ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԸ ԴԵՄ ՉԵՆ ԾԽԵԼՆ ԱՐԳԵԼԵԼՈՒՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Առողջապահության նախարարության՝ «Ծխախոտային արտադրանքի օգտագործման բացասական ազդեցության նվազեցման եւ կանխարգելման մասին» օրինագիծն արդեն հասցրել է լայն քննարկումների առարկա դառնալ` արժանանալով ծխողների դիմադրությանը: Բանն այն է, որ այս նախագծով առաջարկվում է ծխելու արգելք սահմանել բոլոր փակ տարածքներում անխտիր: Մինչդեռ գործող օրենսդրությամբ` այդ արգելքն ընտրովի է: Միաժամանակ ծխսելու դեպքում օրինագծով առաջարկվում է քաղաքացիների նկատմամբ կիրառել հետեւյալ տուգանքները. մեքենայում` 50.000 դրամ, տրանսպորտում, տաքսու մեջ` 100.000 դրամ, վերելակում, գրասենյակում, սրճարանում` 250.000 դրամ: Այլ տուգանքներ. հատով ծխախոտի վաճառքի համար` 300.000 դրամ, դպրոցին 100 մետրից մոտ վաճառքի համար` 500.000 դրամ, ծխելն արգելող նշան չտեղադրելու համար` 100.000 դրամ, ղեկավարին` տարածքում ծխելը չարգելելու համար` 500.000 դրամ, իսկ ծխախոտի գովազդի համար` 700.000 դրամ:

«Ժողովուրդ» օրաթերթն ԱԺ պատգամավորներից փորձեց հետաքրքրվել՝ ինչպե՞ս են վերաբերվում այս նախագծին եւ ինչպե՞ս կքվեարկեն, երբ այն բերվի խորհրդարան:
ԱԺ նախկին նախագահ, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գալուստ Սահակյանը պատմեց, որ վերջին երկու տարին է, ինչ թողել է ծխելը, բայց ասում է՝ նախկինում բավական շատ է ծխել: «Ծխելն ամբողջ աշխարհում դիտարկվում է ոչ լավ արարողություն: Նման օրենքներ, կարծում եմ` արժանավայել մի բան ասելու կամ դրա մեջ ինչ-որ հույսեր տեսնելու մեր այսօրվա ապագայի նկատմամբ, էդպիսի բաներ չեմ զգում, իհարկե»,- ասաց նա: Օրինագծի նկատմամբ պարոն Սահակյանի վերաբերմունքը միանշանակ չէ. «Լավ օրենք է, եթե մարդիկ մեկը մյուսին չխանգարեն, ծխողներն առանձին ծխեն, չծխողները չտեսնեն` ովքեր են ծխում»: Ու քանի որ ե՛ւ պատգամավորները, ե՛ւ խորհրդարան եկած պաշտոնյաները հաճախ ծխում են ԱԺ միջանցքներում, պարոն Սահակյանին հարցրինք՝ ճիշտ կլինի՞, որ նրանց եւս տուգանեն: «Չեմ կարծում, որ նման խնդիրներում անհրաժեշտ է տուգանել: Հասարակությանը պետք է այնպես դաստիարակել, որպեսզի մարդիկ կարողանան նման խնդիրներից օգտվելու, մեկը մյուսին նեղություն չտալու: Տուգանելով կամ չտուգանելով չեմ կարծում, որ մեծ հաջողություններ կունենան, մանավանդ վերջին 5-6 տարիներին շատ տղամարդիկ սկսեցին չծխել: Տուգանելով կամ ինչ-որ մի բանով, ռեժիմներ կիրառելով` անհնար է որեւէ բանի հասնել,- շտապեց արդարացնել նա` միաժամանակ հավելելով,- գիտեք, դա, իմիջիայլոց, ինձ չվերաբերող բան է: Չեմ ուզում այդ ուղղությամբ երկար մտածել, եթե կտուգանեն, թող տուգանեն, եթե նույնիսկ կասկածում են, որ որեւէ տեղ ծխում է, թող էլի տուգանեն»:
«Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Նապոլեոն Ազիզյանը եւս ակտիվ ծխողների շարքում է: Ու «Ժողովուրդ»-ի հարցին՝ արժի արդյոք ծխելու համար մեծ տուգանքներ կիրառել, պատգամավորն ասաց. «Եթե մի բան արվում է ժողովրդի առողջության համար, իհարկե, արժի: Եվ մարդկանց երեւի 90 տոկոսի գրպանների վրա որ ազդի, կամաց-կամաց էլ չեն ծխի»: Դիտարկմանը, թե պատգամավորն ինքը ծխող է, Ազիզյանն ասաց. «Հա՛, հենց էդ օրենքն ուժի մեջ մտավ, ես էլ չեմ ծխելու, որովհետեւ փող չունեմ, որ տանեմ, մուծեմ»: Գործիչը նաեւ վստահություն ունի, որ տուգանքը բոլորի վրա տարածվելու է` անկախ դիրքից ու պաշտոնից. «Ինչ կապ ունի` քաղաքական գործիչ է, թե ինչ: Իհարկե, գործելու է: Ես հիմա` իմ կաբինետում նստած, ծխում եմ, բայց այն ժամանակ արդեն պիտի անհարմար զգամ ծխելու, քանի որ կտեսնեմ, որ շատ մարդիկ չեն ծխում, տգեղ է: Ինչ չափի տուգանք էլ լինի, ավելի լավ է` մարդիկ չծխեն, որպեսզի չտուգանվեն եւ որեւէ մեկից կախված չլինեն»: Ազիզյանը համամիտ է այն մտքին, որ շատ մարդիկ, ովքեր երկար տարիներ ծխում են, չեն պատկերացնում իրենց առօրյան առանց ծխելու: Ազիզյանը նշեց, որ ինքն էլ այդ մարդկանց թվում է, սակայն ստիպված է լինելու թողնել ծխելը: «Նախ անհարմար է, երկրորդն էլ` այդ գումարը կտանեմ, թոռնիկիս կտամ»,-շեշտեց պատգամավորը:
Ի դեպ, «Ծառուկյան» դաշինքի պատգամավորներից Վարդան Ղուկասյանը չծխողների թվում է: Եւ մեր հարցին ի պատասխան` արձագանքեց. «Թող բոլորն էլ չծխեն: Ինչ է պատահել որ: Մարդիկ որքան կարող են, թող չծխեն, պետությունն էլ նպաստի, որ մարդիկ քիչ ծխեն: Դա բոլորի առողջության համար է: Ես, օրինակ, ծխող չեմ: Երբեք չեմ ծխել» Ինչ վերաբերում է ծխելու համար նախատեսված տուգանքներին, նա նշեց. «Դրա մասին չեմ կարող ասել: Գիտեք ինչ, ընդհանրապես, ես կողմնակից եմ, որ եթե օրենք է ընդունվում երկրում, բոլորն էլ թող ենթարկվեն»,-նշեց նա:
Նշենք, որ նախագիծն ընդունվելուց հետո օրենքն ուժի մեջ կմտնի այս տարվա նոյեմբերի 1-ից:

ՄԵՐԻ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

 

 

 

ԱՌԱՆՑ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՄԱՆ
Մեկ շաբաթ առաջ պաշտոնապես հաստատվեցին լուրերը, որ ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը հրաժարականի դիմում է ներկայացրել: Սակայն այսքան ժամանակ անց դեռեւս Սերժ Սարգսյանը չի ստորագրել նրան աշխատանքից ազատելու հրամանագիրը: Ինչո՞ւ, երբ է վերջապես ստորագրվելու նախարարի հրաժարականի դիմումը: «Ժողովուրդ» օրաթերթի հարցմանն ի պատասխան` Ս. Սարգսյանի մամուլի քարտուղար Վլադիմիր Հակոբյանը մեկնաբանեց. «ՀՀ նախագահի կողմից նախարարի հրաժարականի դիմումը ստորագրելու ժամկետի օրենսդրական սահմանափակում չկա»: Փաստորեն, Մանուկյանը հայտնվել է օդից կախված վիճակում. մի կողմից փաստացի նախարար չէ, քանի որ հրաժարական է ներկայացրել, մյուս կողմից՝ ստիպված է պաշտոնավարել, քանի որ չկա աշխատանքից ազատելու հրամանագիրը:

 

 

ԴԵՌ ԱՌԱՋԸՆԹԱՑ ՉԷ
2017թ. ընթացքում նվազել է ՀՀ-ից Մարդու իրավունքների եվրոպական դատարան դիմումներ ներկայացրած անձանց թիվը: Նախորդ տարի ՀՀ-ից ՄԻԵԴ է ուղարկվել 356 դիմում, մինչդեռ 2016-ին դիմումների քանակը մոտ երկու անգամ ավելի է՝ 753 հայց: Ավելին` անգամ նվազած ցուցանիշներով Հայաստանը քննության սպասող դիմումների թվով ներառված է անդամ երկրների առաջին տասնյակում: ՀՀ Մարդու իրավունքների առաջին պաշտպան, «Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում, մեկնաբանելով վիճակագրական այս տվյալները, նշեց. «Գտնվում ենք ՄԻԵԴ ամենաշատ ուղարկված դիմումների թվով երկրների առաջին տասնյակում: Ու կարծում եմ` վաղուց պետք է այս հարցը քննարկման թեմա դառնար արդարադատության խորհրդի եւ այլ կառույցների համար: Չլինելով մեծ թվով բնակչություն ունեցող երկիր` մենք չպետք է այդքան «առաջադիմեինք» Եվրադատարանին ուղղված դիմումների թվով: Ուրեմն ոչ բարվոք է վիճակը ոչ միայն իրավունքի, այլեւ դատաիրավական գործընթացների առումով»:

 

 

ՖԻՆԱՆՍՈՎ ՏԵՂԱԿԱԼԸ
Հայաստանի ֆինանսների նախարարի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Կարեն Գասպարյանը, պարզվում է, պետական պաշտոնը զբաղեցնելու հետ միաժամանակ, բավականին լուրջ ունեցվածք է կուտակել: Նա այս պաշտոնին նշանակվել է 2016 թվականին: Իսկ նախկինում ֆինանսների նախարարության մաքսային hսկողության վարչության մաքսասակագնային կարգավորման բաժնի պետն էր: Նա ՊԵԿ-ից դուրս էր եկել Գագիկ Խաչատրյանի հեռանալու հետ մեկտեղ: Ըստ նրա պաշտոնական հայտարարագրի` ունի մեկ բնակարան, երկու ավտոտնակ, BMW X5 4.8 IS մակնիշի ավտոմեքենա: Նրա փոխառությունները կազմել են 50 հազար դոլար: Այս պաշտոնյան հայտարարագրել է, որ ունի 8 մլն դրամը գերազանցող մետաղադրամների եւ ժամացույցների հավաքածու: Իսկ դրամական միջոցները կազմում են 15 մլն դրամ, 83 հազար դոլար եւ 31 հազար եվրո: Կ. Գասպարյանը որպես եկամուտ հայտարարագրել է ստացած աշխատավարձը` ամսական 350 հազար դրամ:

 

 

ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է ԱՅՑԵԼԵԼ
ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Գեորգի Ծերեթելին մտադիր է այցելել Հայաստան եւ Ադրբեջան: Ելույթ ունենալով ԵԱՀԿ մշտական խորհրդի նիստին` Ծերեթելին հիշեցրել է չլուծված հակամարտությունների մասին: «Ինչ վերաբերում է չկարգավորված հակամարտություններով այլ տարածաշրջաններին, ապա ես, օրինակ, ԽՎ-ի միջազգային քարտուղարության հետ միասին պատրաստվում եմ այցելել Հայաստան եւ Ադրբեջան, եւ հնարավոր է` այցելեմ նաեւ Մոլդովա»,-նշել է ԵԱՀԿ ԽՎ-ի նախագահը:

 

 

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԱՅՑՈՎ
Հունվարի 28-30-ը պաշտոնական այցով Բրատիսլավայում կլինի ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը, ԱԺ պատգամավորներ Մարինա Մարգարյանը, Արամ Սարգսյանը եւ Արմենուհի Կյուրեղյանը: Այցի ընթացքում պատվիրակությունը հանդիպումներ կունենա Սլովակիայի Հանրապետության նախագահ Անդրեյ Կիսկայի, Ազգային խորհրդի նախագահ Անդրեյ Դանկոյի եւ Բրատիսլավայի ինքնավար երկրամասի նախագահ Յուրայ Դրոբայի հետ:

 

 

ՄԻԳՐԱՑԻԱՅԻ ՀԱՆՑԱՎՈՐ ԽՈՒՄԲ
ՀՀ ԿԱ ազգային անվտանգության ծառայության կողմից ձեռնարկված մեծածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների եւ քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել է անօրինական միգրացիայի կազմակերպմամբ զբաղվող անդրազգային հանցավոր խումբ, որը ՀՀ տարածքով իրականացրել է օտարերկրյա քաղաքացիների անօրինական միգրացիա դեպի Իրանի Իսլամական Հանրապետություն, ապա Թուրքիայի Հանրապետություն: Մասնավորապես 2017թ. հունվար-հունիս ամիսների ընթացքում բացահայտվել է հայ-իրանական սահմանի Մեղրիի հատվածում Իրաքի 1, Ուզբեկստանի 1 եւ Իրանի 4 քաղաքացիների ապօրինի սահմանահատման 5 դեպք: Պարզվել է, որ դրանք կազմակերպել են ԻԻՀ-ում եւ ԹՀ-ում բնակվող նույն անձինք: Վերջիններիս ուղղորդմամբ օտարերկրյա քաղաքացիները ժամանել են Հայաստան, այնուհետեւ տաքսի ծառայություններ մատուցող ազգությամբ հայ վարորդները նրանց տեղափոխել են անմիջապես հայ-իրանական սահմանագծի մոտ` կազմակերպիչների կողմից նախապես մատնանշված վայր: Այնուհետեւ հանցավոր խմբի անդամներից մեկը, կտրելով պետական սահմանի ինժեներատեխնիկական կառույցների փշալարերը, սահմանախախտներին ուղեկցել է Իրանի տարածք` Թուրքիա տեղափոխելու համար: Քրգործով 6 անձ ներգրավվել է որպես մեղադրյալ, նրանցից 3-ի վերաբերյալ քրգործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան, իսկ 3-ի նկատմամբ հայտարարվել է հետախուզում:

 

 

ԿՐԹԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ
Ստրասբուրգում ընթացող ԵԽԽՎ նստաշրջանում Նաիրա Զոհրաբյանը խոսել է չճանաչված պետությունների քաղաքացիների կրթական իրավունքի մասին` նշելով, որ Եվրոպայում չպետք է լինեն սեւ խոռոչներ: Նա առաջարկել է ԵԽԽՎ-ում ստեղծել աշխատանքային խումբ` քննարկելու եւ գտնելու լուծումներ` չճանաչված պետությունների քաղաքացիներին եվրոպական կրթական ծրագրերում ներգրավելու եւ կրթական գործընթացին մասնակից դարձնելու համար: Զոհրաբյանը հիշեցրել է, որ դեռեւս 1960 թվականին UNESCO-ն ընդունել է կրթական ոլորտում խտրականությունների դեմ կոնվենցիան, ինչը հստակ արձանագրում է, որ քաղաքացին ունի կրթության անբեկանելի իրավունք` անկախ նրանից, թե որտեղ է բնակվում:




Լրահոս