ԻՆՉՊԵՍ ԵՆ ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱՅՈՒՄ ԱՐՁԱԳԱՆՔԵԼ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԹԵԿՆԱԾՈՒԹՅԱՆԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ նախագահի պաշտոնում Արմեն Սարգսյանի ընտրվելը կարող է դրական ազդել հայ-բրիտանական հարաբերությունների վրա: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նման համոզմունք հայտնեց Բրիտանահայ համայնքային եւ եկեղեցական խորհրդի ատենապետ Արա Փալամուդյանը:

«Ժողովուրդ» օրաթերթը փորձեց պարզել՝ ինչպես են Մեծ Բրիտանիայում արձագանքել Արմեն Սարգսյանի թեկնածությանը:
-Պարո՛ն Փալամուդյան, Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը ՀՀ չորրորդ նախագահի պաշտոնի համար Հայաստանի իշխանական կուսակցության թեկնածուն է: Ինչպիսի՞ համագործակցություն է եղել այս ընթացքում:
-Արմեն Սարգսյանին շատ երկար ժամանակ է՝ ինչ ճանաչում եմ: 1992 թվականից սկսած արդեն երեք անգամ դեսպան է եղել: Կարող եմ ասել, որ այստեղ սիրված անձնավորություն է: Մենք շատ ուրախ ենք լսելու, որ նա պետք է լինի ՀՀ նախագահ:
-Ինչպե՞ս են բնորոշում նրան Մեծ Բրիտանիայում, ինչպիսի՞ համբավ ունի:
-Սարգսյանը շատ լավ համբավ ունի: Դժվար է նրա մասին խոսել կամ ինչ-որ բան ասել: Միշտ եղել է հարգված անձնավորություն:
-Նրա՝ ՀՀ նախագահ դառնալն ինչպիսի՞ ազդեցություն կարող է ունենալ հայ-բրիտանական հարաբերությունների վրա:
-Ինչպես արդեն ասացի՝ Սարգսյանն այստեղ շատ մեծ համբավ ունի եւ հրաշալի, անձնական հարաբերություններ թե՛ թագավորական ընտանիքի, թե՛ կառավարության հետ: Եվ ուրեմն, իմ կարծիքով` նա իր նոր պաշտոնով շատ բան կարող է անել հայ-բրիտանական հարաբերությունների հարցում: Վստահ եմ, որ նա կապեր ունի նաեւ այլ երկրների հետ, սակայն չեմ կարող ասել, թե որքանով են դրանք սերտ: Ես կարող եմ ասել միայն իր կամ հայ-բրիտանական հարաբերությունների մասին, սակայն վստահ եմ, որ այլ երկրների հետ եւս լավ կապեր ունի:
-Կմատնանշեք՝ որպես դեսպան` նա այսքան ժամանակ ի՞նչ է արել հայ համայնքի համար:
-Գիտեք՝ դեսպանատունը եւ դեսպանատան պարտականությունները մասնավորապես հայ գաղութի հետ կապված չեն: Անշուշտ այդ կապերն առաջին հերթին գալիս են կառավարությունից: Ուրեմն կապերը պետք է զարգացած լինեն անգլիական կառավարության հետ: Բայց մի ժամանակ համայնքային գործունեության հետ կապված էլ միշտ հետաքրքրություն է ունեցել, եւ շատ հարաբերություններ ունենք դեսպանատան, դեսպանի հետ:
-Իսկ ինչպե՞ս են Մեծ Բրիտանիայում արձագանքել Արմեն Սարգսյանի՝ ՀՀ նախագահ դառնալու հեռանկարին: Ընդունելի՞ թեկնածու է Սփյուռքի համար:
-Շատ ուրախությամբ լսեցինք լուրը: Հուսամ, որ կհաջողի ընտրությունը: Եվ իր նոր պաշտոնի մեջ կցանկանամ, որ իր պարտականությունները լիուլի կատարի: Սփյուռքի համար, այո՛, ընդունելի թեկնածու է, մանավանդ որ երկար ժամանակ ինքը կապ է ունեցել Սփյուռքի հետ: Նրա հետ Հայաստանի եւ Սփյուռքի կապերը կարող են ավելի ճոխանալ: Ասեմ, որ հիմա Հայաստանի եւ Սփյուռքի կապերն արդեն լավ են, բայց վստահ եմ, որ իր ներկայությունը կկարողանա միայն առավել արդյունք տալ:
-Արմեն Սարգսյանը երկար դադարից հետո է կրկին դեսպան նշանակվել: Այդ ընթացքում ինչպիսի՞ շփում եք ունեցել իր հետ: Հայտնի է, որ նա բազմաթիվ բիզնեսներ ունի, այդ թվում՝ նաեւ Մեծ Բրիտանիայում:
-Ես իր բիզնեսների մասին ո՛չ կարող եմ ասել, որ գաղափար ունեմ, ո՛չ էլ կարող եմ հայտնել որեւէ ինֆորմացիա: Դրանք անձնական հարցեր են, որոնց մասին ես չեմ կարող խոսել: Ավելի ճիշտ կլինի, որ այդ մասին խոսի հենց Արմեն Սարգսյանը: Ես միայն կարող եմ ասել այստեղ տիրող տեսակետը, նաեւ մեր խորհրդի անդամների այն դիրքորոշումը, որ Արմեն Սարգսյանը հրաշալի անձնավորություն է, եւ իր նախագահ դառնալը Հայաստանի համար կարող է միայն օգուտ ունենալ:

