Աղմուկ «Կուկուռուզնիկ»-ի շուրջ՝ մի էսքիզի պատճառով. ոչ ոք «Խաչ Երեւանի համար» չի պատվիրել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեւանի խորհրդանիշներից մեկը` Երիտասարդության պալատը, որին քաղաքացիները տվել էին «Կուկուռուզնիկ» անունը, եւ որը համարվում էր խորհրդային շրջանի մոդեռն ոճի լավագույն շենքերից մեկը, 2005-ին քանդվեց, սեփականատերը ոչնչացրեց նաեւ շենքի մոտակայքում գտնվող 4 հա տարածությամբ բլուրը: 2010-ին այս տարածքում նոր շենք կառուցելու մրցույթ հայտարարվեց: Ներկայացված աշխատանքներից ընտրվեց ճապոնացի ճարտարապետ Կիոկազու Արայիի ներկայացրած առաջարկը: Արայիի ներկայացրած նախագիծը ներառում էր «ԻնտերԿոնտինենտալ-Հայաստան» հյուրանոցային համալիր, միջազգային գործարար կենտրոն, բնակարանային համալիր: Ինչ-ինչ պատճառներով, սակայն, նախագիծն այդպես էլ չիրագործվեց: Մի առիթով ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանը նույնիսկ նշել է. «Բազմիցս ասել եմ, որ այս պատմության միակ դրական կողմն այն է, որ իրականություն չդարձավ այդ նախագիծը, քանի որ այն իր չափերով տվյալ տեղի եւ դիրքի համար օտար նախագիծ էր»:

Այս ամենից հետո Երիտասարդության պալատի ճակատագրի շուրջ խոսակցությունները դադարեցին: Վերջերս, սակայն, հանրության շրջանում աղմուկ բարձրացավ, երբ լուրեր տարածվեցին, որ «Ասք» ընկերությունը պատրաստվում է Երիտասարդական պալատի տեղում նոր շենք կառուցել` «Խաչ Երեւանի համար»: Շատերը դա համարեցին անճաշակ նախագիծ: Թե ինչ նախագծի մասին է խոսքը, կամ արդյո՞ք եղել է որեւէ պատվիրատու, «Ժողովուրդ»-ը պարզեց «Ասք» ընկերության հիմնադիր Հայկ Կարապետյանից: Վերջինս տեղեկացրեց, որ որեւէ մեկն իրեն չի պատվիրել կազմել կամ իրականացնել այդ նախագիծը. «Տվյալ էսքիզն արվել է շուրջ ութ տարի առաջ, երբ տվյալ տարածքում նոր շենք կառուցելու մրցույթ հայտարարվեց: Ընկերս առաջարկեց ինձ մասնակցել մրցույթին: Մենք արեցինք այդ էսքիզը, սակայն ինչ-ինչ պատճառներով այդպես էլ չմասնակցեցինք մրցույթին: Հետո արդեն հայտնի դարձավ, որ ընտրվել է ճապոնացի ճարտարապետի աշխատանքը:

Ի դեպ, բացի հանրության ուշադրության կենտրոնում հայտնված էսքիզից` ես արել եմ մեկ այլ տարբերակ եւս. հաշվի առնելով, որ խաչը կարող է դուր չգալ մահմեդական երկրներից ժամանած զբոսաշրջիկներին, դրա փոխարեն առաջարկել էի կառուցել շրջանաձեւ ապակի: Հիմա, երբ չգիտեմ ում ձեռքով խաչով տարբերակը հայտնվել է համացանցում, շատերը սկսել են քննադատական կարծիքներ արտահայտել: Ես չէի սպասում, որ Հայաստանում ավելի շատ մահմեդական կա` խաչից վախեցող»,-մեկնաբանեց նա: Երիտասարդության պալատի ճակատագրի մասին զրուցեցինք նաեւ ճարտարապետ Անահիտ Թարխանյանի հետ: Նա հույս ունի, որ «Կուկուռուզնիկը» մի օր վերականգնվելու է. «Դրա համար պետք է անենք ամեն ինչ, հատկապես, որ վերականգման եւ արդիականացման համար բոլոր նախադրյալները կան: Ես` որպես ճարտարապետ եւ որպես Երիտասարդության պալատի համահեղինակներից մեկի` Արթուր Թարխանյանի դուստր, մի քանի ճարտարապետների հետ առաջարկել եմ պալատի վերականգնման նախագծի մի քանի տարբերակ»,-տեղեկացրեց մեր զրուցակիցը:

Ճարտարապետի խոսքով` նախնական նախագծի համաձայն` Երիտասարդության պալատի յուրաքանչյուր հարկի բարձրությունը պետք է կազմեր 3 մետր: Բայց քանի որ 1970-ականներին բոլոր ծախսերը լիմիտավորված էին, հարկայնությունն իջեցրել են: Հիմա տիկին Թարխանյանն առաջարկում է շենքը վերականգնել նախկին գծագրերի համաձայն` ամեն հարկը 3 մետրի սկզբունքով:

«Հայրս շատ էր ափսոսում, որ հարկերի բարձրությունը կրճատվեց: Եթե գտնվի ներդրող, ով կցանկանա տվյալ տարածքում հյուրանոց կառուցել, մեր նշած տարբերակը բավական շահեկան կլինի»,-եզրափակեց ճարտարապետը:

Աննա Բաբաջանյան




Լրահոս