ԻՆՉ ՉԷՐ ԿՈՐՑՐԵԼ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ԴԱՎՈՍՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վերջին օրերին աշխարհի ուշադրությունը բեւեռված էր Շվեյցարիայի Դավոս քաղաքում անցկացված 2018թ. համաշխարհային տնտեսական ֆորումի վրա: Վերջինիս մասնակցելու համար Դավոս էին մեկնել համաշխարհային գրեթե բոլոր առաջնորդները` ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի գլխավորությամբ: Սակայն եթե նախորդ տարիներին ֆորումի կենտրոնական դեմքը ԱՄՆ նախագահն էր` հաշվի առնելով ԱՄՆ-ի գերտիրապետող դիրքը համաշխարհային տնտեսական հարաբերությունների կարգավորման գործում, ապա այս տարի իրավիճակը էականորեն տարբերվում էր:

Նախ հատկանշական է, որ դեռեւս Թրամփի նախընտրական քարոզարշավի շրջանում, երբ նա հանդես էր գալիս հիմնարար վերափոխումների կարգախոսներով ու պահանջներով, համաշխարհային ֆինանսա-կորպորատիվ դերակատարները անհանգստացած էին հնարավոր բացասական զարգացումներից: Սակայն նրա նախագահության մեկ տարին իսկ ցույց տվեց, որ Թրամփը ոչ թե փորձում է փոխել հաստատված կարգերը, այլ ընդամենը մեկուսացնում է Միացյալ Նահանգները: Թեպետ ԱՄՆ-ի մեկուսացմամբ որոշակի տեղաշարժեր, այդուամենայնիվ, իրականանում են, սակայն հեղափոխական վերափոխումների մասին խոսել չի կարելի: Ի վերջո, վերափոխումներ Թրամփը կարող էր կատարել` անմիջական մասնակցություն ցուցաբերելով, մինչդեռ ԱՄՆ-ի սահմաններում պարփակվելով ու Հս. Կորեայի առաջնորդի հետ թվիթերում լեզվակռվի մեջ գտնվելով` հազիվ թե նրա մոտ ինչ-որ բան ստացվեր: Եթե մեկ տարի առաջ ողջ Եվրոպան շունչը պահած սպասում էր, թե էքսցենտրիկ Թրամփը ինչ նոր գլխացավանք է մատուցելու հին մայրցամաքին, ապա այսօր համընդհանուր հանգստություն է տիրում` արձանագրելով, որ կարելի է նաեւ առաջ շարժվել առանց ամերիկյան ուղղորդության:
Դավոսում հավաքված ֆինանսա-կորպորատիվ համաշխարհային վերնախավը կենտրոնացավ փոխկապակցվածության ու համատեղ առաջընթացի հարցերի քննարկման վրա` գլոբալիզացիայի հարցում մեկ քայլ իսկ նահանջ թույլ չտալու պատրաստակամությամբ: Թեպետ ԱՄՆ գործող նախագահը ներկայացնում է գլոբալիզացիայի հակադիր թեւը, սակայն այդ գաղափարները այսօր համաշխարհային հարթակում լուսանցքային են: Ի վերջո, ազատ առեւտրի պայմաններում 2017թ. համարվում է բիզնեսի ու ֆինանսական հոսքերի առումով լիովին հաջողված տարի` զերծ լուրջ ճգնաժամերից, շուկայի վայրիվերումներից, եւ որ ամենակարեւորն է` առանձնանալով աճի տեմպերով: Հետաքրքիր է, որ Թրամփի ուղերձը Դավոսի համաժողովի մասնակիցներին կարծես այնքան էլ չէր հետաքրքրում` նկատի ունենալով հանգամանքը, որ բոլորի ակնկալությամբ նա պետք է խոսի ԱՄՆ-ի բացառիկությունից ու իր պետության շահերը ամեն ինչից վեր դասելու մասին: Եվ Թրամփի ելույթը Դավոսում հիմնված էր բոլորին հասցնելու իր կարգախոսը` առաջնայինը ԱՄՆ-ի շահերն են: Այս առումով Թրամփը կարող է սոսկ որոշակի մասնակցություն ունենալ համաշխարհային տնտեսական հարաբերությունների զարգացմանը, բայց ոչ երբեք հավակնել դրանք առաջնորդելուն:
Թրամփը արդեն իսկ հասցրել է հանդիպել Իսրայելի վարչապետ Բ. Նեթանյահուի ու Միացյալ Թագավորության վարչապետ Թ. Մեյի, Ռուանդայի ու Շվեյցարիայի նախագահների հետ: ԱՄՆ նախագահը բազմաթիվ հարցեր չունի քննարկելու այստեղ` բավարարվելով ներկայացուցչական հանդիպումներով ու դաշնակից պետությունների ղեկավարների հետ քննարկումներով: Հազիվ թե կարելի է ակնկալել, որ մեկուսացման ուղի բռնած Միացյալ Թագավորության ու մեկ այլ քաղաքական մեկուսի Իսրայելի հետ Թրամփը ամբողջ աշխարհին վերաբերող տնտեսական նոր քաղաքականություն կարողանա ներդնել ու իրականացնել: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն արդեն իսկ հասցրել է ծաղրաբար արձագանքել Դավոսի այս համաժողովին Թրամփի մասնակցությանը: Մակրոնը հայտարարել էր, որ ակնհայտորեն Դավոս չեն հրավիրվել համաշխարհային տաքացման ու կլիմայի փոփոխության հանդեպ թերահավատ մարդիկ: Մակրոնն ավելի հեռուն է գնացել` լայն ներկայացուցչական կազմի առաջ կատակելով, որ գալով Դավոս ու ձյուն տեսնելով, իհարկե, դժվար է հավատալ գլոբալ տաքացմանը: Հայտնի է, որ այդպես թերահավատ է առաջին հերթին ԱՄՆ նախագահը, որն իր երկիրը դուրս բերեց Փարիզի կլիմայի համաձայնագրից: Թրամփի դեմ հեռակա կրակոցներից չեն խուսափել նաեւ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն ու Իտալիայի վարչապետ Պաոլո Ջենտիլոնին` հստակորեն մերժելով մի պետության շահերը սպասարկելու ու փոխշահավետության սկզբունքը արհամարհելու նոր քաղաքական միտումները: Թեպետ եվրոպական առաջնորդները անվանապես չեն հիշատակել Թրամփին, սակայն նրանց վերոնշյալ հայտարարությունները, պարզ է, առաջին հերթին վերաբերել են ԱՄՆ նախագահին:
Հայաստանը Դավոսի համաժողովին ներկայացնում էր վարչապետ Կարեն Կարապետյանը: Հաշվի առնելով Դավոսում տեսանկարահանող սարքերի առատությունը, թվում էր, «մարդամեջ» դուրս գալու հնարավորությունից չպետք է հրաժարվեր առաջին հերթին Սերժ Սարգսյանը: Սարգսյանը համաշխարհային տնտեսական ֆորումին մասնակցել է միայն 2009թ., այն էլ արտաքին աշխարհում Մարտի 1-ի սպանդից հետո լեգիտիմություն որոնելիս, մինչդեռ այժմ նման խնդիր չկար: Նա Դավոսում, ըստ էության, անելիք չուներ, քանի որ նախօրեին արդեն իսկ արժանացել էր Մակրոնի համաձայնությանը իր հետնախագահական վարչապետության հարցում: Սերժ Սարգսյանի աչքերով Հայաստանի տնտեսությունը չի կարող վեր լինել ռուսական ֆիլյալի մակարդակից: Այստեղ խորթ են Դավոսում քննարկվող ազատական տնտեսության, համաշխարհային փոխգործակցության, միասնական ջանքերի ներդրման ու փոխշահավետ տնտեսական ծրագրեր իրացնելու հարցերը:
Ի վերջո, Սարգսյանը դժվար թե այնտեղ կարողանար համոզել, որ տնտեսական մենաշնորհները, բնակչության հանդեպ հարկային տեռորը, կոռուպցիան ու հովանավորչությունը կենսական անհրաժեշտություն են: Ով կհավատար այնտեղ Սերժ Սարգսյանին, եթե նա պնդեր, թե 2017թ. ֆինանսական ճգնաժամի տարի էր: Մինչդեռ ապագա «հատուկ փոխվարչապետ» Կարեն Կարապետյանն իր ժպտադեմ հորդորներով ավելի հարմար էր Դավոսում չնկատվելու համար:

Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ

 

 

ՀԻՆ ՄԱՍՆԱՇԵՆՔԸ ՔԱՆԴԵԼՈՒ ՀԱՐՑԸ` ՕՐԱԿԱՐԳՈՒՄ
«Արմենիա միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ի կողմից ՀՀ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությանն է ներկայացվել Երեւանի «Զվարթնոց» եւ Գյումրիի «Շիրակ» օդանավակայանների 2018-2022թթ. համար «Մաստեր պլանը» հաստատելու մասին առաջարկ: Նշենք, որ «Զվարթնոց» եւ «Շիրակ» օդանավակայանների` 2018-2022թթ. «Մաստեր պլանը» դիտվում է որպես գործող փաստաթղթեր, որոնք պարբերաբար ենթարկվում են վերանայման յուրաքանչյուր 5 տարին մեկ: Դրանց հիմնական նպատակն է ուսումնասիրել օդանավակայանում հնարավոր հետագա զարգացումներն ու փոփոխությունները: ՀՀ կառավարության ու «Կորպորասիոն Ամերիկա Ս. Ա.» ընկերության միջեւ 2001թ. դեկտեմբերի 18-ին ստորագրված կոնցեսիոն պայմանագրի կոնցեսիոների կողմից «Մաստեր պլանը» թարմացվելու է հինգ տարին մեկ անգամ` ընդգրկելով դրա մեջ երեսնամյա կառավարման ժամկետը: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ներկայացվող «Մաստեր պլանով» նախատեսվում է կատարել շուրջ 38.2 մլն դոլարի ներդրումներ, որի արդյունքում նախատեսվում է օդանավակայանի թողունակությունը համապատասխանեցնել ուղեւորահոսքի նախատեսվող աճին, վերանորոգել վազքուղիները, բարելավել անվտանգության մակարդակը եւ համապատասխանեցնել միջազգային նոր ստանդարտներին: Բացի այդ` «Ժողովուրդ»-ը պարզեց, որ դեռեւս օրակարգում է «Զվարթնոց»-ի հին շենքը քանդելու մտադրությունը: Բայց այն կիրականացվի միայն օդանավակայանի նստեցման հատվածի ընդլայնման նոր նախագիծը կառավարությանը ներկայացնելուց եւ քաղաքապատերանի կողմից քանդման հետագա թույլտվությունից հետո: Խոսքը կլոր մասնաշենքի մասին է, որի քանդման մասին տեղեկությունը մեծ աղմուկ է բարձրացրել ճարտարապետների մոտ: Նրանք դեմ են ժամանակին Երեւանի սիմվոլներից մեկը համարվող այդ կառույցի քանդմանը: Ուշագրավ է, որ 2013թ. Տիգրան Սարգսյանի կառավարությունը հաստատել էր երկու օդանավակայանների մասով 2013-2017թթ. «Մաստեր պլանը», որով նախատեսված էր իրականացնել 102 մլն դոլարի ներդրում: Այդ ժամանակ եւս «Մաստեր պլանում» ներառված է եղել կլոր մասնաշենքի քանդումը, սակայն ՀՀ նախկին վարչապետ Տ. Սարգսյանը դիմել էր կոնցեսիոներին, որպեսզի եւս մեկ անգամ քննարկվեր կլոր մասնաշենքի քանդումը: Փաստորեն, այդ մտադրությունը դեռ դուրս չի եկել օրակարգից:
Ինչ վերաբերում է Գյումրիի «Շիրակ» օդանավակայանին, ապա այնտեղ նախատեսվում են իրականացնել կառամատույցի վերանորոգման աշխատանքներ: Վերանորոգումից հետո նշված կայանատեղիներում հնարավոր կլինի ապահովել պայմաններ «Էյրբաս Ա-320» եւ «Բոյինգ Բ757-200» տեսակի օդանավերի շահագործման համար: Ծածկը վատ վիճակում է, ունի բազմաթիվ ճաքեր, ֆիքսացիան չի համապատասխանում պահանջներին:
Հուսանք` ՀՀ կառավարությունը, բացի «Մաստեր պլանը» հաստատելուց, ուշադրության կարժանացնի նաեւ նոր ավիափոխադրողների ներգրավման հարցը: Ի վերջո, «Տարոն Ավիա» ընկերությունն այս տարվանից դադարեցրել է իր գործունեությունը` պատճառաբանելով, որ չի դիմանում ռուսական «Պոբեդա»-ի մրցակցությանը: Ու չնայած նրանց բարձրացրած խնդրին` կառավարությունը դեռ որեւէ լուրջ քայլ չի ձեռնարկել հարցը լուծելու ուղղությամբ:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

ԴԵՌ ՉԵՆ ՔՆՆԱՐԿԵԼ

Մեծ Բրիտանիայում Հայաստանի Հանրապետության դեսպան Արմեն Սարգսյանը, ում թեկնածությունը ՀՀԿ-ն առաջադրել է ՀՀ նախագահի պաշտոնում, պատրաստակամություն է հայտնել հանդիպել հասարական-քաղաքական լայն շերտերի, այդ թվում արտախորհրդարանական քաղաքական ուժերի հետ:

Առայժմ, սակայն, արտախորհրդարանական կուսակցությունները դեռ չեն որոշել` արդյո՞ք կընդունեն Արմեն Սարգսյանի` հանդիպման առաջարկը: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը նշեց, թե իրենք այդ հարցը կքննարկեն առաջարկ ստանալուց հետո նոր միայն: «Քանի դեռ առաջարկ չկա, այդ հարցը չի քննարկվի, իմաստ չկա քննարկելու»,- ասաց նա: Իսկ ընտրվելուց հետո Արմեն Սարգսյանը որքանո՞վ կարող է գործել իր լիազորությունների շրջանակներում, նա նշեց. «Խնդիրը համակարգային է, այստեղ անձերի հարց չկա, մենք ունենք լավ օրինակ` պարոն Արա Բաբլոյանը, ըստ էության նույն շրջանակի մարդ է, ի՞նչ կարողացավ փոխել»:
«Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ Անժելա Խաչատրյանն էլ ընդգծեց, որ թեկնածուների հանդիպումները առհասարակ նորմալ, ժողովրդավարական պրակտիկա է, եւ իրենք էլ որեւէ խնդիր չեն տեսնում: «Միշտ էլ պատրաստ ենք եղել լսելու թե՛ թեկնածուներին, թե՛ առաջ քաշված հարցերը եւ, բնականաբար, մեր մոտեցումներն էլ ասում ենք միշտ, կասենք նաեւ հանդիպման ընթացքում, եթե այդպիսին լինի: Իհարկե, առաջարկի դեպքում կքննարկենք մասնակցության հարցը»: «Հայ ազգային կոնգրես» կուսակցության փոխնախագահ Լեւոն Զուրաբյանը հայտարարել է, թե նման հարց կուսակցությունում չի քննարկվել, կարող է քննարկվել միայն պաշտոնական առաջարկից հետո, իսկ քանի որ առաջարկ չկա, քննարկում էլ չկա: «Սերժ Սարգսյանի ստեղծած քաղաքական համակարգում Հայաստանի Հանրապետության 4-րդ նախագահը լինելու է նրա խամաճիկը»,- ասել է նա:
Այս հարցը դեռ չի քննարկել նաեւ «Հայկական վերածնունդ» կուսակցությունը` նախկին ՕԵԿ-ը, որ մինչեւ 2013 թվականը ՀՀԿ-ի հետ իշխող կոալիցիայի կազմում էր: Այս կուսակցության մամուլի խոսնակ Էդգար Առաքելյանի խոսքերով` իրենք դեռ որեւէ դիրքորոշում չունեն, եւ հարցին կանդրադառնան փետրվարին կայանալիք նիստում:

ՌՈՒԲԵՆ ԲԱՆՈՒՉՅԱՆ




Լրահոս