ՀԱԿ-Ը ԹԻՎ 1 ՔԱՂԱՔԱԿԱՆ ՕՐԱԿԱՐԳ ՁԵՎԱՎՈՐՈՂ ՈՒԺՆ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հայ ազգային կոնգրեսը»-ը փետրվարի 20-ին Ազատության հրապարակում 1988 թվականի ղարաբաղյան շարժման 30-ամյակին նվիրված միջոցառում կանցկացնի։ Բացի այդ` գարնան առաջին օրը` մարտի 1-ի ոճրագործության 10-րդ տարելիցին նվիրված զանգվածային միջոցառումներ կլինեն: Հատկանշական է, որ ապրիլյան խորհրդարանական ընտրություններից հետո սա կուսակցության առաջին զանգվածային նախաձեռնությունն է լինելու: Ինչո՞ւ հենց այս փուլում ակտիվացավ կուսակցությունը: Այս առիթով «Ժողովուրդ» օրաթերթը մի քանի հարց ուղղեց ՀԱԿ փոխնախագահ Արամ Մանուկյանին։

-Պարո՛ն Մանուկյան, միջոցառումների վերաբերյալ հայտարարությունն արվեց «Ելք» դաշինքի՝ թանկացումների դեմ երթի օրը: Երկարատեւ լռությունից հետո ինչո՞ւ կոնգրեսն ակտիվացավ հենց այդ օրը:
-Բա եղա՞վ։ Դա ի՞նչ կապ ունի «Ելք»-ի հետ: Շարժման 30-ամյակը մեր երկրի, մեր ժողովրդի լուսավոր էջերից մեկն է։ Ես մեր ժողովրդի պատմության մեջ չգիտեմ ավելի արդյունավետ, լիքը, մարդասիրական տարիներ, քան դրանք են։ Ազատ մարդու, ազատ երկրի գործընթաց է սկսվել դրանով։ Իսկ լռության իմաստը հետեւյալն է. մենք անցյալ դեկտեմբերին ասել ենք ինչ-որ բան. դա Հայաստանի զարգացման մեր կոնցեպտն է, ղարաբաղյան հարցի արժանապատիվ, փոխզիջումային լուծումը։ Եվ գտնում ենք, որ քանի դեռ այդ հարցը չի լուծվել, Հայաստանն այլ հարց չպետք է ունենա։ Եվ ժողովուրդը պետք է ուղղակի ստիպի իշխանություններին գնալ խաղաղության հաստատման։ Մեր ասածը չի փոխվել։ Թե չէ փողոցների անվանակոչություն, գների բարձրացում… այդ բոլորը կարեւոր են, բայց բոլորի լուծման հիմնարար ճանապարհը կիսապատերազմից դուրս գալն է։
-Մարտի 1-ի արյունալի իրադարձությունների 10-րդ տարին լրացավ, նախատեսե՞լ եք երթ անցկացնել:
-Ինչպես միշտ, կլինի մեր ավանդական երթը, ծաղիկների խոնարհում… Եվ դա լինելու է այնքան, քանի դեռ այդ գործը չի բացվել, քանի դեռ մարդասպանները չեն բացահայտվել, քանի դեռ կծիկը չի պտտվել։ Եվ ես ձեզ ասեմ. մի փոքր լավատես եմ։ Հույս ունեմ, որ գործի ընթացքի մեջ փոփոխություն կլինի։
-Ինչո՞վ է պայմանավորված Ձեր լավատեսությունը։
-Իմ տեղեկացվածությամբ եւ մեր հետեւողական աշխատանքով։ Աստված տա` այս տարի, թեկուզ 2 տարի հետո, բայց երբեւէ բացվի։ Մենք գիտենք, որ մարտի 1-ի դեպքերից առաջ հոկտեմբերի 27 է եղել, որը դեռ նույն կարգավիճակում է։ Թեեւ գիտեմ, որ լուծման միակ ճանապարհն իշխանափոխությունն է, քանի որ այն իշխանությունները, որոնք պաշտպանում, պարտակում են սպանդը, չեն բացահայտի։
-Մարտի 1-ի իրադարձությունների վերաբերյալ ԱԺ «Ելք» դաշինքը օրինագիծ է շրջանառության մեջ դրել։ Կօգնի՞ նախագիծը հասնել արդարության։
-Չեմ ուզում մեկնաբանել։ Մենք մարտի 1-ը համարում ենք բռնապետության դեմ պայքարի միջազգային օր, անհրաժեշտ ենք համարում նաեւ ժամանակավոր հանձնաժողովի ստեղծումը։ Հիմա թե իրենք ի՞նչ են անում, չգիտեմ։
-Կարո՞ղ ենք ասել, որ Կոնգրեսն ակտիվ է լինելու, շարունակելու է նախաձեռնություններով հանդես գալ։
-ՀԱԿ-ը երբեք չի դադարեցրել։ ՀԱԿ-ն իր ասածն ասել է եւ սպասում է՝ տեսնի՝ «հզոր, համարձակ» քաղաքական ուժերն ինչպես են արձագանքում։
-Կուսակցությունը հույսը չի՞ կորցնում, որ դեռ լինելու է ակտիվ քաղաքականության մեջ։
-ՀԱԿ-ն այսօր Հայաստանի թիվ 1 քաղաքական օրակարգ ձեւավորող եւ թիվ 1 քաղաքական խնդիր դրած ուժն է։ Ավելին ասեմ, չկա որեւէ այլ քաղաքական ուժ, որը թիվ 1 մարտահրավերի նկատմամբ վերաբերմունք արտահայտի։
-Այն, որ Ազգային ժողովում ներկայացված չեք, չի՞ նշանակում, որ ՀԱԿ-ը չի լինելու քաղաքական լայն օրակարգում։
-Գիտեք, ՀԱԿ-ը, նախկին ՀՀՇ-ն 30 տարի է՝ պայքարի մեջ են։ Ի՞նչ կապ ունի` մենք խորհրդարանում ենք նստած, թե՞ փողոցում։ Դրանք միջոցներ են, որ դու պետք է օգտագործես։ Կարեւորը քո նպատակն է։ Իսկ մեր նպատակը մեր երկրի անկախությունը, սուվերենությունն է, բարձր արժեքների պահպանումը, որոնց հիմքը դրվել է 1988-ին։

Զրուցեց ՄԵՐԻ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ

 

 

 

ԽՆԴՐՈՒՄ Է ՀԵՏԱՁԳԵԼ ՊԱՐՏՔԻ ՄԱՐՈՒՄԸ

ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը առաջիկայում պատրաստվում է որոշման նախագիծ ներկայացնել կառավարությանը, որով առաջարկում է երկարաձգել «Բերրիություն» ԱՄ-ի Մասիսի շրջանային միավորում» ՍՊԸ-ի պարտքերի մարման ժամկետը:

Բանն այն է, որ «Բերրիություն» ԱՄ-ի Մասիսի շրջանային միավորում» ՍՊԸ-ն գյուղացիներին ազոտական եւ կալիումական պարարտանյութեր տրամադրելու նպատակով դեռեւս 2016 թվականին պետական բյուեջից վերցրել էր 3 մլրդ 840 մլն դրամի բյուջետային վարկ: Ընկերությունն այն պետք է մարեր դեռեւս անցած տարվա դեկտեմբերի 20-ին:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ընկերությունը չի կարողացել ամբողջությամբ վճարել պարտքը: Այլ 3 մլրդ 840 մլն դրամից մարել է միայն 3 մլրդ 443 մլն 317 հազար դրամը, այն էլ 8 օր ուշացումով: Իսկ պարտք մնացել է` մոտ 397 մլն դրամ գումար: Եւ գյուղատնտեսության նախարարությունը ընկերության պարտքի վերջնական մարման նպատակով առաջիկայում դիմելու է կառավարություն եւ խնդրելու է այն հետաձգել մինչեւ այս տարվա ապրիլի 10-ը:
Հիշեցնենք, որ պետական աջակցության ծրագրերի շրջանակներում ամեն տարի գյուղացիներին շուկայականից մատչելի գներով ազոտական պարարտանյութեր են հատկացվում, որի արժեքի մի մասը պետությունը սուբսիդավորում է: Իսկ գյուղացիներին պարարտանյութ մատակարարելու «գործը» ամեն տարի իրականացնում է «Բերրիություն» ԱՄ-ի Մասիսի շրջանային միավորում» ՍՊԸ-ն: Ի դեպ, գյուղացիներին պարարտանյութ մատակարարելու լիցենզիան այս ընկերությանը տրվել է առանց մրցույթի:
Հավելենք, որ մամուլում շրջանառվող լուրերի համաձայն` ընկերությունը կապվում է ՀՀ ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի ընտանիքի անվան հետ: Ու ստացվում է, որ նախկին նախարարի ընտանիքին պատկանող բիզնեսը պարտք է ՀՀ կառավարությանը:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

«ՀԻՄՆԱՏԱՎՈՒՇ»-Ի ԳԱՐՇԱՀՈՏԸ
«ՀիմնաՏավուշ» զարգացման հիմնադրամի կողմից արտադրված եւ անպիտան պանիրը հորել են եւ տարածքում խայտառակ գարշահոտ է: Տեղեկացնենք, որ «ՀիմնաՏավուշ» զարգացման հիմնադրամը ստեղծվել է Ֆրանսիայի հայկական հիմնադրամի կողմից եւ ուղղված է մարզի գյուղատնտեսության զարգացմանը, աշխատատեղերի ստեղծմանը, սահմանագոտու բնակիչների կենսամակարդակի բարելավմանը: Տավուշի մարզի բնակիչները դժգոհ են, որ «ՀիմնաՏավուշ» զարգացման հիմնադրամի արտադրած պանիրը հիմնականում առաքվում է Ռուսաստան: Նշենք, որ հիմնադրամը Տավուշի մարզի անասնապահական տնտեսություններից կաթ չի ընդունում: Իջեւանի տարածաշրջանի Լուսաձոր գյուղի տարածքում գործում են «ՀիմնաՏավուշ» զարգացման հիմնադրամի անասնապահական ֆերման եւ պանրի ընդլայնված արտադրամասը: Մեկուկես տարի առաջ պանրի արտադրամասի տարածքում 3,5 տոննա փչացած պանիր է հորվել, որը պատուհաս է դարձել վարորդների գլխին: Միջպետական ավտոճանապարհով երթեւեկող վարորդները բողոքում են «ՀիմնաՏավուշ»-ի անասնաֆերմայի եւ պանրի արտադրամասի տարածած գարշահոտից: Ու այս իրավիճակը արդեն մի քանի տարի է, ինչ առկա է: Մարզի բնակիչները բազմիցս «Ժողովուրդ» օրաթերթին դժգոհել են, սակայն իրավիճակը չի փոխվում: Անգամ հիմա՝ ձմռան այս ամիսներին, միջպետական ճանապարհի այդ հատվածում տիրող տհաճ հոտն անցնողներին խեղդում է, իսկ ամռան շոգ ամիսներին վիճակն ուղղակի անտանելի է դառնում: Այնինչ` ՀՀ վարչապետը «Մաքուր Հայաստան» է քարոզում:

 

 

500 ՀԱԶԱՐ ԴՐԱՄ ԿԱՇԱՌՔԸ
Քաղաքացի Սարգիս Խուդոյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա առանց օրինական հիմքերի ու անհրաժեշտ փաստաթղթերի հաշվառվելու եւ անձնագրավորվելու նպատակով 2014 թվականի մարտ ամսից մինչեւ նույն թվականի նոյեմբեր ամիսն ընկած ժամանակահատվածում ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության Աշտարակի անձնագրային բաժանմունքի առաջատար մասնագետ Գոռ Քալանթարյանին անձամբ տվել է 500 հազար դրամ: Ս. Խուդոյանն այժմ կալանավորված է, գտնվում է ՀՀ արդարադատության նախարարության «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում: Նրան մեղադրանք է առաջադրվել 312.1 հոդվածի 2-րդ մասով («Պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային ծառայողին ապօրինի վարձատրություն տալը, որը կատարվել է խոշոր չափերով»), 325 հոդվածի 1-ին մասով («Փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձեւաթղթեր, տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշներ կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը») եւ 329 հոդվածի 1-ին մասով («Պետական սահմանն ապօրինի հատելը»): Ս. Խուդոյանի դատավարությունը Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում նշանակված է հունվարի 31-ին:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս