ՀՈՒՆՎԱՐԻ 25-ԻՑ ՆՈՐ ԴԱՏԱՐԱՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է` դատական նոր օրենսգրքի նախագծի համաձայն` Երեւանի վարչական շրջաններում գործող ընդհանուր իրավասության յոթ դատարանների փոխարեն կկազմավորվի մեկը՝ Երեւանի ընդհանուր իրավասության դատարան, որն իր կազմում կունենա մեկ դատարանի նախագահ եւ 65 դատավոր: Սա նշանակում է, որ Հայաստանի դատական համակարգում կձեւավորվի մի մարմին, որն իր ազդեցությամբ գրեթե հավասարազոր կլինի ՀՀ վարչական դատարաններին:

Բացելով դատարանի դռները
Սերժ Սարգսյանն արդեն ստորագրել է ԱԺ-ի կողմից ընդունված Դատական օրենսգիրքը: Այն ուժի մեջ կմտնի հունվարի 25-ից` պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Ասել Է, թե հունվարի 25-ից դատավորները, բացելով դատարանի դռները, միանգամայն այլ դատարան են մուտք գործելու: Ըստ այդմ, դատական օրենսգրքի 7-րդ հոդվածի համաձայն` օրենքն ուժի մեջ մտնելու օրվանից Երեւան քաղաքի վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանները շարունակում են գործել որպես Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան, իսկ դատարանների նախագահները եւ դատավորները շարունակում են պաշտոնավարել Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի պաշտոնում եւ շարունակում են քննել իրենց վարույթներում եղած գործերը:
Նշենք, որ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի նախագահը նշանակվում է Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավորների թվակազմից:
Հաշվի առնելով, որ օրենքը հունվարի 25-ից ուժի մեջ է մտնում, ՀՀ վճառաբեկ դատարանի նախագահն օրենքով սահմանված կարգով պետք է Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար նշանակի, իսկ նախագահի հիմնական ընտրությունը տեղի կունենա մայիսին:
Ահա այստեղից էլ սկսվում է «կռիվ կինոն», թե ով կնշանակվի Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ:
Ո՞վ է նա
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի նախագահի պաշտոնի շուրջ դատական համակարգում խժդժությունները սկսել են: Դատական համակարգում երիտասարդ դատավորների եւ հնաբնակ դատավորների կարծիքները բախվում են: Մեզ հասած լուրերի համաձայն` ՀՀ Վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանն ամեն ինչ անում է, որ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ նշանակվի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Ռուբեն Վարդազարյանը: Ավելին` լուրեր կան, որ Կենտրոնի դատարանի նախագահ Ռուբեն Վարդազարյանը կնշանակվի ժամանակավոր պաշտոնակատար, որից հետո էլ նրան կնշանակեն նախագահ:
Սակայն Ռուբեն Վարդազարյանի նշանակման մասով դատական համակարգում կարծիքները կիսվել են: Բանն այն է, որ դատական համակարգի հնաբնակները որեւէ առարկություն չունեն նրա թեկնածության մասով, սակայն երիտասարդ դատավորները այլ թեկնածուի են առաջ քաշում եւ ամեն ինչ անում են, որ մայիս ամսին Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի նախագահի պաշտոնում նշանակվի միայն ոչ Վարդազարյանը: Պատրաստ են անգամ ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանին տեսնել այդ պաշտոնում: Ի դեպ, ըստ մեզ հասած լուրերի` Դավիթ Հարությունյանը եւս դեմ չէ դատական համակարգի ներկայացուցիչների ցանկությանը: Միայն թե հայտնի չէ՝ ինչպես կզարգանան իրադարձությունները, մանավանդ, որ նախարարի պաշտոնում Հարությունյանն իրեն լավ է զգում:
Կենտրոնի նախագահը՝
իր նշանակման մասին
«Ժողովուրդ» օրաթերթն այս տեղեկությունների մասին զրուցեց Կենտրոն եւ Նորք-Մարաշ Վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Ռուբեն Վարդազարյանի հետ:
-Պարո՛ն Վարդազարյան, հունվարի 25-ից այլ դատական համակարգ ենք ունենալու` Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան, որի ժամանակավոր պաշտոնակատարը, ըստ մեզ հասած տեղեկությունների, Դուք եք լինելու: Տեղեկություններ կան, որ Արման Մկրտումյանը ամեն ինչ անում է, որ Դուք նշանակվեք այս պաշտոնում:
-Ես նման տեղեկություն չունեմ:
-Ձեզ նման առաջարկ Արման Մկրտումյանը չի՞ արել:
-Չէ՛, նման խոսակցություն չի եղել մեր մեջ:
-Իսկ եթե առաջարկեն, կցանկանա՞ք ժամանակավոր պաշտոնակատար լինել:
-Դժվարանում եմ ասել` կուզենամ, թե ոչ, իրոք, դժվարանում եմ:
-Ինչո՞ւ, ի՞նչ դժվար բան կա: Ի՞նչն է խանգարում ասել այո կամ ոչ:
-Ահռելի պատասխանատվությունը: Ճիշտ հասկացեք` ոչ թե պատասխանատվությունից եմ խուսափում, այլ գտնում եմ, որ ահռելի է, անհամաչափ է պատասխանատվությունը:
-Տեղեկություններ կան, որ երիտասարդ դատավորներն այս պաշտոնում այլ անձի են տեսնում՝ ի դեմս ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանի: Ի՞նչ կասեք այս մասին:
-Առաջին անգամ եմ լսում այս մասին եւ այն էլ Ձեզանից:
-Իսկ Դուք ո՞ւմ եք տեսնում այդ պաշտոնում, ունե՞ք Ձեր նախընտրելի թեկնածուն:
-Դժվարանում եմ անուն տալ, քանի որ չեմ պատկերացնում, թե ինչպես կարելի է այդքան մեծ ծավալով պատասխանատվություն դնել մի մարդու վրա:
«Ժողովուրդ» օրաթերթը նաեւ մեկնաբանության համար դիմեց ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանին, ինչին ի պատասխան` ՀՀ արդարադատության նախարարության լրատվական վարչությունից տեղեկացրին, որ տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 

ՄԻՊ-Ը ՆՈՐ ԶԵԿՈՒՅՑ Է ԿԱԶՄՈՒՄ
Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպության տվյալների համաձայն` Հայաստանը 2017 թվականին մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում գրանցել է մի շարք հաջողություններ, սակայն եղել էին բացթողումները: Ըստ Human Rights Watch-ի իրավապաշտպանների` 2017 թվականին Հայաստանում տեղի ունեցած ընտրությունները լիարժեք ժողովրդավարական գործընթացի ապահովման բացթողնված հնարավորություն են: Զեկույցում մասնավորապես անդրադառնում են Հայաստանում խորհրդարանական եւ ավագանու ընտրությունների ընթացքում տեղի ունեցած ընտրախախտումներին, մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող անձանց նկատմամբ հետապնդումներին, իրավապահ մարմինների աշխատակիցներին չարաշահումների համար պատասխանատվության չենթարկելուն եւ այլն:
«Ժողովուրդ» օրաթերթը Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանից էր փորձել պարզել, թե ինչն էր խանգարել նրան բարձրաձայնել նշված խնդիրների մասին: Ի պատասխան` ՄԻՊ գրասենյակից հայտնեցին. «Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպության արձանագրած խնդիրները Հայաստանում մարդու իրավունքների վիճակի, այդ թվում` խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ, արձանագրվել են նաեւ Մարդու իրավունքների պաշտպանի կողմից: Օրենքի պահանջի համաձայն` ներկայումս կազմվում է նախորդ տարվա վերաբերյալ տարեկան հաղորդումը, որտեղ կամփոփվեն Մարդու իրավունքների պաշտպանի գնահատականները: Ընդհանրապես Human Rights Watch կազմակերպությունը զեկույց հրապարակելիս ուսումնասիրում է նաեւ Մարդու իրավունքների պաշտպանի գնահատականներն այս կամ այն թեմայի վերաբերյալ, որոնք կարող են ներկայացվել թե՛ հրապարակայնորեն, թե՛ նրանց հետ հանդիպումների ընթացքում: Ձեր վկայակոչած ձեւակերպումը Human Rights Watch կազմակերպության զեկույցի տեքստում առկա չէ: Խորհրդարանական ընտրությունների օրերին Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն աշխատել է շուրջօրյա ռեժիմով` արագ արձագանքման եւ հատուկ ստեղծված աշխատանքային խմբի միջոցով: Արձանագրված բոլոր խնդիրները ներկայացվել են հրապարակային հայտարարություններով (լրագրողի աշխատանքի խոչընդոտում, քվեարկության գաղտնիության իրավունքի սահմանափակում եւ այլն): Այդ խնդիրները ներկայացվել են նաեւ միջազգային կառույցներին»:

 

 

ՄԻԵԴ-Ը ՎԱՐՈՒՅԹ Է ԸՆԴՈՒՆԵԼ
ՄԻԵԴ-ը վարույթ է ընդունել Հայկ Կյուրեղյանին բաժնում ծեծի ենթարկելու գործով գանգատը: Վերջինիս փաստաբան Երվանդ Վարոսյանի խոսքով` հայցը ներկայացրել էին փաստաբաններ Լուսինե Սահակյանն ու Վահե Գրիգորյանը: Նրանք բողոքը ներկայացրել են Եվրոպական կոնվենցիայի 3-րդ հոդվածի խախտման հիմքով: Հիշեցնենք, որ 2014թ. հունիսի 12-ին Շանթ Հարությունյանի եւ մյուսների դատաքննությունից առաջ Կյուրեղյանը բարձրացել էր մեքենայի տանիքին եւ կրակոցներ արձակել օդամղիչ ատրճանակից: Կյուրեղյանը պնդում էր, որ ձերբակալությունից հետո ոստիկանները ծեծի են ենթարկել իրեն մեքենայում, ապա ոստիկանության բաժնում:

 

ԴԱՏԱՐԱՆՈՒՄ Է
2017թ. նոյեմբերի 1-ին Մեղրիի մաքսակետում կանխվել էր առանձնապես խոշոր չափի` շուրջ 105 կիլոգրամ հերոին տեսակի թմրանյութի ներկրումը Հայաստան: Ռենտգեն զննության էր ենթարկվել Իրանից ՀՀ ժամանած Թուրքիայի քաղաքացի Ֆերդի Օզդեմիրիի վարած, «DAF» մակնիշի սառնարանային բեռնատարը, որն այնուհետեւ մաքսային ուժեղացված հսկողության պայմաններում ուղեկցվել է Երեւան` մաքսային պահեստ, եւ կատարվել է մանրակրկիտ զննում: Բեռնախցիկում նախապես պատրաստված թաքստոցից հայտնաբերվել էր 105 կգ հերոին: Երեկ ArmLur.am-ը տեղեկացել է, որ վերոհիշյալ գործը մտել է դատարան: Ֆերդի Օզդեմիրին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, վրացական «Օմեր Տրանսպորտ» կազմակերպությունում զբաղվելով միջազգային բեռնափոխադրումներով, նշված կազմակերպության անվամբ հաշվառված եւ իր կողմից շահագործվող բեռնատարով 2017թ. հուլիսի 9-ին Մեղրիի մաքսակետով մաքսանենգությամբ` թաքցնելով մաքսային հսկողությունից, նշված թմրամիջոցն ապօրինի տեղափոխել է ՀՀ պետական սահմանով: Այս գործը քննվելու է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում:

 

 

ՊԵՏՔ Է ՎԵՐԱՈՐԱԿՎԻ
Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում երեկ Արմավիրի մարզպետի խորհրդական Մանուկ Սիմոնյանի սպանության գործով մեղադրյալ կինը հայտարարել է, որ իրեն առաջադրված մեղադրանքում մեղավոր չի ճանաչում: Ամբաստանյալ Ռուզաննա Մկրտչյանի շահերի պաշտպան Նաիրա Պետրոսյանը կրկնակի դատահոգեբանական փորձաքննություն նշանակելու մասին միջնորդություն է ներկայացրել: Նա նշել է, որ իր պաշտպանյալը ամուսնու` Մանուկ Սիմոնյանի կողմից տարիներ շարունակ նվաստացուցիչ վերաբերմունքի է արժանացել: Պաշտպանյալը սպանության պահին աֆեկտի վիճակում է եղել, եւ նրան առաջադրված մեղադրանքը պետք է վերաորակվի: Նիստին ներկա էր Մանուկ Սիմոնյանի եւ Ռուզաննա Մկրտչյանի որդին` Նորիկ Սիմոնյանը, որը քրեական գործով որպես վկա է ճանաչվել: Մեղադրողը դատարանից ժամանակ է խնդրել` միջնորդության վերաբերյալ դիրքորոշում հայտնելու համար: Դատարանը նիստը հետաձգեց մինչեւ փետրվարի 16-ը: Հիշեցնենք, որ Ռ. Մկրտչյանը մեղադրվում է ամուսնուն` Մանուկ Սիմոնյանին սպանելու մեջ:




Լրահոս