ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՉԱՓԸ ԽԹԱՆՈՒՄ Է ԿՈՌՈՒՊՑԻԱՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2017 թվականի հոկտեմբերի 2-ից 18-ն Ազգային ժողովում քննարկվում էր «Սնանկության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին հարցը: Օրինագծի համաձայն` հստակեցվել են սնանկության կառավարչին ներկայացվող պահանջները, նվազեցվել է կառավարիչների ինքնակարգավորվող կազմակերպության ազդեցությունը սնանկության կառավարիչների գործունեության վրա` նրանց գործունեության վերահսկողությունը վերապահելով ՀՀ արդարադատության նախարարությանը: Բացի այդ, բացառվել է կառավարիչների կողմից որպես մուտքի վճար կառավարիչների ինքնակարգավորվող կազմակերպությանը 5 մլն դրամի վճարումը, իսկ անդամավճարների եւ անդամներից գանձվող ցանկացած այլ վճարման չափի սահմանումը պետք է համաձայնեցվի արդարադատության նախարարության հետ:

«Սնանկության մասին» օրինագծում առկա խնդիրների վերաբերյալ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցեց «Սնանկության գործերով կառավարիչների կոլեգիա» ԻԿԿ դիտորդ խորհրդի նախագահ Արսեն Չիտչյանի հետ:
-Պարո՛ն Չիտչյան, օրինագծում նշված է սնանկության կառավարիչների անկողմնակալ, ազնիվ գործելու մասին, բայց իրականում քաղաքացիների դժգոհությունները անկողմնակալության մասով շարունակում են մնալ:
-Երբ գույքը դնում են աճուրդի, քաղաքացին պետք է ասի` վա՛յ, ապրես, շատ մերսի: Սա այդ հարցը չի: Գույքը գնահատվում է լիցենզավորված մասնագետի կողմից, որը հաստատ չի կարող այլ կերպ գնահատել: Դրվում է հայտարարությունը կայքում, եւ ցանկացած մարդ կարող է դա գնել, եւ կառավարիչը կարող է անգամ չտեսնել: Այնպես որ, չի կարող կողմնակալություն լինել:
-Օրինագիծը ներկայիս տեսքով որքանո՞վ է Ձեզ բավարարում: Ի՞նչ խնդիրներ եք տեսնում:
-Բնական է, որ չի կարող բավարարել: Խնդիրներ շատ կան: Դրանցից մեկն այն է, որ խոշոր հարկ վճարող համարվող իրավաբանական անձի սնանկության գործով միայն աուդիտորական կազմակերպություններին ներգրավվելը խտրական մոտեցում է, քանի որ օրենքում հստակ ամրագրված է, որ սնանկության գործով կառավարիչն անհրաժեշտության դեպքում հրավիրում է մասնագետ: Պարտատերերի վերջնական ցուցակը հաստատելուց հետո նրանց 2/3-ի կողմից սնանկության գործով կառավարչին այլ անձով փոխարինելը սխալ է, քանի որ կառավարչին կախվածության մեջ է գցում պարտատիրոջից: Վերջինիս կողմից պարզապես կարգելվի կառավարչին ներկայացնելու առողջացման ծրագիր, քանի որ ցանկացած պարտատիրոջ ձեռնտու է գույքն անհապաղ իրացնել եւ ստանալ գումար: Տվյալ դեպքում կառավարիչը կաշկանդված կլինի առարկություն ներկայացնել պարտատիրոջ պահանջի նկատմամբ, որով կոտնահարվեն պարտապանի շահերը: Կառավարչի վարձատրության չափի փոփոխություններն իրենց մեջ պարունակում են ոչ միայն կոռուպցիոն ռիսկեր, այլեւ խթանում են կոռուպցիան: Նշվածը հիմնավորվում է նրանով, որ սնանկության գործով կառավարիչն արտաքուստ բարձր թվացող աշխատավարձից վճարում է հարկեր, կատարում բավականին մեծ վարչական ծախսեր, պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ տվյալ աշխատավարձը ոչ թե ամսական է, այլ սնանկության գործընթացի ամբողջ ժամանակաշրջանի համար է:
Ինչ վերաբերում է այն հանգամանքին, որ գույքը կարող է վաճառվել 6 ամսվա ընթացքում, ապա դա բացառվում է, քանի որ պարտապանի գույքը վաճառվում է միայն պարտապանի նկատմամբ լուծարային գործընթաց սկսելուց հետո: Դա, համաձայն օրենքի, պետք է սկսվի մոտ 3 ամիս հետո: Պարտատերերին ծանուցելու, դատարան գույքի վաճառքի վերաբերյալ համապատասխան միջնորդություն ներկայացնելու համար անհրաժեշտ է առնվազն մեկուկես ամիս, իսկ մնացած մեկուկես ամսում հնարավոր չէ իրացնել գույքի վաճառք: Փոխարենը պետք է նախագծում ամրագրել այն դրույթը, որ սնանկության գործով կառավարիչը պարտավոր է յուրաքանչյուր կրկնաճուրդ անցկացնել կոնկրետ ժամանակահատվածում եւ գինը նվազեցնել կոնկրետ տոկոսով, որը չի կարգավորվում:
-Իսկ սնանկության հարցերով կառավարիչների մոտ մասնագիտական առումով խնդիր տեսնո՞ւմ եք:
-Սնանկության կառավարիչները լիցենզավորված մասնագետներ են` համապատասխան գիտելիքներով օժտված: Այնպես չի, որ անգրագետ է, եկել է… Բոլորն էլ գրագետ մարդիկ են:
-Հույս ունե՞ք, որ Ձեր կողմից ներկայացված առաջարկները կընդունվեն եւ օրինագծում փոփոխությունները տեղ կգտնեն:
-Դե, բնական է: Մենք գիտենք, որ օրենքն օրգանիզմ է, որն անընդհատ զարգանում է` օրվա պահանջին համապատասխան: Հույս ունեմ, որ փոփոխություններ տեղի կունենան:

Զրուցեց ՄԵՐԻ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ

 

 

ԱՆՎՏԱՆԳ ՃԱՆԱՊԱՐՀ Է ՊԵՏՔ
2001-2002 թվականներին Լինսի հիմնադրամի միջոցներով կառուցվեց Ադրբեջանի սահմանագոտին շրջանցող, Ոսկեպար-Կիրանց 11 կմ երկարությամբ ճանապարհը: Ճանապարհը կառուցել է «Դորոժնիկ» ՍՊԸ-ն: Դրա շինարարության համար ծախսվել է մոտ 7 միլիոն ամերիկյան դոլար: Սակայն ընթացքը եղել է ճանապարհաշինական կանոնների բազմաթիվ խախտումներով, ասֆալտի ծածկի հողե հենքը լավ չի ամրացվել:
Նախկինում Հայաստան բեռներ ներկրող խոշոր բեռնատարները Երեւան էին հասնում Բագրատաշեն-Վանաձոր ճանապարհով: 2016թ. սեպտեմբերի 14-ից մինչ այժմ վերանորոգման նպատակով փակ է միջպետական ավտոճանապարհի Վանաձոր-Ալավերդի հատվածը: Գերբեռնված ֆուռերը երթեւեկում են Բագրատաշեն-Նոյեմբերյան-Իջեւան ճանապարհով: Այդ ճանապարհի մաս կազմող Ոսկեպար-Կիրանց շրջանցիկ հատվածի ասֆալտի բարակ շերտը չի դիմացել ծանրաքարշ մեքենաների ճնշմանը: 16-17 տարի առաջ կառուցված ճանապարհի ասֆալտի ծածկը շատ տեղերում քանդվել, ձեւախեղման է ենթարկվել: Վարորդները փորձելով խուսափել փոսերից` հայտնվում են հանդիպակաց գոտում, վթարային իրավիճակ է ստեղծվում: Շրջանցիկ այդ ճանապարհը պետք է լուծեր սահմանագոտին շրջանցող ավտոմեքենաների վարորդների եւ ուղեւորների անվտանգության խնդիրը, սակայն չի լուծում: Ճանապարհի ոլորանները լավ տեսանելի են Ադրբեջանի Ղազախի շրջանում, Օնդաղ սարի լանջերին եւ գագաթին տեղակայված ադրբեջանական հենակետերից:
2015թ. սեպտեմբերի 24-ին ադրբեջանական զինուժը հրետակոծեց Տավուշի մարզի Բերդավան, Սեւքար գյուղերը, Բերդավան գյուղում զոհվեց 2 կին, 2 այլ բնակիչ վիրավորվեց: Այդ ժամանակ գիշերը Օդնդաղից ադրբեջանական զինուժը հզոր լուսարձակներով լուսավորեց Ոսկեպար-Կիրանց շրջանցիկ ավտոճանապարհը եւ գնդակոծեց այդ ճանապարհով երթեւեկող մեքենաներին: Բարեբախտաբար, տուժածներ չեղան: Ոսկեպար-Կիրանց շրջանցիկ ավտոճանապարհը, որ նախատեսված էր 10 տարի շահագործման համար, վաղուց կիսաքանդ վիճակում է: Տավուշի մարզի բնակիչները, «Ժողովուրդ»-ին հայտնել են, որ շրջանցիկ, 11 կմ երկարությամբ լեռնային ավտոճանապարհը հիմնանորոգելու փոխարեն հարկ է կառուցապատել հարթ տեղանքում ձգվող, Ոսկեպար-Կիրանց 4 կմ երկարությամբ հիմնական ավտոճանապարհը:
Այդ ճանապարհը գործել է խորհրդային տարիներին, այժմ էլ որպես ռազմական ճանապարհ է ծառայում: Հարկ է այդ ավտոճանապարհը կառուցապատել: Այն, ի տարբերություն Ոսկեպար-Կիրանց շրջանցիկ ավտոճանապարհի, ադրբեջանական գնդակոծություններից հողապատնեշով լիովին պաշտպանված է. անվտանգ է: Ձմռանը խոշոր բեռնատարները Ոսկեպար-Կիրանց շրջանցիկ ճանապարհի սառած ոլորանները չեն կարողանում հաղթահարել, մեծ խցանումներ են առաջանում: Տավուշի մարզի վարորդներն ասում են, որ եթե Ոսկեպար-Կիրանց կառուցապատվելիք, հիմնական ճանապարհը վճարովի լինի, մի քանի տարում կփոխհատուցվեն դրա կառուցման համար արված ծախսերը:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ

 

 

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ 90 ԱՇԽԱՏՈՂ ԿԿՐՃԱՏԻ
ՀՀ ճանապարհային ոստիկանության «Լուսանշան» ՊՈԱԿ-ը, որը զբաղվում է մայրաքաղաքի փողոցների նշագծումներով, առաջիկայում կլուծարվի: Նշենք, որ այս կազմակերպությունը դեռեւս 2009 թվականից է իրականացնում Երեւանի ճանապարհային գծանշումները, երթեւեկության նշանների եւ լուսացույցների տեղադրման, պահպանման, սպասարկման եւ շահագործման աշխատանքները: Եւ այդ նպատակով առանց մրցույթի, ՃՈ արտաբյուջետային միջոցներից յուրաքանչյուր տարի դրամաշնորհ է հատկացվում: Առանց որի «Լուսանշան»-ը գոյություն ունենալ չի կարող: Սակայն ոստիկանությունը մտադիր է այդ աշխատանքները իրականացնել մրցութային ընթացակարգով ընտրված կազմակերպության միջոցով: Ինչի արդյունքում այլեւս «Լուսանշան» ՊՈԱԿ-ի կարիքը չկա: Եւ ՀՀ ոստիկանությունը գտել է խնդրի անհրաժեշտ լուծումը` լուծարել կազմակերպությունը:
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ այս ՊՈԱԿ-ի լուծարման արդյունքում բնականաբար մի քանի տասնյակ աշխատողներ են գործազուրկ դառնալու: Տեղեկացնենք, որ «Լուսանշան» ՊՈԱԿ-ն այս պահին ունի 90 հաստիք: Ի դեպ, «Լուսանշան» ՊՈԱԿ-ի` 2016 թվականի տարեկան 9 ամսվա փաստացի մուտքը կազմել է 730 մլն 500 հազար դրամ, իսկ անցած տարի` 566 մլն 400 հազար դրամ: Իսկ մինչ ՊՈԱԿ-ի լուծարման գործընթաց սկսելը «Լուսանշանի» կողմից Երեւանում տեղադրված ճանապարհային նշանները, լուսացուցային օբյեկտները, ինչպես նաեւ շարժական գույքը ճանապարհային ոստիկանությունը հետ կվերցնի եւ կամրացնի իրեն: Բացի այս` «Լուսանշան» կազմակերպության լուծարումից հետո մնացած դրամական միջոցներն ուղղվելու են պետական բյուջե, իսկ անշարժ գույքը ամրացվելու է պետական գույքի կառավարման վարչությանը:
Թե որ ընկերությունն է փոխարինելու «Լուսանշան»-ին, առաջիկայում պարզ կդառնա: Հուսանք` սա հերթական այն ընկերություններից չի լինի, որը կաշխատի պետություն/մասնավոր` 70/30 տոկոսային հարաբերությամբ:
Ս. ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

ԴԺԲԱԽՏ ԴԵՊՔ
Հունվարի 28-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Արայի լեռան վրա` Վառվառակույս եկեղեցու մոտ, ձնաբքի պատճառով մի քաղաքացի է կորել, իսկ մյուսը` վնասել ոտքը: Արշավախումբը բարձրացել էր Ծաղկեվանքից մոտ 500 մ դեպի հյուսիս-արեւելք գտնվող հատված, որտեղ արշավախմբի ղեկավարը` Էդգար Նավասարդյանը, եւ երկու անդամ ձյան սահքի պատճառով սահել են դեպի ձորակը, որոնցից մեկը կորել է: Հեռախոսակապ է հաստատվել խմբի անդամներից մեկի հետ, որը տեղեկացրել է, որ կորած քաղաքացուն գտել են, սակայն կենդանության նշաններ ցույց չի տալիս: Տուժածները հոսպիտալացվել են «Արմենիա» ՀԲԿ: Փրկարարները արշավական Նաիրուհի Սիմոնյանի դին իջեցրել եւ տեղափոխել են Արագածոտնի մարզի Կարբի գյուղ, որտեղ հանձնել են շտապօգնության աշխատակիցներին:




Լրահոս