«Ժողովուրդ»-ը բլից հարցազրույց է անցկացրել «Խաղ իմ կանոններով», «Իմ փոքրիկ փեսացուն» ֆիլմերից, «Եռաչափ սեր», «Երեք կյանք», «Կյանքից առավել» եւ մի շարք հեռուստասերիալներից, «Outdance» պարային սիթքոմից հայտնի դերասանուհի Լիա Զախարյանի հետ: Մենք զրուցել ենք նրա նախասիրությունների, մարդկային հարաբերությունների, լավ ընկերոջ, տղամարդուն բնորոշ որակների եւ այլ թեմաների շուրջ: Դերասանուհին տվել է անկեղծ, դիպուկ եւ երբեմն էլ անսպասելի պատասխաններ:
-Լիա՛, Ձեր` ներկայիս ամենամեծ երազանքը:
-Ճամփորդելը:
-Մարդկանց մեջ Ձեզ համար ցուցիչ կարող է լինել…
-Խոսքը, այն, թե ինչպես է արտահայտվում:
-Ձեզ առանձնակի հմայք է հաղորդում…
-Իմ ժպիտը:
-Որակ, որ ունեք եւ որով Դուք հպարտանում եք:
-Ներողամտությունը:
-Բնավորության գիծ, որը կցանկանայիք Ձեր մեջ փոխել:
-Չափազանց վստահող եմ:
-Ամենասիրելի գույնը:
-Մանուշակագույնի բաց երանգները:
-Գրող, որը շշմեցրել է Ձեզ:
-Դենիս Ֆոնվիզինը` իր «Տհաս»-ը ստեղծագործությամբ:
-Ներկայացում, որը շատ է դուր եկել:
-«Հիշատակման աղոթք»-ը` Ստանիսլավսկու անվան թատրոնում:
-Ձեր կյանքի կարգախոսը:
-Ես չգիտեմ, թե ինչ պետք է անեմ հիմա, բայց ես շատ լավ գիտեմ, թե ինչ չպետք է անեմ հիմա:
-Մի գիծ, որ տղամարդու մեջ երբեք չեք հանդուրժի:
-Տգիտությունը:
-Մանկությունից եկած ցանկություն, որը դեռ չի կատարվել:
-Միշտ ուզեցել եմ կարեւոր մարդ դառնալ, թողնել անուն եւ իմ մասին հիշողություններ, հուսամ` կստացվի:
-Անցյալի, ներկայի, թե՞ ապագայի մարդ եք:
-Ներկայի:
-Այս երեքից ո՞վ կդառնա Ձեր ընկերը` կատակասերը, անկեղծը, թե խելացին:
-Խելացին:
-Դերասան, որի երկրպագուն եք:
-Բենեդիկտ Քամբերբեչ. ես անդավաճան սիրով եմ սիրում նրան (ծիծաղում է):
-Մի բան, որ նյարդայնացնում է Ձեզ շոու-բիզնեսում:
-Կեղծիքը:
-Եվ վերջում` իմ հարցերից ո՞րը Ձեզ ամենաշատը դուր եկավ:
-Ընկերների ընտրության մասին հարցը:
Անի Անտոնյան