«Աշտարակ կաթ» ընկերությունից տուժած անհատ ձեռներեցները` ծանր վիճակում. սնանկության գործով կառավարիչն «անհետացել է»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Աշտարակ կաթ» ընկերությունից տուժած անհատ ձեռներեցները հայտնվել են ծայրահեղ ծանր վիճակում: Երեկ անհատ ձեռներեցների մի մասը հավաքվել էր սնանկության գործով կառավարչի աշխատասենյակի մոտ: Սակայն, ըստ խանութպանների, սնանկության գործով կառավարիչ Խաչիկ Նազարյանը այդպես էլ «չի բարեհաճել» հանդիպել նրանց:

«Ժողովուրդ» օրաթերթը փետրվարի 1-ի համարում գրել էր, որ ընկերության սնանկության գործով կառավարիչ Խաչիկ Նազարյանը դիմել է դատարան` ընդդեմ մի քանի հարյուր անհատ ձեռներեցների: Բանն այն է, որ սնանկության գործով կառավարիչը պնդում է, որ տնտեսվարողները չեն կատարել հաշիվ-ապրանքագրերով սահմանված պարտավորությունները եւ չեն վճարել իրենց` դեռ 2016թ. մատակարարված կաթնամթերքի դիմաց: Մինչդեռ խանութպանները պնդում են, որ մատակարարված ապրանքի դիմաց կանխիկ գումարը վճարել են, այն էլ պարտաճանաչ կերպով: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ սնանկության գործերով կառավարչի օգնականները բավարարվել են միայն` անհատ ձեռներեցներին խորհուրդ տալով դիմել իրավաբանական ընկերությունների: Փոխարենը անհատ ձեռներեցները պատրաստվում են հաջորդ շաբաթվա ընթացքում բողոքի ակցիա անցկացնել կա՛մ նախագահականի մոտ, կա՛մ էլ կառավարության շենքի առաջ:

«Ոչ ոք չի կարողանում պարզաբանել: Խաչիկ Նազարյանը չներկայացավ, իսկ մյուսները ընդհանրապես չկարողացան մեր հարցերին պատասխանել: Ամեն կերպ ջանում էին իրենց վրայից հարցի պատասխանատվությունը գցել: Մեկի վրա 5 մլն դրամ պարտք են գրել, մյուսի վրա` 2 մլն դրամ, մեկը իբր 500 հազար դրամ է պարտք, էն մյուսը` 100 հազար դրամ… ինչպես ապացուցենք, որ պարտք չենք: Ստացած ապրանքի դիմաց մենք կանխիկ ենք վճարել: Անտերություն է: Ասում են` մեզ հետաքրքրիր չէ` դուք վճարել եք ստացած ապրանքի դիմաց, թե ոչ: Մեզ «Աշտարակ կաթ»-ից թուղթ են տվել, որ դուք պարտք եք»,- զայրացած նկատեց անհատ ձեռներեցներից Արման Բաբայանը:

Ի դեպ, նշենք, որ մեկնաբանությունների համար «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց դիմել նաեւ սննակության գործերով կառավարչին՝ Խաչիկ Նազարյանին: Սակայն նա այդպես էլ չբարեհաճեց մեր հեռախոսազանգերին պատասխանել:

Հ.Գ. Հիշեցնենք, որ 2016 թվականին, երբ «Աշտարակ կաթ»-ի սնանկանալու մասին հայտնի դարձավ, տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Սուրեն Կարայանը այդ ընթացքում հանդիպեց գործարար Արտակ Ասատրյանի (խոսքը «Անդրա Ռեմարա»-ի սեփականատիրոջ մասին է) եւ ընկերության առողջացման ծրագրի ղեկավար Արտակ Ավագյանի հետ` քննարկելու առողջացման ծրագիրը: Սակայն ժամանակը ցույց տվեց, որ դա Կարայանի կողմից կազմակերպված շոու էր, քանի որ այս ընթացքում ընկերությունը ոչ միայն լիովին չառողջացավ, այլեւ հայտնվեց նոր սկանդալների մեջ: Իսկ այժմ որտե՞ղ է Կարայանը:

Սյունէ Համբարձումյան




Լրահոս