ԻՆՔՆԱԹԻՌ՝ ԲԻԶՆԵՍ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԻՄԱ՞Ց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դավոսի տնտեսական համաժողովին վարչապետ Կարեն Կարապետյանը մեկնել էր առանձին ինքնաթիռով: Եւ երբ վարչապետն անձամբ սոցիալական ցանցում հրապարակեց ինքնաթիռի սրահից լուսանկարներ, աղմուկ բարձրացավ: Կառավարությունից էլ շտապեցին պարզաբանել, թե դա մասնավոր ինքնաթիռ է, որի վարձակալության համար ՀՀ պետական բյուջեից որեւէ գումար չի հատկացվել: Թվում է՝ այսպես փորձել են Կարեն Կարապետյանին փրկել տհաճ իրավիճակից, որպեսզի կառավարության ղեկավարին չմեղադրեն պետական բյուջեի միջոցների հաշվին շռայլ ծախսեր անելու մեջ: Բայց արի ու տես, որ արդյունքում շատ ավելի վատ իրավճակ է ստացվել. հիմա վարչապետին կարող են պաշտոնեական դիրքի չարաշահման ու կոռուպցիոն ռիսկերի մեջ թաթախվելու մեղադրանք ներկայացնել:
Պարզ է, որ այս ինքնաթիռի սեփականատերը մեծահարուստ է, որովհետեւ ամեն մարդ հնարավորություն չունի ունենալու նման փոխադրամիջոց: Ու կարելի է ենթադրել` այդ մեծահարուստն իր ինքնաթիռը ՀՀ վարչապետին է տրամադրել Հայաստանում տնտեսական գործունեություն իրականացնելու արտոնություններ ստանալու ակնկալիքով: Համենայն դեպս, վարչապետին այսպես մատուցել են մեծ, շատ մեծ ծառայություն, որը հազիվ թե անեին, եթե գործ ունենային Կարեն Կարապետյան անձի, ոչ թե վարչապետի հետ:
Ու հիմա այդ մեծ ծառայություն մատուցած անձը կարող է իրեն թույլ տալ ՀՀ վարչապետից որպես փոխհատուցում պահանջել ամենատարբեր բնույթի արտոնություններ: Ճիշտ է` «Ժողովուրդ» օրաթերթի հարցին ի պատասխան` կառավարության լրատվական ծառայությունից պարզաբանել են. «Չենք կարծում, որ նման խնդիրներ ծագեն»: Բայց, դե, աշխարհի շատ երկրներում պաշտոնյաները հրաժարական են տվել այսպիսի դեպքերից հետո:

 

 

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում նախորդ գիշեր հակառակորդի կողմից հետախուզադիվերսիոն խմբի ներթափանցման հերթական փորձն է ձեռնարկվել: Ընդ որում, այս իրավիճակը հաջորդեց Ադրբեջանի կողմից ՌԴ-ից սպառազինության նոր խմբաքանակ գնելու գործարքին: Երեկ «Ժողովուրդ»-ի հետ զրույցում 1992-1996 թթ.-ին ՌԴ միջնորդական առաքելության ղեկավար, ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը, անդրադառնալով կատարվածին, ասել է. «Ես տեղյակ չեմ, թե Ադրբեջանն ինչ պայմաններով է ՌԴ-ից սպառազինություն գնում: Ամեն դեպքում Ադրբեջանի ղեկավարությունը պետք է հաշվի առնի, որ Հայաստանը եւ ՌԴ-ն ունեն շատ սերտ համագործակցություն, իսկ հույս ունենալ ինչ-որ առանձին, տեղական օպերացիայի Արցախի հարցով, դա միամտություն է»: Նրա խոսքերով` Ադրբեջանի ղեկավարությունը պետք է մտածի այդպիսի արկածախնդրության հնարավոր լայն հետեւանքների մասին:

 

 

 

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` կարագի գնի բարձրացման հետեւանքով վերջին ամիսներին կտրուկ նվազել են սպառման ծավալները՝ մոտ երեք անգամ: Արդյունքում` կարագ ներկրող ընկերությունները հայտնվել են փաստի առաջ: Ավելին` ինչպես պնդում են մեր աղբյուրները` թանկ գնով ներկրած կարագի խմբաքանակները, որոնք ամբողջությամբ դեռ չեն սպառվել, պահեստավորված են, եւ ներկրողները հույս չունեն, որ առաջիկայում ներքին շուկայում այն կկարողանան իրացնել խելամիտ գնով: Մինչ այդ, նկատենք, որ միջազգային շուկայում կարագի գները սկսել են նվազել: Բայց Հայաստանը դեռ չի շտապում արձագանքել կատարվածին: Եւ, ընդհանրապես, մեզանում շուկան րոպեական արձագանքում է գնաճին, իսկ ահա գնանկման հետեւանքները զգացվում են ամիսներ անց: Պատահական չէ, որ միջազգային շուկայում կարագի մեկ կիլոգրամն արժի 4.8 դոլար, բայց Հայաստանում այն վաճառվում է ավելի քան 9.2 դոլարով:

 

 

 

