ԴԻԶՎԱՌԵԼԻՔԻ ԹԱՆԿԱՑՈՒՄԸ ԿԱԶԴԻ ՀՐՈՒՇԱԿԵՂԵՆԻ ԳՆԻ ՎՐԱ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գնաճի թեմայով Սերժ Սարգսյանի հանձնարարությունից անցել է ավելի քան երկու շաբաթ, բայց ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը դեռ շարունակում է ուսումնասիրել հացահատիկի եւ ալյուրի շուկան:

Հիշեցնենք՝ հունվարի 10-ին առանձին ապրանքատեսակների գների բարձրացման եւ դրա հետեւանքների հնարավոր մեղմմանն ուղղված լուծումների քննարկման նպատակով անցկացված խորհրդակցության ժամանակ Ս. Սարգսյանը մի շարք հանձնարարականներ էր տվել ոլորտի պատասխանատուներին: Մասնավորապես ՏՄՊՊՀ-ին առաջարկվել էր բարձր կենտրոնացվածություն ունեցող ապրանքային շուկաներում գների անհիմն բարձրացման դեպքերում ձեռնարկել կտրուկ միջոցներ: Ավելին` ՏՄՊՊՀ-ին հանձնարարվել էր ուսումնասիրել հացահատիկի եւ ալյուրի շուկաներում գնագոյացումը եւ խնդիրների առկայության դեպքում ներկայացնել համապատասխան առաջարկություններ:
Երեկ ՏՄՊՊՀ-ից «Ժողովուրդ» օրաթերթին փոխանցեցին, որ ալյուրի եւ ցորենի շուկայի ուսումնասիրության աշխատանքներն այս պահին ընթացքի մեջ են. դիմել են տնտեսվարողներին եւ սպասում են տվյալների: Հանձնաժողովը մանրամասն ուսումնասիրում է ամբողջ շղթան` ցորենի ներկրումից, ալյուրի վերամշակումից մինչեւ հացի արտադրություն: Նշենք, որ ալյուրի ոլորտում 67 տնտեսվարող ներմուծում է իրականացնում:
«Մանչո գրուպ» ընկերության սեփականատեր Իվան Մոսոյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտարարեց. «Ես արտադրում եմ ալյուր, որն էլ մատակարարում եմ հացի փռերին, իսկ ես ալյուրի գին չեմ բարձրացրել: Ցորենը մենք ներկրում ենք Ռուսաստանից, բայց չենք պատրաստվում այն թանկացնել: Անգամ, երբ էներգակիրների գները բարձրացան, մենք ոչ մի թանկացում չենք արել: Փառք Աստծո, դիմանում ենք: Առաջիկայում եւս չենք պատրաստվում ալյուրի գինը բարձրացնել: Ես ինքս վերջին շրջանում մի քանի անգամ գնացել եմ Ռուսաստան եւ նկատել եմ, որ այնտեղ ցորենի պաշարները բավականին մեծ են, չեմ կարծում, որ այնտեղ եւս ցորենը, ալյուրը թանկանան: Ստեղծված իրավիճակը թույլ է տալիս գները պահպանել»:
Բայց ալյուրի արտադրությունից բացի` «Մանչո գրուպ» ընկերությունը զբաղվում է նաեւ հրուշակեղենի արտադրությամբ: Իսկ հրուշակեղենի գների վրա առաջիկայում հնարավոր է` իր բացասական հետեւանքները թողնի դիզվառելիքի եւ սեղմված գազի թանկացումը: «Վառելիքի շուկայի հետ կապված քննարկումների փուլում ենք, որովհետեւ հրուշակեղենի առաքումը հիմնականում տրանսպորտով է իրականացվում: Իսկ այդ տրանսպորտն էլ աշխատում է դիզվառելիքով: Հրուշակեղենի գին դեռեւս չենք բարձրացրել, բայց արդեն զգում ենք, որ շուտով կաշխատենք վնասով»,- նկատեց գործարարը: Իվան Մոսոյանը, սակայն, դժվարացավ հստակ ժամկետներ նշել, թե ե՞րբ կբարձրացնեն հրուշակեղենի գինը: «Նոր է թանկացել դիզվառելիքը, այս ամիսը փակենք, տեսնենք` ինչ արդյունք կունենանք, ըստ դրա էլ կվերանայենք: Ժողովուրդը խիստ ոչ գնողունակ է, մենք էլ շահագրգռված չենք ապրանք թանկացնել: Քանի որ հենց գնային մի քանի դրամի տատանումներ ենք ունենում, միանգամից ապրանքատեսակի սպառման ծավալները նվազում են: Դա էլ մեզ ձեռնտու չէ: Պատահում է, որ փոքր վնասով ենք աշխատում կամ ինքնարժեքով, բայց միայն թե շրջանառությունը անընդհատ շարունակվի»,- անկեղծացավ «Մանչո գրուպ»-ի սեփականատերը:
Սեւանի հացի գործարանի տնօրեն Աշոտ Ավետիսյանը եւս բացառեց հացամթերքի շուկայում թանկացումների հավանականությունը: «Հացամթերքի շուկայում թանկացում կլինի միայն այն դեպքում, երբ ալյուրի գինը բարձրանա: Իսկ առաջիկայում ալյուրը դժվար թանկանա»,- նշեց հացի արտադրությամբ զբաղվող տնտեսվարողը: Գործարարը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հավաստիացրեց, որ առաջիկայում ո՛չ հացի գինը կբարձրանա, ո՛չ էլ քաշը կնվազի: «Չեմ կարծում, որ հացի մյուս արտադրողները թանկացման կգնան: Քանի որ դիզվառելիքի եւ սեղմված գազի թանկացումը չնչին տոկոս է կազմում հացի արտադրության ոլորտում: Եւ երբեք դրա պատճառով չի կարող հացի գինը փոփոխվել»,- հայտարարեց Աշոտ Ավետիսյանը` հավելելով, որ Ռուսաստանում հացի գինը բարձրացել է հարկային քաղաքականության հետեւանքով:
Մինչ այդ Սեւանի հացի գործարանի տնօրենը նկատեց, որ հացի սպառման ծավալները Ամանորից հետո նվազել են. «Մեզ մոտ սպառման ծավալները ընդհանրապես Ամանորից հետո միշտ փոքր-ինչ նվազում են: Սովորաբար դա նկատվում է հունվարին` տոնական օրերից հետո: Հավանաբար մարդկանց գումարներն են վերջանում»:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

ԿԱՅԱՆՆԵՐՆ ԱՆՊԻՏԱՆ ԵՆ
2017 թվականին Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանում դեղձի եւ այլ մրգերի նվազ բերք եղավ: Ստացված բերքի զգալի մասն էլ անորակ էր, քանի որ կարկտահարության հետեւանքով Դեբեդի հովտի պտղատու այգիները մեծ հարված ստացան: Նոյեմբերյանի այգեգործների միության նախագահ, Պտղավան գյուղից փորձառու այգեգործ-մասնագետ Սպարտակ Զաքարյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասաց, որ կարկտահարված մրգերը հնարավոր չէր իրացնել շուկայում, իսկ դեղձ կամ այլ մրգեր ընդունող պահածոներ կամ հյութեր արտադրող գործարաններ չկան: Ս. Զաքարյանը հայտնեց, որ ինքը բազում տակառներում կուտակել է կարկտահարությունից փչացած, հետո իր կողմից հավաքված, մանրացված միրգը, որպեսզի դրանից տնայնագործական եղանակով օղի թորի:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Նոյեմբերյանի տարածաշրջանի պտղաբույծներից շատերն են հայտնվել նման իրավիճակում: Նրանց մեծ մասը Հայաստանի տարբեր բանկերում եւ վարկային կազմակերպություններում վերցված վարկեր ունի: Այգեգործներն ակնկալում էին, որ ստացված բերքի եկամտով կփակեին վարկերը, սակայն բնությունը հուսախաբ արեց նրանց: Նշենք, որ Տավուշի մարզում հակակարկտային կայանները տեղադրված են միայն Նոյեմբերյանի տարածաշրջանում, Իջեւանի, Բերդի եւ Դիլիջանի տարածաշրջաններում նման կայաններ չկան: Դրանք տեղակայված են Դեբեդի հովտում, ուր գտնվում են դեղձի եւ այլ մրգերի հարյուրավոր հեկտար այգիները:
Ս. Զաքարյանից «Ժողովուրդ»-ը հետաքրքրվեց` հակակարկտային այգիները չե՞ն պաշտպանել այգիների բերքը: Նա ասաց, որ իր այգիների մոտ հակակարկտային նման 3 կայան կա, որոնք գործեցին, սակայն նույնիսկ իրենց գտնվելու տեղանքը չկարողացան պաշտպանել կարկուտից: Այդ կայանները չեն արդարացնում իրենց: Նոյեմբերյանի այգեգործները համոզված են, որ նման կայանների տեղադրումը պայմանավորված էր ոչ թե դրանց աշխատանքի արդյունավետությամբ, այլ կոռուպցիոն դրդապատճառներով:
Հիշեցնենք, որ թեեւ 2017թ. Տավուշի մարզխորհրդի նիստում մարզպետ Հովիկ Աբովյանն ասաց, որ Լոռու մարզում փորձարկվում է հակակարկտային հրթիռային համակարգ, դրա արդյունավետ լինելու դեպքում նման կայան կտեղադրվի նաեւ Տավուշի մարզում: Բավական ժամանակ է անցել, սակայն հակակարկտային հրթիռային կայաններից խոսք չկա: Ս. Զաքարյանը համոզված է, որ հաճախ տեղի ունեցող կարկտահարություններից բերքի փրկությունը հակակարկտային ցանցերն են: Դրանք բերքը հուսալիորեն պաշտպանում են, նաեւ արեւային պայծառ եղանակի դեպքում հեշտ հավաքվում են: Նա նշեց, որ Եվրոպայում հակակարկտային ցանցերը լայն կիրառություն ունեն, դրանց մեկ քառակուսի մետրը արժի 1 եվրո եւ արտադրությունը տեխնոլոգիապես բարդ չէ:
Նկատի ունենալով, որ Հայաստանում աշխատուժն էժան է, այստեղ արտադրվելիք նման ցանցերի ինքնարժեքը համեմատաբար ավելի էժան կլինի: Ս. Զաքարյանը հույս ունի, որ առաջիկա ժամանակաշրջանում Հայաստանում հակակարկտային ցանցեր արտադրող ձեռնարկություն կգործարկվի:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ

 

 

ԱՇԽԱՏԱՎԱՐՁԵՐԸ ՆՈՒՅՆՆ ԵՆ
2018թ. հունվարից մանկավարժների աշխատավարձի փոփոխություն չի կատարվել: ՀՀ կրթության եւ գիտության նախարարության փոխանցմամբ` պարբերաբար շրջանառվող տեղեկությունները, թե ուսուցիչների աշխատավարձը հունվարի 1-ից նվազել է, չեն համապատասխանում իրականությանը:
ՀՀ ԿԳՆ-ն դեռեւս 2017թ. դեկտեմբերի 27-ին ՀՀ մարզպետարաններ եւ Երեւանի քաղաքապետարան ուղարկել էր շրջաբերական-գրություն, որում առաջարկվել է իրենց ենթակայությամբ գործող հանրակրթական դպրոցների տնօրեններին հանձնարարել` դպրոցի 2018թ. բյուջեն պլանավորելիս առաջնորդվել այն սկզբունքով, որ ուսուցիչների աշխատավարձերի իջեցում չլինի: Նույն հանձնարարականը տրվել է նաեւ ԿԳՆ ենթակայությամբ գործող ուսումնական հաստատությունների տնօրեններին:

 

 

ՓԵՏՐՎԱՐԻ 4-ԻՆ` ԱՎՏՈԵՐԹ
«Աջ ղեկ» նախաձեռնության անդամներ Արա Մելիքջանյանը, Արտաշես Հարթենյանն ու Արտյոմ Դավթյանը հայտնել են, որ փետրվարի 4-ին նախաձեռնել են ավտոերթ` ի նշան աջակողմյան ղեկով մեքենաների ներմուծումն արգելող նախագծի: ՀՀ տրանսպոտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության կողմից տրամադրված ժամկետները, ըստ որի` արգելքը գործելու է ապրիլի մեկից, սխալ է հաշվարկել:
Ա. Մելիքջանյանը նշել է, որ իրենք կառավարությանը ներկայացրել են առաջարկություններ, սակայն պատասխան այդպես էլ չեն ստացել եւ, իրենց ենթադրությամբ, եթե պատասխան էլ ստանան, այն չի արտացոլելու իրականությունը եւ չի փարատելու իրենց կասկածները: «Մենք համարում ենք, որ այլեւս սպառված են ՀՀ կառավարության եւ ՏԿՏՏՆ-ի հետ բանակցությունները, եւ մյուս քայլը լինելու է այն, որ բաց նամակով դիմելու ենք երկրի նախագահին»,-ասել է նա: Արտյոմ Դավթյանն էլ ներկայացրել է, որ արդեն գնված մեքենաները չեն հասցնի Հայաստան ներկրել մինչեւ ապրիլի 1-ը: «Մինչեւ հունվարի 10-ը գնվել է 900 մեքենա, որոնք մինչեւ ապրիլի 1-ը չեն հասնի Հայաստան: Մենք բոլոր հաշվարկներն արել ենք եւ եկել ենք նրան, որ առավելագույնը 180 օր է պետք, որ մեքենան հասնի Հայաստան, մինչեւ հունվարի 10-ը գնած մեքենաների մեծ մասը չենք կարողանալու ներկրել Հայաստան: Մենք շարունակելու ենք մեր պայքարը»,-ասել է նա:
Նշենք, որ ավտոերթը մեկնարկելու է Խաչիկ Դաշտենց փողոցից:




Լրահոս