ՀԱՄԱԿԱՐԳԸ ԽԺՌՈՒՄ Է ԻՐ ԶԱՎԱԿՆԵՐԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Համակրելի արտաքին, ճաշակով հագուկապ, բարի ժպիտ ու չվարկաբեկված անցյալ. այս ամենը հաշվի առնելով` մեր երկրում շատերը դրական քողի ներքո էին ընկալում ներկայիս վարչապետ Կարեն Կարապետյանին: Սա այն ժամանակ, երբ Կարապետյանը նոր էր ստանձնել գործադիր մարմնի ղեկավարի պաշտոնը: Հասարակության մի հատվածն իսկապես ոշակի հույսեր էր կապում Կարապետյանի հետ` սպասելով իրական փոփոխությունների եւ խնդիրների գոնե մի մասի լուծման:

Իշխող ՀՀԿ-ին այս ամենը հարկավոր էր՝ խորհրդարանական ընտրություններին «նոր», «չվարկաբեկված» դեմքով ներկայանալու համար, տպավորություն ստեղծելով, թե իրենք գնում են ռեալ փոփոխությունների ճանապարհով: Իրականում, սակայն, ոչինչ չէր փոխվել, եւ կարճ ժամանակ անց սա հասկացան բոլորը, այդ թվում՝ Կարեն Կարապետյանը, որ ստիպված էր անդամագրվել ՀՀԿ-ին ու գործել վաղուց արմատացած խաղի կանոններով:
Որոշ ժամանակ անց քաղաքացիների հույսերն ի չիք դարձան: Հիմա, երբ վարչապետի կառավարումից անցել է գրեթե մեկուկես տարի, կարող ենք արձանագրել, որ էական փոփոխություններ չեղան: Որքան էլ իշխանությունները փորձում են տնտեսական աճի եւ, ընդհանրապես, բոլոր ոլորտներում առաջընթացի մասին ցուցանիշներ հրամցնել, միեւնույն է` այդ թվերը քաղաքացիների կյանքում որակական փոփոխությունների չեն հանգեցրել: Բավական է միայն նշել այն հանգամանքը, որ ո՛չ նախորդ տարի, ո՛չ այս տարի, ո՛չ կենսաթոշակի, ո՛չ նպաստի, ո՛չ էլ աշխատավարձի բարձրացում պետական բյուջեով չեղավ: Փոխարենը ականատես ենք լինում շարունակական գնաճի:
Եւ հիմա, երբ քաղաքացին առերեսվում է դաժան իրականության հետ, Կարեն Կարապետյանի ելույթներն այլեւս նախկինի նման հիացմունք չեն պատճառում եւ իշխանությունների հանդեպ վերաբերմունքի մեղմացմանը չեն օգնում:
Հատկանշական է, որ 2017 թվականի մարտ ամսին` խորհրդարանական ընտրություններից առաջ, Gallup International Association-ի՝ հայաստանյան ներկայացուցչությունը հրապարակեց սոցհարցումների արդյունքները, Կարապետյանի վարկանիշը 80 տոկոսից ավելի էր: Ամիսներ անց` դեկտեմբերին, նույն ընկերության իրականացրած հարցման արդյունքում հայտնի դարձավ, որ վարչապետի վարկանիշը 28 տոկոսով անկում է գրանցել, փոխարենը բարձրացել էր Սերժ Սարգսյանի վարկանիշը: Ստացվում է` Հանրապետական կուսակցությանը հաջողվեց գրեթե անբասիր վարկով մարդուն դարձնել այնպիսին, ինչպիսին ընկալվում է հանրապետականների ճնշող մեծամասնությունը: Այսպիսով մարեցին ե՛ւ դրայվը, ե՛ւ հանրային սպասումները: Հասարակության շրջանում որպես նոր մարդ ընկալված պաշտոնյան, ըստ էության, չդիմացավ լճացած համակարգի դաժան ճիրաններին: Չնայած, եթե անկեղծ լինենք, պետք է նաեւ ասենք, որ Կարեն Կարապետյանին կառավարություն ձեւավորելիս կադրային քաղաքականության հարցում լիակատար ազատություն էր տրված: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` Սերժ Սարգսյանը Կարապետյանին թույլ էր տվել իր նախընտրությամբ նշանակելու բոլոր նախարարներին` բնականաբար, բացի պաշտպանության եւ արտաքին գործերի նախարարներից, քանի որ այս երկու ոլորտները նախագահի լիազորությունների դաշտում են: Եւ կառավարությունը ձեւավորվեց հենց Կարեն Կարապետյանի ուզածով:
Հիմա իշխանությունները նույն մեթոդը փորձարկում են նաեւ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանի դեպքում: Նախագահի պաշտոնի համար ընտրվել է մարդ, որը հասարակության լայն շրջանակների կողմից համարվում է չվարկաբեկված, նախկինում ներքաշված չի եղել սկանդալներում, նաեւ դժվար է նրան մեղադրել երկրի ներսում կոռուպցիոն գործարքներում թաթախված լինելու մեջ: Ճիշտ է, ի տարբերություն Կարապետյանի, Սարգսյանի նկատմամբ մեծ հիացմունք չկա, բայց եւ հասարակության մեջ չկա նրա դեմ լուրջ անվստահություն, բացասական վերաբերմունք, դիմադրություն:
Հիմա չկա, սակայն կարճ ժամանակ անց կլինի. համակարգը կխժռի նաեւ իր հերթական զոհին. այդ է հուշում նախկինի դառը փորձը: Ընդ որում, հազիվ թե Արմեն Սարգսյանին փրկի այն հանգամանքը, որ պետության իրական ղեկավարը, որոշումները կայացնող անձը լինելու է վարչապետը, իսկ իրեն վերապահված է լինելու միայն փաստաթղթեր ստորագրելու եւ վավերացնելու գործառույթ: Հազիվ թե Արմեն Սարգսյանին փրկի այն փաստը, որ Սահմանադրությամբ նախագահը պետք է լինի անկուսակցական. այսինքն` նրան չեն կարող ստիպել դառնալ ՀՀԿ անդամ: Միեւնույն է` հարկ եղած դեպքում նրա վրա կբարդեն ամեն ինչի պատասխանատվությունը: Սա Սերժ Սարգսյանի եւ իշխող ՀՀԿ-ի տակտիկան է:

ՄԵՐԻ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

 

 

ԱՆՓՈՓՈԽ 73 ՄԼՆ ԴՐԱՄԸ
ՀՀ Ան ՔԿՎ նորանշանակ պետ Ռաֆայել Հովհաննիսյանը ո՛չ տուն ունի եւ ո՛չ էլ ավտոմեքենա. համենայն դեպս, նա բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած հայտարարագրում շարժական եւ անշարժ գույք ունենալու մասին որեւէ բան չի նշել: Փոխարենը, ինչպես տեղեկացավ «Ժողովուրդ» օրաթերթը, ՔԿՎ պետն ունի 73 մլն դրամի չափով դրամական միջոց: Ի դեպ, նրա այս 73 մլն դրամը 2014 թվականից մինչ օրս պահպանվել է, ընդամենը 2015 թվականին 7 մլն դրամով ավելացել է, ապա նորից նվազել` հասնելով դարձյալ 73 միլիոնի: Իսկ որպես եկամուտ նա հայտարարագրել է իր աշխատավարձը, որը ամսական կազմում է 645 հազար դրամ: Հիշեցնենք, որ Հովհաննիսյանը մինչ այս զբաղեցնում էր ՔԿՎ պետի տեղակալի պաշտոնը, իսկ օրերս էլ նշանակվեց ՔԿՎ պետ՝ փոխարինելով Արթուր Օսիկյանին, որի հետ նա տեւական ժամանակ լարված հարաբերություններ ուներ:

 

 

ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ
ՀՀ չորրորդ նախագահի պաշտոնում ՀՀԿ-ի կողմից առաջարկված թեկնածու Արմեն Սարգսյանը շարունակում է իր կողմից խոստացված հանդիպումները: Նախօրեին կոալիցիոն ՀՀԿ-ին ու ՀՅԴ-ին հանդիպելուց հետո երեկ նա Գիտությունների ազգային ակադեմիայում հանդիպեց գիտնականներին: Ինչպես հայտնի է՝ մինչեւ նախագահի պաշտոնում առաջադրվելուն համաձայնելը, Ա. Սարգսյանը որոշել է հանդիպել լայն շրջանակների, այդ թվում՝ ԼՂՀ ղեկավարության հետ: Սակայն հետաքրքիրն այն է, որ դեռ որոշված չեն խորհրդարանական մյուս ուժերի՝ ընդդիմադիր «Ծառուկյան» եւ «Ելք» խմբակցությունների հետ հանդիպման օրերը: Ընդ որում, եթե «Ելք»-ի հետ գոնե նախնական համաձայնություն կա, ապա «Ծառուկյան» խմբակցության դեպքում դա էլ առկա չէ: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ` քանի որ «Ելք» խմբակցությունում կան Հայաստանից դուրս գտնվող անձինք, նրանք որոշում են կայացրել հանդիպումն անցկացնել հաջորդ շաբաթ, իսկ ահա «Ծառուկյան» խմբակցությունը ՀՀ նախագահի չորրորդ թեկնածու Արմեն Սարգսյանի հետ չի քննարկել հանդիպման օրն ու վայրը, այսինքն՝ այն դեռեւս անհայտ է:

 

 

ՏՆՕՐԵՆՆ ԸՆԴԴԵՄ ՄԱՐԶՊԵՏԻ
Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանի դեմ դատական հայց է ներկայացրել Դարբաս գյուղի միջնակարգ դպրոցի տնօրեն Ռուբեն Զաքարյանը: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Զաքարյանը, դիմելով վարչական դատարան, խնդրել է պարտավորեցնել մարզպետ Հակոբյանին իր հետ կնքել աշխատանքային պայմանագիր` 5 տարի ժամկետով, որպես Դարբասի միջնակարգ դպրոց ՊՈԱԿ-ի ընտրված տնօրենի` հիմք ընդունելով 2017թ. դեկտեմբերի 14-ի կայացած մրցույթի արդյունքները: Այլ կերպ ասած` տարեվերջին դպրոցի տնօրենի պաշտոնի համար մրցույթ է տեղի ունեցել, ընտրվել է Զաքարյանը, սակայն նա մարզպետի «քիմքին հարիր» չի եղել, եւ որոշվել է նրան պաշտոնավարելու հնարավորություն չտալ:

 

 

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԼՂՀ-ԻՆ
Իտալիայի արտաքին գործերի նախարար Անջելինո Ալֆանոնի տեղեկացմամբ` Իտալիան ԵԱՀԿ-ում նախագահության ընթացքում առավելագույն ուշադրություն կդարձնի Լեռնային Ղարաբաղի եւ ԵԱՀԿ գոտու մյուս ձգձգված հակամարտությունների կարգավորմանը: «ԵԱՀԿ-ում մեր նախագահության ընթացքում առավելագույն ուշադրություն ենք դարձնելու Ուկրաինայի ճգնաժամի եւ ԵԱՀԿ գոտու ձգձգված հակամարտությունների` Լեռնային Ղարաբաղ, Մերձդնեստր, Վրաստան, կարգավորմանը»,-ասել է Իտալիայի ԱԳ նախարարը:

 

 

«ՓՆՏՐՈՒՄ ԵՆ»
Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանին Իտալիայում փորձել են ձերբակալել: Ընդդիմադիր «Ելք» խմբակցության ղեկավարը համացանցի իր էջում գրել է, որ Իտալիայի ոստիկանությունը «պաշարել էր» Հռոմում գտնվող հյուրանոցի իր համարը: «Եկել էին ինձ ձերբակալելու: Պարզվում է` ՀՀ իշխանությունները Ինտերպոլով փնտրում են ինձ: 2008թ. փնտրում-փնտրում ու չեն գտնում»,-գրել է Փաշինյանը: Հիշեցնենք` 2008թ. հետընտրական իրադարձություններից հետո Ն. Փաշինյանը հետախուզման մեջ էր, հաջորդ տարվա հուլիսին նա ներկայացել էր Հայաստանի իրավապահ մարմիններին, 2010-ի հունվարին` դատապարտվել 7 տարվա ազատազրկման, 2011-ի մայիսին` համաներմամբ ազատ արձակվել: Ըստ Փաշինյանի` ոստիկանական գործողության համար հիմք է ծառայել Ինտերպոլի միջոցով 2008 թվականից իրեն որոնելու փաստը: Ավելի ուշ ՀՀ ոստիկանությունը պարզաբանել է, որ 01.07.2009 թ. Նիկոլ Փաշինյանի` ՀՀ իրավապահ մարմիններին ներկայանալուց հետո` 21.07.2009թ., նրա նկատմամբ միջազգային հետախուզումը դադարեցնելու մասին ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ-ն տեղեկացրել է Ինտերպոլի գլխավոր քարտուղարությանը, ապա գլխավոր քարտուղարության կողմից տեղեկացվել են բոլոր անդամ պետությունները:

 

 

ԸՆԴՈՒՆԵԼ Է
Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող, Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) մշտական ներկայացուցիչ Բրեդլի Բուզետտոյին: Վարչապետի խոսքով` պարոն Բուզետտոյի պաշտոնավարման ընթացքում կյանքի են կոչվել, ինչպես նաեւ շարունակվում են իրականացվել մի շարք համատեղ ծրագրեր, որոնք կարեւոր նշանակություն ունեն մեր երկրի զարգացման եւ բարեկեցության ապահովման համար: Զրուցակիցները մտքեր են փոխանակել ՀՀ կառավարության եւ ՄԱԶԾ-ի միջեւ համագործակցության հետագա ուղղությունների վերաբերյալ, ինչպես նաեւ անդրադարձել ՀՀ տարբեր ոլորտներում իրականացվող բարեփոխումներին, տարածաշրջանային համագործակցության խթանման հեռանկարներին:

 

 

ԼԱՐՎԱԾ ՄԹՆՈԼՈՐՏՈՒՄ
«Սասնա ծռեր 2»-ի գործով դատական նիստը մեկնարկել է լարված մթնոլորտում: Ամբաստանյալները դատավորից պահանջել են հեռացնել հանրային պաշտպաններին, քանի որ իրենք ունեն իրենց պաշտպանները: «Սասնա ծռերից» Արամ Մանուկյանը դատավորից հետաքրքրվել է, թե երբ կարող է հրաժարվել հանրային պաշտպանի ծառայությունից, երբ դատավորը պատասխանելիս նրան դիմել է «ամբաստանյալ»-ով, Ա. Մանուկյանը սպառնացել է. «Եթե Դուք ինձ ասում եք ամբաստանյալ, ես էլ Ձեզ ասում եմ դատական կատարածու»: Ամբաստանյալների պաշտպանները հայտարարեցին, որ գործում զուգահեռ հանրային պաշտպաններ ներգրավելը անօրինականություն է, մարդու իրավունքների ոտնահարում: Չնայած պաշտպանների եւ ամբաստանյալների հիմնավորված պահանջին` դատարանը հանրային պաշտպաններին չի հեռացրել` հայտարարելով, որ պաշտպանները զուգահեռ պաշտպանություն են իրականացնում եւ չեն հեռացվելու գործի վարույթից:




Լրահոս