Ամերիկյան պատժամիջոցները կարող են ազդեցություն ունենալ Հայաստանի վրա. ռուս քաղաքագետի դիտարկումները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ ֆինանսների նախարարությունը պատժամիջոցների մասին օրենքի շրջանակում հրապարակել է «կրեմլյան ցանկ», որում ընդգրկված են ռուսաստանցի 96 խոշոր գործարարներ, 114 պաշտոնյաներ եւ պետական ընկերությունների ղեկավարներ: Ամենայն հավանականությամբ, հենց այս մարդկանց վրա էլ կտարածվեն ԱՄՆ պատժամիջոցները: Ուշագրավն այն է, որ «Կրեմլյան զեկույց»-ում ընդգրկվել են նաեւ Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը եւ արտգործնախարար Սերգեյ Լավրովը: Բացի այդ` ԱՄՆ ֆինանսների նախարարության հրապարակած «Կրեմլյան ցուցակ»-ում ընդգրկված են նաեւ ռուսաստանաբնակ հայ գործարարներ Սամվել Կարապետյանը, Դանիլ Խաչատուրով ու Սերգեյ Գալիցկին (Հարությունյան): Նրանցից հատկապես Սամվել Կարապետյանը Հայաստանում մեծ բիզնես է ծավալում` առաջիկա տարիներին եւս պատրաստվելով խոշոր ներդրումներ իրականացնել:

«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ռուս քաղաքագետ Ալեքսանդր Սկակովը, անդրադառնալով կատարվածին, տեսակետ է հայտնել, թե ՌԴ-ի՝ Չինաստանի հետ հարաբերությունների մերձեցումը կարող է փոխհատուցել ամերիկյան պատժամիջոցներից սպասվող վնասները: Նա նաեւ ասել է, թե ամերիկյան պատժամիջոցները կարող են ազդեցություն ունենալ Հայաստանի վրա, քանի որ տնտեսապես ՀՀ-ն եւ ՌԴ-ն կապված են, եւ բացի այդ` ՀՀ-ն հանդիսանում է ԵԱՏՄ անդամ:

-Պարո՛ն Սկակով, ԱՄՆ ֆինանսների նախարարությունը հրապարակել է պատժամիջոցների «կրեմլյան ցանկը»: Ի՞նչ ազդեցություն սա կարող է ունենալ:

-Իհարկե, սա նոր չէ, եւ առաջին դեպքը չէ, որ ԱՄՆ-ի կողմից նման ցուցակներ են հրապարակվում եւ պատժամիջոցներ կիրառվում: Դա ԱՄՆ-ի քաղաքականությունն է, որտեղ ցանկանում են ամեն կերպ կենտրոնանալ ՌԴ-ի վրա: Դա պարզ է, եւ այստեղ որեւէ բան չենք կարող անել: Իհարկե, սա պատժամիջոցների պատերազմ կլինի. կլինեն պատժամիջոցներ ԱՄՆ-ի կողմից, ապա հակառակ պատժամիջոցներ կլինեն նաեւ ՌԴ-ի կողմից:

-Ի՞նչ վնասներ է դա հասցնելու ՌԴ-ին:

-Բնականաբար, բոլոր սանկցիաները բացասական բնույթ են կրում: Ընդ որում, դրանք կարող են բացասական ազդեցություն ունենալ ոչ միայն այն երկրի վրա, որի հանդեպ կիրառվում են, այլ նաեւ այն երկրի վրա, որը կիրառում է: Այն սանկցիաները, որոնք ՌԴ-ն ի պատասխան ուղղել է Արեւմուտքին, դրանք եւս կարող են բացասական լինել այդ երկրների համար:

-Առաջին անգամ չէ, որ ԱՄՆ-ն պատժամիջոցներ է կիրառում ՌԴ նկատմամբ: Նախկին պատժամիջոցների հետեւանքները ծա՞նր են եղել:

-Դրանցից դեռ հետեւանքներ չկան, որպես այդպիսին չեն էլ կարող ունենալ: Բանն այն է, որ այդ պատժամիջոցներից հետո մեզ մոտ քաղաքականություն է փոխվել, որոնք նվազեցնում կամ չեզոքացնում են այդ պատժամիջոցների ազդեցությունը: Չինաստանի եւ ԲՐԻԿՍ-ի երկրների հետ մերձեցմամբ որոշակիորեն կարող են փոխհատուցվել Արեւմուտքի հետ հարաբերություններում վնասները:

-Պատժամիջոցների ցանկում հանդիպեցինք պետական պաշտոնյաների, այդ թվում՝ Սերգեյ Լավրովին: Ամերիկացիներն այս հնարավոր պատժամիջոցների արդյունքում արդյո՞ք կփորձեն արգելել ՌԴ ԱԳ նախարարի մուտքն իրենց երկիր:

-Դե, ես չեմ կարծում, թե խոսքն այն մասին է, թե, օրինակ, Լավրովին չեն թողնի մուտք գործել ԱՄՆ, դա արդեն ծիծաղելի հանգամանք կլինի: Այստեղ կարող են այլ հարցեր լինել, օրինակ` եթե նրանք ունեն հաշիվներ ամերիկյան բանկերում:

-Այդ ցանկում ընդգրկված են նաեւ ռուսաստանաբնակ հայ գործարարներ: Այդ պատժամիջոցները կարո՞ղ են ազդեցություն ունենալ նաեւ Հայաստանի վրա:

-Պետք է հիշել, որ բոլոր պատժամիջոցները, որոնք արվում են ՌԴ-ի հանդեպ, անմիջականորեն վերաբերում են նաեւ Հայաստանին: Դրա պատճառը երկու երկրների տնտեսությունների միջեւ կապն ու փոխկապակցված լինելն է: Բնականաբար, դրանք կանդրադառնան Հայաստանի վրա: Այստեղ խնդիրն ամենեւին էլ այն չէ, որ ցանկում առկա են նաեւ հայ գործարարներ: Ամեն դեպքում էլ այդ պատժամիջոցները Հայաստանի հետ կապված էին լինելու: Օրինակ` այդ պատժամիջոցները կարող են դժվարեցնել ֆինանսական փոխհարաբերությունները, այդ թվում նաեւ ԵԱՏՄ-ի շրջանակներում կամ առեւտրային պայմանագրերի դեպքում: Ներկայումս լրիվ անհնար են դառնում նաեւ հնարավոր պայմանագրերը ԵԱՏՄ-ի եւ ԵՄ-ի միջեւ: Սակայն Արեւմուտքում չեն հասկանում, որ այս դեպքում ՌԴ-ն ավելի շատ այժմ ուղղված կլինի դեպի Չինաստան, ինչն այնքան էլ նրանց հետաքրքրությունների շրջանակում չէ:

Հ.Գ. Ի դեպ, երեկ ՀՀ-ԱՄՆ խորհրդարանական բարեկամական խմբի անդամներին է հանդիպել Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը: Նա խմբի անդամներին է ներկայացրել ԱՄՆ ազգային անվտանգության նոր ռազմավարությունը` ասելով. «ԱՄՆ ազգային անվտանգության ռազմավարությամբ սահմանված բոլոր նպատակներն այս կամ այն կերպ ուղղակիորեն առնչվում են նաեւ Հայաստանին, քանզի դրանցից յուրաքանչյուրի հետ կապված մենք ունենք ընդհանուր շահեր: ՀՀ-ի եւ ԱՄՆ-ի միջեւ շարունակական բարեկամության երաշխիքը մեր ժողովուրդների ամուր ու տեւական կապերն են»:

զրուցեց Նաիրա Հովհաննիսյանը




Լրահոս