Ըստ նրա` ամենայն հավանականությամբ ֆրանսիացի ընտրողներն էլ նույն ընտրությունը կկատարեին, եթե այդպիսի բարդ հարցի շուրջ նույնպիսի պարզամիտ ձեւակերպմամբ նրանց առաջադրվեր «այո-ոչ»-ի ընտրանքը: Նա նկատել է, որ նախ պետք էր քաղաքացիներին հարցնել, թե որ հարցերն են առավել սուր դրված Միության հետ հարաբերություններում ու ներկայացնել հանրությանը բարելավմանն ուղղված գործողությունների կոնկրետ ծրագիր: Նա համարում է, որ «այո-ոչ» ընտրանքով քաղաքական էլիտան ռիսկի է գնացել` իրականում բարդ խնդիրը անհարկիորեն պարզեցնելով: Ըստ նախագահի դիտարկման` Եվրամիության հետ հարաբերություններում ՄԹ-ը չի կարող ակնկալել ավելի խորը համագործակցություն, քանզի այդպիսի հարաբերություններ ենթադրում է միայն անդամությունը: Կրկին խայթելու առիթից օգտվելով` Մակրոնը հավելել է, որ հանրաքվեից առաջ պետք էր մարդկանց հետ ազնիվ լինել ու բացատրել իսկությունը: Այդուհանդերձ Մակրոնը նշել է, որ ուրախ կլիներ, եթե Միացյալ Թագավորությունը վերանայեր ԵՄ-ն լքելու որոշումը եւ կրկին վերադառնար համագործակցությանը միության ներսում:
Միացյալ Թագավորություն կատարած այցելությամբ եւ թույլ տված սխալների մասին անկաշկանդ խոսելու իր կարողությամբ Մակրոնը հերթական քայլը կատարեց արեւմտյան ժողովրդավարության առաջնորդի կարգավիճակին բազմելու ուղղությամբ: Նա խոհեմաբար փորձում է նախանշել ֆրանս-բրիտանական հարաբերությունների ապագան, եթե հանկարծ Բրեքզիթը վերջնական իրողություն դառնա: Իսկ ՄԹ-ի հետ Ֆրանսիայի հարաբերությունները չափազանց կարեւոր են թե՛ տարածաշրջանային, թե՛ աշխարհաքաղաքական զարգացումների առումով: Ազատ աշխարհի ավանդական առաջնորդ ԱՄՆ-ի ինքնամեկուսացումից օգտվելով` Ֆրանսիայի նախագահը քայլ առ քայլ վերականգնում է իր պետության աշխարհաքաղաքական դերակատարությունը: Հայաստանի իշխանությանը, արդ, մնում է հաշվի նստել այս միտումների հետ` առաջիկա հոկտեմբերին Մակրոնի երեւանյան այցը փորձելով օգտագործել ի նպաստ Հայաստանի, այլ ոչ թե սեփական շահերի:

Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ

 

 

 

ՀՀ 4-ՐԴ ՆԱԽԱԳԱՀԻ ԹԵԿՆԱԾՈՒՆ ԳՅՈՒՂԱՑԻՆԵՐԻՆ ՉԻ ՀԵՏԱՔՐՔՐՈՒՄ

Հայաստանի 4-րդ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանի մասին մի շարք ՀՀԿ-ական գյուղապետեր տեղեկացել են հեռուստատեսությունից:

ՀՀ Արագածոտնի մարզի Վերին Սասունիկի գյուղապետ Սամվել Բաղդասարյանը, «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում անդրադառնալով Արմեն Սարգսյանի թեկնածությանը, հայտարարեց, որ գյուղի բնակիչները դեռ չեն շտապում քննարկել նոր թեկնածուին: «Գյուղացիները նոր են փորձում ծանոթանալ: Կարելի է ասել` մարդկանց չի հետաքրքրում, իրենք իրենց հոգսերով են ընկած: Ես անձնապես չեմ ճանաչում, չգիտեմ` ով է, բայց եթե ամբողջ ֆրակցիան ներկայացրել է, ուրեմն մարդը արժանիքներ ունի»,- անկեղծացավ գյուղապետը` նշելով, որ այս մասին ինքը իմացել է հեռուստատեսությունից:
ՀՀ 4-րդ նախագահի մասին հեռուստատեսությամբ լսել եւ տեղեկացել է նաեւ Արագածոտնի մարզի Անատառուտի գյուղապետ Հովիկ Զաքարյանը. «Իր գործունեությանը ծանոթ չեմ, ոչինչ չեմ կարող ասել: Ճիշտ է` ժամանակին որպես վարչապետ աշխատել է, բայց դա շատ կարճ ժամանակահատված է: Չեմ շտապում ասել, որ կարդարացնի մեր հույսերը»: Նույն կարգավիճակում է նաեւ ՀՀ Սյունիքի մարզի Տաթեւի գյուղապետ Մուրադ Սիմոնյանը: «Երեք օրվա մեջ դեռ չեմ կողմնորոշվել` ով է: Հետո ինքը միակ թեկնածուն է, ինչ կարծիք ասեմ: Ինձ նախապես չեն ասել, որ նման անձի թեկնածություն է լինելու: Ես հեռուստատեսությամբ եմ տեղեկացել այս մասին: Լուրերից իմացա, որ նման առաջարկ է եղել, ու նման թեկնածու ունենք»,- նկատեց Տաթեւի գյուղապետը:
Իսկ ահա ՀՀ Շիրակի մարզի Հովտաշենի դաշնակցական գյուղապետ Սեյրան Փիլոսյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում անկեղծացավ` նշելով. «Ցավդ տանեմ, ինչ գիտենք իր մասին, որ մի բան էլ գնահատական տանք: Ժողովրդի մոտ հարցեր է առաջանում` որտեղից է եկել, ինչի իրեն բերեցին: Հեռուստատեսությամբ տեսնելուց հետո մեկը մեկին ասում է` խելացի մարդ է: Հեռուստատեսությամբ էլ ասում են, որ ինքը յանի լավ մարդ է: Ասեմ Ձեզ, մեր գյուղացիները շատ չգիտեն չորրորդ նախագահին… էս փոփոխությունները նրանց այդքան էլ չեն հետաքրքրում»:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

 

ԳՈՐԾԱԶՐԿՈՒԹՅԱՆ ԹՎԵՐ ԵՎ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Տավուշի մարզպետարանից հայտնում են, որ ըստ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության զբաղվածության պետական գործակալության Իջեւանի, Դիլիջանի, Բերդի եւ Նոյեմբերյանի զբաղվածության տարածքային կենտրոնների կողմից ստացված տեղեկատվության` 2018թ. հունվարի 1-ի դրությամբ Տավուշի մարզում հաշվառված է 5282 աշխատանք փնտրող անձ (Իջեւանում` 1979, Դիլիջանում` 1808, Բերդում` 618, Նոյեմբերյանում` 877): Զբաղվածության տարածքային կենտրոնների եւ մարզպետարանի աշխատակազմի կողմից գործատուների հետ տարված աշխատանքների արդյունքում նրանցից 499-ը տեղավորվել են աշխատանքի: Հաշվառվածներից 65-ը աշխատանք փնտրող հաշմանդամներ են: Տավուշի մարզում հաշվառված է 4524 գործազուրկ, որից 2856-ը կանայք են: 124 հազար բնակիչ ունեցող Տավուշի մարզում իրականում աշխատանք փնտրողների եւ գործազուրկների թիվն ավելի մեծ է, աշխատանք չունեցող շատերը որպես աշխատանք փնտրող կամ գործազուրկ չեն գրանցվում, որովհետեւ անիմաստ են համարում պետության միջոցով աշխատանք գտնելը: Նշենք, որ Տավուշի մարզում անգամ հավաքարարի աշխատանք առանց ծանոթի եւ միջնորդության չեն գտնում: Զբաղվածության տարածքային կենտրոնների կողմից պարբերաբար կազմակերպվող աշխատանքի տոնավաճառները իրենց նպատակին չեն հասնում, քանզի մարզում մեծամասամբ սրճարանների, ճաշարանների մատուցողների եւ հացի փռերում հացթուխների թափուր աշխատատեղեր կան: Գործատուներն էլ այդ աշխատանքների համար շատ քիչ են վճարում:

 

 

ՍԱՌՆԱՐԱՆՆԵՐԸ ԴԱՏԱՐԿ ԵՆ
Տարիներ առաջ Դեբեդի հովտի բնակավայրերում մրգի սառնարաններ են ստեղծվել, որոնցում պետք է պահպանվեր եւ ձմռան սեզոնին թանկ վաճառվեր Դեբեդի հովտում աճեցված միրգը: Արճիս գյուղում առկա է 350 տոննա տարողությամբ սառնարան, որը ստեղծվել է ՀՅԴ-ի աջակցությամբ, ըստ արճիսցիների` այն հանդիսանում է նախկին գյուղնախարար, այժմ տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Դավիթ Լոքյանի սեփականությունը: Այն մինչեւ քսան աստիճան սառնություն է ապահովում եւ նախատեսված է մրգի երկարատեւ պահպանման համար եւ հիմա դատարկ է: 10 տոննա տարողությամբ երկու սառնարան ունի «Միրգ» ՍՊԸ տնօրեն, Այրումի նախկին քաղաքապետ Ռուսլան Անտոնյանը: Նա ասաց, որ իր սառնարանները մրգի երկարատեւ սառեցում չեն ապահովում, այլ պահպանություն: Նրա տեղեկացմամբ` սառնարանում դեղձ պահպանելը տնտեսապես ձեռնտու չէ: Նախատեսվում էր սառնարանում արքայանարինջ /կարալյոկ/ պահպանել, սակայն դա էլ ձեռնտու չէ, գնորդ չկա: Հիմա ՌԴ-ում արքայանարնջի 1 կգ 35 ռուբլի է, որը համարժեք է 190 դրամին: Ռուսական շուկայում գերիշխող է Մոլդովայից, Ղրիմից, Ադրբեջանից եւ Կրասնոդարից առաքված արքայանարինջը, որը հայկականից էժան է: Այրումում գտնվող «Միրգ» ՍՊԸ-ն արտադրում է մրգի պահածոներ, որն այժմ պարապուրդի է մատնված: Ռ. Անտոնյանն ասաց, որ արտերկրում գնորդներ են որոնում, որպեսզի կարողանան պահածո առաքել:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս