Որ մարզում է աշխատավարձն ամենացածրը. թվեր և փաստեր

Չնայած ՀՀ իշխանություններն առիթը բաց չեն թողնում` ոգեւորված հայտարարելու, թե ամեն քայլ ձեռնարկում են ՀՀ մարզերի համաչափ զարգացման ուղղությամբ, սակայն ստեղծված պատկերը հակառակն է ապացուցում: Ե՛ւ գործազուրկների թվով, ե՛ւ աշխատավարձի չափով ՀՀ մարզերը գտնվում են ավելի վատ վիճակում, քան Երեւանը:

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներով` Հայաստանում միջին ամսական աշխատավարձը անցած տարվա ընթացքում կազմել է 194 հազար դրամ` մոտ 400 դոլար: Հայաստանում միջին ամսական ցածր աշխատավարձը ՀՀ Արագածոտնի մարզում է գրանցվել. այն կազմել է 122 հազար դրամ: Այս առումով երկրորդ տեղում Շիրակի մարզն է, որտեղ միջին աշխատավարձը կազմել է 132 հազար դրամ: Հիշեցնենք, որ Շիրակի մարզում է աղքատության ամենաբարձր ցուցանիշը` մոտ 44 տոկոս: Նաեւ նշենք, որ նախորդ տարի ամենաշատ գնաճն էլ արձանագրվել է Երեւանում, Գյումրիում ու Վանաձորում՝ 3.1-3.2 տոկոս:

«Ժողովուրդ» օրաթերթը Արագածոտնի մարզպետ Աշոտ Սիմոնյանից հետաքրքրվեց պատճառների մասին: «Հիմնականում պետական ոլորտի աշխատողներն են՝ դպրոցների, բուժհաստատությունների: Միայն դպրոցներում 2300 մանկավարժ ունենք, գումարած ուսումնաօժանդակ անձնակազմը: Նրանց գերակշիռ մասը պետբյուջեից է աշխատավարձ ստանում: Գործարաններ, որտեղ սովարաբար միջին ամսական աշխատավարձը բարձր է լինում, մեզ մոտ, դժբախտաբար, քիչ են: Կարծում եմ, որ մասնավոր հատվածում զբաղվածների տեսակարար կշռի փոքր լինելն է դրա պատճառը: Բայց մենք ծրագրեր ունենք պլանավորած…, աշխատատեղեր բացելու մասին մտածում ենք»,- ասաց նա:

Նշենք, որ պաշտոնապես Հայաստանում անցած տարվա ընթացքում ամենաբարձր աշխատավարձը գրանցվել է Սյունիքի մարզում. այնտեղ միջինը կազմել է 242 հազար 900 դրամ, Երեւանում` 208 հազար 500 դրամ:

Ինչպես հայտնի է` հանքարդյունաբերական ընկերությունները, որոնք ոսկու, պղնձի հանքեր են շահագործում, հիմնականում գտնվում են Սյունիքի մարզում: Սա է պատճառը, որ ողջ Հայաստանում ամենաբարձր միջին ամսական աշխատավարձը Սյունիքի մարզում է: Իսկ ՀՀ մյուս մարզերում ոչ միայն աշխատավարձի չափն է ցածր, այլեւ գործազուրկների թիվն է ավելի: «Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից տեղեկացավ, որ միայն հանքարդյունաբերության ոլորտում անցած տարվա նոյեմբերին միջին ամսական աշխատավարձը կազմել է մոտ 390 հազար դրամ:

Իսկ, ընդհանրապես, ամենաբարձր աշխատավարձը անցած տարվա նոյեմբերին գրանցվել է տեղեկատվության եւ կապի ոլորտում` կազմելով 440 հազար դրամ: Էլեկտրականության, գազի գոլորշու եւ լավորակ օդի մատակարարման ոլորտում միջին ամսական աշխատավարձը կազմել է 250 հազար դրամ: Շինարարության ոլորտում միջին ամսական աշխատավարձը կազմել է 214 հազար դրամ, պետական կառավարման պաշտպանության եւ պարտադիր սոցիալական ապահովության ոլորտում` 235 հազար դրամ:
Հատկանշական է, սակայն, փաստը, որ մեր հանրապետությունում ամենացածր աշխատավարձ ստացել են մշակույթի, զվարճությունների եւ հանգստի ոլորտի աշխատողները` 116 հազար դրամ: Իսկ կրթության ոլորտի ներկայացուցիչների աշխատավարձը կազմել է 122 հազար դրամ: Այս պատկերը, համաձայնեք, խիստ մտահոգիչ է եւ վկայում է այն մասին, որ իշխանությունները պարզապես անտեսում են կարեւորագույն այդ ոլորտները:

Ինչեւէ, խնդիրները, սակայն, այսքանով չեն սահմանափակվում: «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ միայն անցած տարվա դեկտեմբերին Հայաստանում աշխատանք փնտրող մարդկանց թիվը կազմել է 85 հազար 983 մարդ, նրանցից 70 հազար 236-ը գործազուրկ է: Բնականաբար, թվով շատ գործազուրկ բնակիչ ունի Շիրակի մարզը` 12 հազար 886: Նշված մարզում դեկտեմբերին աշխատանք փնտրել է 16 հազար 17 քաղաքացի: Գործազուրկների թվի աճով Շիրակին հաջորդում է Երեւանը, որտեղ դեկտեմբերին 13 հազար 594 մարդ է աշխատանք փնտրել:

Մայրաքաղաքում դեկտեմբերին գործազուրկները 10 հազար 129 էին: Գործազուրկների թվի առումով մտահոգիչ է նաեւ Կոտայքի մարզը, որտեղ դեկտեմբերին աշխատանք փնտրել է 10 հազար 446 մարդ, որից 8287-ը գործազուրկ է: Վատ ցուցանիշներ ունի նաեւ Լոռու մարզը, որտեղ դեկտեմբերին 9526 մարդ աշխատանք է փնտրել: Ի դեպ, նրանցից 9065-ը գործազուրկ է: Արարատի մարզում կա 6258 գործազուրկ, իսկ դեկտեմբերին աշխատանք փնտրել է 7409 մարդ: Արմավիրում դեկտեմբերին գործազուրկների թիվը կազմել է 5885, բայց աշխատանք փնտրել է 7380 մարդ: Տավուշի մարզում աշխատանք փնտրել է 5282 մարդ, նրանցից 4524-ը գործազուրկ է:

Վիճակագրական այս տվյալները, թերեւս, վկայում են մեկ բանի մասին. տարիներ շարունակ իշխանությունները խոսել են մարզերը համաչափ զարգացնելու մասին` առաջ քաշելով նաեւ մեջքով դեպի գյուղացին շրջվելու թեզը: Բայց իրականությունը միանգամայն այլ է. ծրագրեր գրելուց եւ ճառեր հնչեցնելուց բացի` այս ոլորտում որեւէ ռեալ քայլ չի արվում: Ու սա է պատճառը, որ մարզերի բնակիչները տեղափոխվում են Երեւան` ավելի բարձր վարձատրությամբ աշխատանք գտնելու ակնկալիքով` նպաստելով մարզերի դատարկվելուն:

Սյունէ Համբարձումյան