Զրուցեց ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ

 

 

 

ՏԵՍՆԵՄ ԴԱՎՈՍՆ ՈՒ ԵՏ ԳԱՄ

Դրայվի սիրահար ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը, պարզվում է, նաեւ ճամփորդությունների սիրահար է։ Հակառակ դեպքում պետական պաշտոնյան առանց պաշտոնական հրավերի, այն էլ՝ ներքաղաքական ակտիվ շրջանում, չէր մեկնի երկրից։

Հիշեցնենք՝ հունվարի 22-ին Կարեն Կարապետյանը, տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի եւ ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի տնօրենի հետ մեկնեց Շվեյցարիա՝ մասնակցելու Դավոսի համաշխարհային տնտեսական ֆորումին։ Վարչապետի պաշտոնում սա Կարապետյանի առաջին այցն էր նախկին ԽՍՀՄ տարածքից դուրս։ 48-րդ անգամ անցկացվող ֆորումը կայացավ հունվարի 23-ից 26-ը։
Մինչ այդ վարչապետը հասցրեց կիսվել օդանավում արված լուսանկարներով՝ ցուցադրելով շքեղ ինքնաթիռը, որտեղ ինքը խորասուզված էր ընթերցանության մեջ։ Սրանով Կարապետյանը հրահրեց եւս մեկ հարց. այդ ի՞նչ ինքնաթիռով է վարչապետը ճանապարհ ընկել։ Պարզվեց՝ օդանավը մասնավոր է, եւ բյուջեից դրա համար գումար չի հատկացվել։ Իսկ ընդհանուր առմամբ, թե որքա՞ն արժեցավ հայաստանցի հարկատուների համար վարչապետի ուղեւորությունը, խիստ գաղտնի է պահվում։
Եվս մի կարեւոր հարց. ի վերջո, որքանո՞վ էր այցն արդյունավետ։ Կարեն Կարապետյանը հանդիպումներ ունեցավ Շվեյցարիայի ազգային խորհրդի նախագահի, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի համակարգողի եւ այլ անձանց հետ։ Հանդիպում կայացավ նաեւ Սինգապուրի փոխվարչապետի հետ, որի ընթացքում վարչապետը չմոռացավ կրկին անգամ շեշտել, որ Սինգապուրի զարգացման ուղին լավ օրինակ է մեզ համար։ Իսկ շվեյցարացի գործարարների հետ հանդիպմանը մեր երկրի գործադիր մարմնի ղեկավարը բաց տեքստով ասաց. «Եկեք ու բիզնեսով զբաղվեք Հայաստանում, եկեք ու ներդրումներ արեք Հայաստանում»։ Սա, թերեւս, հուսահատ պաշտոնյայի կոչ է, ով իր երկրի գրավչությունը ներկայացնելու որեւէ օրինակ չունի եւ նրան մնացել է միայն կոչ անել, հորդորել կամ խնդրել։
Արդար լինելու համար պետք է նշել, որ վարչապետն, այնուամենայնիվ, որոշ թվեր ներկայացրեց գործարարներին։ Սակայն չմոռացավ ընդգծել` մենք բավարարված ենք կատարված աշխատանքով։ Այ, այս միտքը Կարեն Կարապետյանը չպետք է հնչեցներ։ Եվ երանի թե որեւէ շվեյցարացի գործարար չորոշի Հայաստանի որեւէ բնակչից կամ սփյուռքահայ գործարարից ճշտել, թե որքանո՞վ են բավարարված կառավարության աշխատանքով։
Հարկերի ծանր բեռի տակ ու այլ խնդիրների հետեւանքով բիզնեսը փակած մարդկանցից յուրաքանչյուրը կսկսի պատմել իր պատմությունը։ Այսպիսով` անգամ մեծ լավատեսության դեպքում դժվար է հավատալ, թե Շվեյցարիայի նման զարգացած ու առաջադեմ երկրի գործարարները կգան ու մեկը մյուսի ետեւից բիզնես կհիմնեն Հայաստանում։ Ուրեմն մնում է եզրակացնել, որ վարչապետ Կարեն Կարապետյանի այցն արդյունավետ էր այնքանով, որ պաշտոնյան մի քանի օր գտնվեց երկրից դուրս` աշխարհում հայտնի ու շքեղ հանգստավայր Դավոսում։ Բայց ոչ մի առարկայական պայմանավորվածություն, տեսանելի արդյունք չկա այդ այցից: Մի խոսքով՝ տեսավ Դավոսն ու ետ եկավ…

ՄԵՐԻ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

 

 

ԴԻՄՈՒՄ ՉԿԱ
«Change.org» կայքում ՀՀ պաշտպանության նախարարին ուղղված առցանց ստորագրահավաք է մեկնարկել՝ ֆրանսիահայ ազատամարտիկ Սարգիս Հացպանյանին Եռաբլուրում հուղարկավորելու պահանջով: «Դիմում ենք ՀՀ պաշտպանության նախարարին՝ խնդրելով թույլ տալ Սարգիս Հացպանյանին արժանիորեն հուղարկավորել Եռաբլուր պանթեոնում՝ իր զինակից ընկերների կողքին: Դա կլինի հայկական պետության գնահատանքը՝ իր կյանքը հայրենիքին նվիրած գործչին», – ասված է հայտարարության մեջ: «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանից պարզել՝ ինչն է պատճառը, որ ՊՆ-ում մինչ օրս Հացպանյանին Եռաբլուրում հուղարկավորելու որոշում չունեն: Ի պատասխան` վերջինս նշեց. «Համապատասխան դիմում չենք ստացել»: Նկատենք, որ ըստ ընթացակարգի` դիմումը պարտադիր է, որը ՊՆ-ն կա՛մ կընդունի, կա՛մ կմերժի:

 

 

ԷԼԻ ԿԱԼԱՆՔԻ ՏԱԿ
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` սեպտեմբերի 14-ին Երեւանի կենտրոնում՝ Թուֆենկյան հյուրանոցի մոտ հնչած կրակոցների գործով մեղադրյալ, 60-ամյա Ռաֆիկ Խաչատրյանի կալանքը եւս երկու ամսով երկարաձգվեց: Չնայած Խաչատրյանը չորս ամսից ավելի է՝ կալանքի տակ է, այս գործով քննչական գործողություններ չեն իրականացվում. մյուս մեղադրյալները՝ Ալբերտ Բլբուլյանը, Արմեն Կարադավիդովը, նախորդ տարվա հոկտեմբերին հայտնաբերվել ու ձերբակալվել են Վրաստանում, սակայն դեռ չեն տեղափոխվել Հայաստան: Հիշեցնենք` նրանք կրակոցներ էին արձակել ալավերդցի քրեական հեղինակություն Վահագն Աբգարյանի եւ նրա թիմակիցների ուղղությամբ, արդյունքում սպանվել էր թիկնապահներից Գագիկ Մոսինյանը: Այս իրադարձություններից 7 ամիս անց իրավապահները կալանավորեցին գործով տուժող Վահագն Աբգարյանին, եւ նրան մեղադրանք է առաջադրվել` հանցավոր խումբ ստեղծելու եւ սպանություն կազմակերպելու համար: Ըստ շրջանառվող լուրերի` նա որոշել էր վրեժխնդիր լինել իր դեմ մահափորձ իրականացրած անձանցից:

 

 

ՆՎԱԶԵՑՐԵԼ Է ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԸ
Թեեւ Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպան, ՀՀ նախագահի ՀՀԿ թեկնածու Արմեն Սարգսյանի հետ իշխանությունները մեծ հույսեր են կապում նաեւ օտարերկրյա ներդրումներ ներգրավելու հարցում, այնուամենայնիվ, իրողությունն այն է, որ այդ երկրի հետ մեր տնտեսական հարաբերություններն այնքան էլ գոհացուցիչ չեն:
«Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական աղբյուրներից տեղեկացավ, որ Մեծ Բրիտանիան, որտեղ ՀՀ դեսպանը Արմեն Սարգսյանն է, էապես նվազեցրել է ՀՀ ներդրումները: Ըստ ԱՎԾ-ի` Բրիտանիայից 2017 թվականի երրորդ եռամսյակում /տարեկան տվյալները դեռ ամփոփված եւ ներկայացված չեն/ ուղղակի ներդրումները կազմել են 1 մլրդ 846 մլն դրամ, մինչդեռ, 2016-ին 32 մլրդ 276 մլն դրամ էր։ Ու ստացվում է, որ այդ ընթացքում Բրիտանիան ավելի քան 30 մլրդ դրամի չափով նվազեցրել է իր ներդրումները:
Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանը մեկ անգամ չէ, որ դեսպաններից պահանջել է ակտիվացնել տնտեսական կապերը եւ ներդրումներ բերել Հայաստան: Փաստորեն, Արմեն Սարգսյանը նրա պահանջը չի բավարարել:




Լրահոս