Ձյուդոյիստներն Օլիմպավանում պատրաստվում են միջազգային մրցաշարերի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ձյուդոյի Հայաստանի հավաքականն ուսումնամարզական հավաք է անցկացնում Օլիմպավանում: Գլխավոր մարզիչ Արմեն Նազարյանը թիմում ընդգրկել է 12 ձյուդոյիստի, ովքեր պատրաստվում են տարբեր միջազգային մրցաշարերի.

«Տղաներն աստիճանաբար լավ մարզավիճակ են ձեռք բերում: Փետրվարին երեք ստուգատես կունենանք: Նախ Ֆերդինանդ Կարապետյանը Փարիզում կմասնակցի «Մեծ սաղավարտ» միջազգային մրցաշարին, որտեղ մրցելու են շատ ուժեղ մարզիկներ: Դրանից հետո նա ու Արսեն Ղազարյանը Համբուրգում կմասնակցեն 10-օրյա միջազգային ուսումնամարզական հավաքի, այնուհետև Գերմանիայի Դյուսելդոլֆ քաղաքում հանդես կգան «Գրան Պրի» մրցաշարում:

Ընտրել ենք հենց այս երկու ձյուդոյիստներին, քանի որ նրանք խոշոր մրցաշարերի մասնակցելու ավելի մեծ փորձ ունեն: Մյուս ձյուդոյիստները, ովքեր նոր են հաղթել Հայաստանի առաջնությունում և ընդգրկվել հավաքականում, հանդես կգան համեմատաբար թույլ մրցաշարում՝ Ավստրիայում կայանալիք Եվրոպայի գավաթի խաղարկության փուլին: Այս միջազգային մրցաշարի արդյունքում կորոշենք, թե որ ձյուդոյիստները Հայաստանը պետք է ներկայացնեն Եվրոպայի առաջնությունում»,- ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում ասել է Արմեն Նազարյանը:

Այս տարի ձյուդոյի աշխարհի առաջնությունը կայանալու է Բաքվում: Արմեն Նազարյանը նշել է, որ մասնակցության մասին դեռ ոչ մի հստակ որոշում չկա.

«Այժմ կենտրոնացած ենք Եվրոպայի առաջնության վրա: Հետո պարզ կլինի տարվա գլխավոր ստուգատեսի մասնակցության հարցը: Եվրոպայի առաջնությունից հետո սկսվելու է ամառային Օլիմպիական խաղերի ուղեգրերի համար պայքարը: Մենք ունենք հեռանկարային մարզիկներ, որոնք կարող են Տոկիո 2020-ի վարկանիշ վաստակել»,- նշել է Նազարյանը:

2018 թվականից ձյուդոյում փոխվել են որոշ կանոններ: Օրեր առաջ Արմեն Նազարյանը մասնակցել է միջազգային սեմինարի, որտեղ ուսումնասիրել են բոլոր նոր կանոնները: Մարզչի խոսքով՝ ոչ բոլոր մասնագետներն են կողմ եղել փոփոխություններին:




Լրահոս