Վահագն Աբգարյանի օգտին գործելու համար պաշտոնատար անձը խոշոր չափերի կաշառք է ստացել. մանրամասներ

ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով շարունակվում են իրականացվել մեծածավալ քննչական և օպերատիվ-որոնողական միջոցառումներ՝ Ալավերդիում 2017 թվականի հունիսին Կամո Փիրուզյանի սպանության դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։

Բազմակողմանի քննության արդյունքում տվյալներ են ստացվել առ այն, որ հիշյալ սպանությունը պատվիրելու մեջ մեղադրվող Վահագն Աբգարյանի և սպանությունը կատարելու մեջ մեղադրվող Վլադիմիր Դավթյանի օգտին ապօրինի գործողություններ կատարելու համար պետական հատուկ ծառայություն իրականացնող ՀՀ քննչական կոմիտեի պաշտոնատար անձանցից մեկն իր լիազորությունների շրջանակներում ստացել է առանձնապես խոշոր չափերի կաշառք, իսկ մի շարք այլ պաշտոնատար անձինք, շահադիտական և անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով, իրենց պաշտոնեական դիրքն օգտագործել են ծառայության շահերին հակառակ:

ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության քննիչի որոշմամբ Կամո Փիրուզյանի սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործից հիշյալ պաշտոնատար անձանց վերաբերյալ մասը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով և 308-րդ հոդվածի 1-ին մասով, անջատվել է առանձին վարույթ և ուղարկվել ՀՀ գլխավոր դատախազություն՝ ըստ քննչական ենթակայության՝ ՀՀ հատուկ քննչական ծառայություն ուղարկելու միջնորդությամբ: