Կարեն Կարապետյանի «գլուխ գովելն» ու իրական պատկերը. խմբագրական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վարչապետ Կարեն Կարապետյանը ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի ընդլայնված կազմով նիստում խոսել է 2017թ. ընթացքում ԵԱՏՄ անդամ երկրների հետ Հայաստանի արտաքին առեւտրաշրջանառության ծավալներին, նույնիսկ հրապարակել մի քանի ցուցանիշ, բնականաբար, աճի մասին: Ըստ Կարեն Կարապետյանի` 2017թ. ընթացքում ԵԱՏՄ անդամ պետությունների հետ փոխադարձ առեւտրի ծավալն աճել է շուրջ 25 տոկոսով: «Նույն ժամանակահատվածում արձանագրվել է Հայաստանից դեպի ԵԱՏՄ շուկա արտահանման մատակարակումների աճ՝ 40.4 տոկոսով, ինչպես նաեւ ներմուծման մատակարարումների աճ՝ 18.9 տոկոսով, – ասել է նա ու նույնիսկ խոսել Հայաստանի տնտեսական վիճակի մասին,- նախորդ տարվա համեմատ մեր տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմում է 7.7 տոկոս, եւ ակնակալում ենք, որ ՀՆԱ-ի աճը մոտավորապես նույն մակարդակի է լինելու»:

Կարեն Կարապետյանի հայտարարած թվերն առաջին հայացքից բավական տպավորիչ են հնչում, հատկապես, եթե չես խորանում մանրամասների մեջ: Իսկ մանրամասների մեջ խորանալուց հետո միանգամայն այլ պատկեր է պարզվում:
Սկսենք նրանից, որ 2016թ. տնտեսության մեջ, այդ թվում՝ առեւտրաշրջանառության ոլորտում տխուր վիճակ էր. բավական է միայն հիշել, որ տնտեսական աճը 0.2 տոկոս կազմեց, նաեւ շատ փոքր էին առեւտրաշրջանառության ծավալները: Ու այս պարագայում բնական է, որ 2017թ. ընթացքում տնտեսության մեջ ցանկացած դրական տեղաշարժը պետք է մեծ աճ թվար: Տոկոսային հարաբերությամբ աճը մեծ է, բայց որակապես այն դեռեւս բավարար մակարդակի վրա չէ, որպեսզի ՀՀ քաղաքացին իր մաշկի վրա զգա իշխանությունների նվաճումների հետեւանքները:

Խնդիրը, սակայն, միայն այսքանով չի սահմանափակվում. ՀՀ վարչապետը խոսել է ԵԱՏՄ անդամ պետությունների հետ Հայաստանի առեւտրաշրջանառության ծավալների 25 տոկոս աճի մասին: Մինչդեռ ԵԱՏՄ անդամ երկրներից ՀՀ-ն միայն ՌԴ-ի հետ ունի մեծ ծավալների առեւտրաշրջանառություն. ՌԴ-ի հետ առեւտուրը կազմում է ընդհանուր առեւտրաշրջանառության 26.7 տոկոսը: Իսկ, ահա, ԵԱՏՄ անդամ մյուս երկրների հետ առեւտրաշրջանառության ծավալները շատ փոքր են, կարելի է ասել՝ աննշան: Բելառուսի հետ առեւտուրը կազմում է ընդհանուրի 0.7 տոկոսը, Ղազախստանի հետ առեւտուրը՝ 0.1 տոկոսը:
Նման պատկեր է նաեւ արտահանման ցուցանիշները դիտարկելիս. դեպի ՌԴ արտահանումն աճել է 44.6 տոկոսով, իսկ ահա դեպի Ղազախստան արտահանումը նվազել է 1.2 տոկոսով, իսկ դեպի Բելառուս՝ 48.3 տոկոսով: Ինչ վերաբերում է ԵԱՏՄ անդամ Ղրղզստանի հետ ՀՀ առեւտրաշրջանառության ծավալներին, ապա դրանք այնքան փոքր են, որ ԱՎԾ-ն առանձին տողով չի ներկայացնում: Եւ այսքանից հետո դեռ ՀՀ վարչապետը գլուխ է գովում:




Լրահոս