ԱԱԾ քննչական վարչության պետ, գնդապետ Միքայել Համբարձումյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում անդրադարձել է ԱԱԾ գաղտնալսումներին, որոնք հաճախ որպես ապացույց ներկայացվում են տարբեր քրեական գործերում: Եւ հարցին, թե արդյո՞ք ԱԱԾ-ի օպերատիվ աշխատանքը մնացել է բացառապես գաղտնալսում իրականացնելը, եւ որքանո՞վ է դա պրոֆեսիոնալ, նա պատասխանել է, թե դրանք իրականացվում են բացառապես օրենքով սահմանված կարգով եւ դեպքերում: «Դրանք ծանրակշիռ, սակայն ոչ միակ ապացույցներն են հանդիսանում, այդպես ուղղակի չի լինում: Այդ գաղտնալսումներում արծարծված տվյալները ստուգվում են քրեական գործով, համադրվում այլ տվյալների եւ ապացույցների հետ, որից հետո միայն գնահատվում որպես ապացույց եւ դրվում մեղադրանքի հիմքում: Այսինքն` եթե հաջողվում է գաղտնալսմամբ արձանագրել անհրաժեշտ տվյալները, դա արդեն իսկ պրոֆեսիոնալիզմի արդյունք է, քանի որ հանցագործություն կատարած կամ նախապատրաստող անձինք հաճախ փորձում են քողարկել իրենց կապերը եւ խոսակցությունները, ուստի գաղտնալսում իրականացնելու համար եւս պահանջվում է հմտություն, օպերատիվ եւ քննչական մեծածավալ աշխատանք»,- ասել է քննչական վարչության պետը:

 

 

ՔԻՆԱԽՆԴՐՈՒԹՅՈ՞ՒՆ
Ֆրանսահայ Սարգիս Հացպանյանը 1990 թվականին Փարիզից Հայաստան եկավ` ձեռքին ինքնաթիռի միայն մեկ ուղղությամբ տոմսով. նա անկախացման ուղին բռնած Հայաստան էր եկել մշտական բնակություն հաստատելու նպատակով: Սարգիս Հացպանյանն Արցախյան հերոսամարտին մասնակցած սփյուռքահայ ազատամարտիկներից մեկն էր: Հայրենիքի պաշտպանության ճանապարհին վտանգեց իր կյանքը, վիրավորվեց ռազմի դաշտում, բայց մարտնչեց հանուն ազգային իղձերի իրականացման: Սարգիս Հացպանյանը քաղաքական գործընթացների կիզակետում կանգնած անձնավորություններից էր, ում համար միեւնույն չէր հայրենիքի ճակատագիրը: Այդ գիտակցությամբ էլ նա միացավ 2008թ. համաժողովրդական շարժմանը: Բայց իշխանությունները չներեցին այդ քայլը: 2008թ. Հացպանյանը կալանավորվեց` համալրելով հարյուրավոր քաղբանտարկյալների շարքերը: Հետագայում ազատ արձակվեց ու էլի շարունակեց պայքարը` հանուն Հայաստանի ապագայի…
55-ամյա Սարգիս Հացպանյանի մահը մեծ հարված էր նրան ճանաչողների համար: Նա մահացավ Ֆրանսիայում, ուր մեկնել էր բուժման նպատակով: Եւ հիմա ազատամարտիկի աճյունը Հայաստան տեղափոխելու եւ «Եռաբլուր» պանթեոնում ամփոփելու համար ստորագրահավաք է սկսվել: Սակայն ՀՀ պաշտպանության նախարարությունը, չգիտես ինչու, փորձում է անտեսել այդ նախաձեռնությունը: Սկզբում արդարանում էին, թե համապատասխան դիմումը ստանալուց հետո նոր կքննարկեն ու որոշում կկայացնեն: Երեկ էլ նախարարությունից ասել են, թե հուղարկավորությունը «Եռաբլուրում» կազմակերպելու համար որոշ ընթացակարգեր կան, որ անձը որոշակի մարտական ուղի անցած լինի: Այս պարագայում մարտական ուղու հետ կապված հիմնավորումներ դեռեւս չեն ներկայացված:
Համաձայնեք` սա կարելի է համարել ճղճիմության ու քինախնդրության յուրօրինակ դրսեւորում, հայրենիքի նվիրյալ զինվորի հիշատակի առաջ անարգանքի փորձ: Այլ կերպ, թերեւս, չի կարելի բնութագրել նախարարության եւ, ընդհանրապես, իշխանությունների գործելաոճը: Ու միանգամայն պարզ է Հացպանյանին «Եռաբլուր» պանթեոնում հուղարկավորելու հարցում ցուցաբերված մանրախնդրության պատճառը. այս տարիներին նրա քաղաքական ու քաղաքացիական խիզախ կեցվածքն էր, որ իշխանությունները չեն կարող որեւէ կերպ մարսել: Ասել է, թե ընդդիմադիր գործչի համար տեղ չկա «Եռաբլուր» պանթեոնում, կամ եթե կա, ապա տարատեսակ փաստաթղթեր ու տեղեկանքներ ներկայացնելուց հետո նոր միայն. կարծես թե նրա անցյալը ոչ ոք չգիտի:
Շատ ցավալի իրավիճակ է:




Լրահոս