Ներդրումային աֆյորան շարունակվում է. Կարեն Կարապետյանի հայտարարության հետքերով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ-կառավարություն երեկվա հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Կարեն Կարապետյանը հայտարարել է, թե Հայաստանում մեկ տարվա ընթացքում 830-840 մլն դոլար ներդրում ապահովելու հայտնի խոստումն իրականացվել է, ավելին՝ նշված ցուցանիշները գերակատարվել:

«Մենք այսօր ունենք հաստատված 3.2 մլրդ դոլարի ներդրումային ծրագրեր, հստակ գրված է, թե ֆինանսական աղբյուրն ով է, եւ արդյունքում ինչ ենք ունենալու, որքան աշխատատեղեր են լինելու։ Դրանից 830-850 մլն դոլարը նախատեսված է ներդնել 2017թ.-ին։ Այսօր կառավարությունում քննարկվում են նաեւ 5,3 մլրդ դոլարի ծրագրեր, որոնք տրամաբանական են, որպես բիզնես կարող են աշխատել, հավելյալ արժեք ստեղծել, աշխատատեղեր»,- նախընտրական քարոզարշավի օրերին մի քանի անգամ գրեթե նույն ձեւակերպումներով հայտարարել է վարչապետ Կարապետյանը։

Երեկ Կարեն Կարապետյանն ԱԺ ամբիոնից հայտարարել է. «Փետրվարին բոլոր նախարարությունները տալու են հաշվետվություն, իսկ այն թվերը, որը ես եմ հայտարարել՝ 830-840 մլն ներդրումային ծրագրեր, այս պահին ամփոփված ունենք, եւ բոլոր ծրագրերը, որոնք մենք հայտարարել էինք՝ 856 մլն, եթե հիշողությունս չի դավաճանում, իրագործվել է, որից 580 մլն-ը մասնավոր սեկտորից է: Ցուցակը մոտ օրերս կլինի, կարող եք ուսումնասիրել»: Իսկ պատգամավորի հարցին, թե հիմնական ներդրումները, որոնք սպասում էինք, ՌԴ-ից են գալու, բայց կապված ԱՄՆ պատժամիջոցների հետ` ի՞նչ վտանգ կա, Կարեն Կարապետյանն ասել է, թե բոլոր ներդրումները ՌԴ-ից չեն: «Աշխարհագրությունը կտանք»,- ընդգծել է նա:

Ավելի ուշ «Ժողովուրդ» օրաթերթի հարցմանն ի պատասխան` ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարությունից տրամադրեցին 2017թ. ընթացքում իրականացված ներդրումների վերաբերյալ տեղեկանք: Այնտեղ նշված է, որ նախարարության կողմից ներկայացվել է 70 ծրագիր, որոնք իրականացման տարբեր փուլերում են: Ըստ փաստաթղթի` ծրագրերի շրջանակում 2017 թվականին պետք է կատարվեր շուրջ 490 մլն դոլարի ներդրում եւ ստեղծվեր 7300 նոր աշխատատեղ: Տարվա արդյունքներով իրականացվել է շուրջ 506 մլն դոլարի ներդրում, սակայն ստեղծվել է շուրջ 5200 նոր աշխատատեղ: Ներդրումները կատարվել եւ աշխատատեղերը ստեղծվել են թեթեւ արդյունաբերության, հանքագործության, գյուղատնտեսության, սննդի արդյունաբերության, ոսկերչության, ճշգրիտ ճարտարագիտության, դեղագործության, խմիչքի արտադրության ոլորտներում:

Նկատենք, սակայն, հրապարակված 506 մլն դոլարը օտարերկրյա ուղիղ ներդրումները չեն: Կառավարությունն իր հաշվետվություններում որպես ներդրում ներկայացնում է նաեւ վարկային միջոցները եւ նման այլ ծրագրեր: Իսկ օտարերկրյա ուղղակի ներդրումների, դրանց աշխարհագրության մասին հարցերը կառավարությունը, տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարությունը շատ հմտորեն շրջանցում են: Այդպես են վարվում, որովհետեւ օտարերկրյա ուղղակի ներդրումներն իրականում քիչ են, բայց կառավարությունը չի ցանկանում խոսել այդ մասին: Դեռ ավելին` վերջին տարիներին Հայաստանից ավելացել է օտարերկրյա կապիտալի արտահոսքը, եղած ներդրումներն էլ հիմնականում հանքարդյունաբերության ոլորտում են, այն էլ՝ օֆշորային գոտիներից:

Այս թեմային «Ժողովուրդ» օրաթերթն անդրադառնալու առիթներ բազմիցս է ունեցել: Ժամանակին տեղեկացրել ենք, որ կառավարությունն ըստ էության իր սեփական մեթոդաբանությունն է հորինել, որով էլ հաշվարկներ է կատարում, հանրությանը թվեր ներկայացնում: Ընդ որում, այդ մեթոդաբանությունը որեւէ առնչություն չունի ընդունված միջազգային չափանիշների հետ, որը կիրառում է ԱՎԾ-ն: Կառավարությունն այս քայլին է գնացել՝ ցույց տալու համար, թե վարչապետի խոստացած ցուցանիշներն ապահովվել են: Այն էլ հիմա, երբ Կարեն Կարապետյանի մոտ չի մարել ապրիլից հետո կառավարության ղեկավարի կամ գոնե առաջին փոխվարչապետի պաշտոնը զբաղեցնելու ձգտումը:

ՄԵՐԻ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ




Լրահոս