Հերթական անգամ ստեղծվել է «կոնսենսուս մինուս ՀՀԿ» վիճակը. 10 ամիս անց ՀՅԴ-ն հասկացավ ռեյտինգային ընտրակարգի «մինուսները». խմբագրական

Ռեյտինգային ընտրակարգի դեմ արդեն դժգոհում է իշխող կոալիցիայի անդամ ՀՅԴ-ն` բարձրաձայնելով ԸՕ-ում փոփոխությունների անհրաժեշտության մասին: Պատճառը պարզ է. ապրիլին սպասվող քաղաքական գործընթացներին ընդառաջ /ձեւավորվելու է նոր կառավարություն/` ՀՅԴ-ն փորձում է ՀՀԿ-ից մի քանի պաշտոն ավելի պոկել:

Բայց անկախ նրանց քայլի դրդապատճառներից` պետք է արձանագրենք. ռեյտինգային ընտրակարգին դեմ է ողջ քաղաքական դաշտը՝ ոչ միայն խորհրդարանական եւ արտախորհրդարանական ընդդիմությունը, այլեւ իշխանության մի մասը՝ հանձին ՀՅԴ-ի: Ու հիմա հերթական անգամ ստեղծվել է «կոնսենսուս մինուս ՀՀԿ» վիճակը: Իսկ ՀՀԿ-ն ռեյտինգային ընտրակարգին կողմ է` քաջ գիտակցելով, որ ընտրակեղծիքների հնարավորություններն առավելագույնս չեզոքացնելու պայմաններում իրենք վերարտադրվելու հնարավորություններ չունեն:

ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը երեկ մեկնաբանել է, որ ռեյտինգային ընտրակարգն արդար չէ, անընդունելի է: «Սա դասական համամասնական ընտրակարգից շեղում է»,- շեշտել է նա: Նկատենք, սակայն, ժամանակին, երբ ԱԺ-ում ընդունվում էր ընտրական օրենսգիրքը, նույն ՀՅԴ-ն կողմ քվեարկեց` որեւէ դժգոհություն չհայտնելով:

Հիմա իրենց քայլը բացատրում են ԸՕ-ի շուրջ «համախոհություն» ստեղծելու անհրաժեշտությամբ, որ իբր չէին ցանկանում խանգարել 4+4+4 ձեւաչափով բանակցություններին: Միայն թե, հիշեցնենք, նույն 4+4+4 բանակցությունների ժամանակ ընդդիմադիրները եւ քաղհասարակության ներկայացուցիչները համաձայնեցին ԸՕ նախագծին՝ ռեյտինգային ընտրակարգի վերաբերյալ վերապահումներ ներկայացնելով եւ դեմ արտահայտվելով: Իսկ ՀՅԴ-ն ու ՀՀԿ-ն որեւէ վերապահում չունեին:

Հիմա` ԱԺ ընտրություններից 10 ամիս անց, ՀՅԴ-ն հասկացել է, որ այդ ընտրակարգն իրեն չի արդարացնում:

Դժվար չէ ենթադրել` որոշ ժամանակ անց ՀՅԴ-ն նաեւ հանդես կգա կառավարման խորհրդարանական համակարգը փոխելու նախաձեռնությամբ` մոռանալով, որ իրենք ամենամեծ ջատագովներն էին: Կպնդի, որ մեզ նման երկրին կառավարման նախագահական համակարգ է պետք: Այդպես կանի, որովհետեւ ժամանակը ցույց կտա՝ խորհրդարանական համակարգը արդարացված չէր, չի ապահովում երկրի անվտանգությունը, խարխլում է պետականության հիմքերը: Եւ հետո` տարբերություն չկա՝ իշխանությունը կենտրոնացած է նախագահի՞, թե՞ գերկենտրոնացած է վարչապետի ձեռքում, ասել է, թե լուրջ փոփոխություն չի եղել: Միայն թե, ափսոս, մինչ այդ ՀՀ-ն հերթական անգամ ենթարկված կլինի լրջագույն փորձությունների` դրանից բխող ողջ բացասական հետեւանքներով հանդերձ: Իսկը հայի ետին խելք: