Քոչարյանն ու Սարգսյանը պարզապես չեն կարող հաշվետվություն ներկայացնել իրենց հպատակներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օրերս ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այցելեց ԱՄՆ Կոնգրես ու ելույթ ունեցավ ամերիկյան իշխանության բոլոր ճյուղերի ու քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների առաջ: ԱՄՆ-ում նման ավանդույթ կա` ամեն տարի` հունվարի վերջին, նախագահը այցելում է խորհրդարան ու բացատրում երկրի իրավիճակը` ներկայացնելով իր հաջողություններն ու ակնկալիքները: Սա Թրամփի առաջին «հաշվետվությունն» էր, որը անցավ թրամփյան ոճով:

Հունվարի 31-ին ԱՄՆ Կոնգրեսում երկրի դրության մասին իր ելույթի առյուծի բաժինը Թրամփը հատկացրեց Միացյալ Նահանգների ներքին խնդիրներին: Այդպես նա կրկին ամրագրեց մեկ տարի առաջ իր մեսիջը, ըստ որի` իր վարչակազմի առաջնային հարցը ԱՄՆ խնդիրների լուծումն է: Նախագահը ներկայացրեց իր վարչակազմի կատարած քայլերը հարկային հարաբերությունների, առեւտրի ու տնտեսության այլ հարցերի կազմակերպման, վերահսկողական մեխանիզմների ներդրման, ներգաղթային քաղաքականության ոլորտներում: Կարելի է ասել, որ Թրամփն այդպիսի ելույթով ամերիկացիների ուշադրությունն ամբողջովին գրավեց պետության ներքին հարցերի կարգավորման վրա` ստիպելով վերլուծաբաններին քննարկել առաջին հերթին իր ներքին քաղաքականությունն ու դրա հաջողությունները:

Մասնագետները արդեն իսկ հասցրել են արձանագրել, որ Թրամփի ելույթի 80 տոկոսը վերաբերում էր մեկ տարվա մեջ իր վարչակազմի կատարած աշխատանքին եւ միայն 20 տոկոսն էր ապագայի մասին: Թրամփը քանիցս հայտարարեց կուսակցական բաժանարար գծերին վերջ տալու եւ միասնաբար առաջնահերթ խնդիրները լուծելու անհրաժեշտության մասին: Սակայն դրան հասնել սոսկ ելույթներով, պարզապես հնարավոր չէ: Այդ մասին են խոսել գրեթե բոլոր նախագահները նախկինում: Ավելին` կուսակցական մասնատվածության հարցը թերեւս չի շրջանցվում աշխարհի որեւէ երկրում, սակայն դրա հաղթահարումը սոսկ հռչակագրային մակարդակով չի կարող կատարվել: Այս առումով Թրամփը իսկապես խնդիր ունի եւ հազիվ թե լուրջ հաջողությունների կարողանա հասնել: Եթե ազատական Օբամային դա չհաջողվեց, դժվար թե էգոցենտրիկ Թրամփը դրական անակնկալներ մատուցի:

Ըստ էության, Թրամփը Օբամայի հակապատկերն է ինչպես մարդկային հարաբերությունների առումով, այնպես էլ քաղաքական գործունեությամբ: Արտաքին քաղաքականության մեջ Օբամայի գրեթե բոլոր քայլերը վերանայելուց հետո Թրամփը նույնպիսի դիրքորոշում որդեգրեց նաեւ ներքաղաքական հարաբերություններում: Նա վերացրեց ԴԱԿԱ-ն` ներգաղթային արտոնյալ համակարգը, ջանք չխնայեց չեղարկելու ապահովագրության համակարգը, փոփոխեց հարկային-տնտեսական կարգավորումները եւ այլն: Եվ ահա վերոնշյալ ելույթի ժամանակ նա հայտարարեց Կուբայում գործող ամերիկյան Գուանտանամո բանտը փակելուն ուղղված միջոցառումների դադարեցման մասին: Եթե Օբաման խոստանում էր փակել բանտը, որը իրավապաշտպանների շրջանում համարվում է չարիքի կենտրոն, որտեղ անմարդկային տանջանքների են ենթարկում հանցանքի մեջ կասկածվող անձանց, եւ այդ ուղղությամբ մի շարք քայլեր էր ձեռնարկել, ապա այժմ դրանք ընդհատված են:

Թրամփը ազդարարեց Գունատանամոյի բանտը բաց պահելու ու նաեւ դրա միջոցով ահաբեկչության դեմ պայքարի մասին: Մինչդեռ արտաքին քաղաքականության հարցում նա բավականին հակիրճ գտնվեց: Նախ չանդրադարձավ ռուսական հետքի շուրջ ընթացող հետաքննությանը որեւէ դրվագով: Այնուհետ խոսեց հակառակորդներին արժանի պատասխան տալու մասին` այս եզակի անգամը անվանապես նշելով Ռուսաստանին ու Չինաստանին: ԱՄՆ նախագահը նաեւ խոսեց Իրանի հետ միջուկային համաձայնագրի վերանայման, ինչպես նաեւ համաշխարհային ճնշումը Հյուսիսային Կորեայի նկատմամբ մեծացնելու մասին: Նա խոստացավ չկրկնել նախորդ նախագահների սխալները եւ լուծել Հս. Կորեայի հարցը ժամ առաջ:
Կոնգրեսի առաջ ելույթով, իսկ փաստացի` հաշվետվությամբ հանդես գալու ավանդույթը Միացյալ Նահանգներում նախ եւ առաջ Սահմանադրության պահանջն է:

Սակայն մինչեւ 1913 թվականը ԱՄՆ նախագահները սոսկ գրավոր հաղորդում էին ուղարկում Կոնգրես, իսկ Վուդրո Վիլսոնից սկսած ելույթի պրակտիկան անխախտ դարձավ: ԱՄՆ նախագահները, հատկապես հակառակորդ կուսակցության հետ լուրջ տարաձայնություններ ունենալու դեպքում, այնքան էլ շահագրգռված չեն լինում Կոնգրես այցելելու ու հաշվետվություն տալու: Դա օգտագործելով հանդերձ սեփական PR-ի համար` ԱՄՆ նախագահները ստիպված են ժամանել օրենսդիր իշխանության դուռը ու ներկայացնել մեկ տարվա իրենց կատարած աշխատանքը: Քարոզչական ու անձնական քաղաքական դիվիդենտներ քաղելով հանդերձ` գործադիրի ղեկավարը պարտավորված է հաշվի նստել օրենսդիր իշխանության հետ` ինքնաբերաբար հակակշիռների մեխանիզմն աշխատեցնելով: Հայաստանում, սակայն, նման ոչ ավանդույթ կա, ոչ էլ սահմանադրական նորմ, Թեպետ Լեւոն Տեր-Պետրոսյանն իր նախագահության շրջանում հաճախ էր գնում Ազգային ժողով:

Սկզբում նա անգամ հանդես էր գալիս հաշվետվություններով, ներկայացնում իր արտաքին այցելությունների մանրամասները, տեղեկատվություն տալիս խորհրդարանին երկրի դրության մասին: Շատերը կհիշեն նաեւ 1997թ. աշնանը նրա` ավելի քան երկու ժամ տեւած ասուլիսը, երբ պատասխանել էր ոչ միայն ներկա լրագրողների, այլեւ համացանցով հնչեցված հարցերին: Ռոբերտ Քոչարյանին առհասարակ պառլամենտարիզմն էր չափազանց խորթ թվում: 1998-99 թթ. խորհրդարանը դեռեւս ՀՀՇ-ի ժառանգությունն էր, իսկ 1999թ. խորհրդարանը պատկանում էր Վազգեն Սարգսյանին ու Կարեն Դեմիրճյանին: Այս պայմաններում զարմանալի չէր, որ Քոչարյանը հաշվետվություն տալու բարդույթ ուներ, չնայած մարզային այցերի ժամանակ երբեմն ասուլիսներ էր անում` պատասխանելով լրագրողների հարցերին: 2003 թվականից ի վեր Հայաստանում խորհրդարան է ձեւավորվում բացառապես իշխանության առաջին դեմքի անձնական քմահաճույքով:

Ուստի Քոչարյանն ու Սարգսյանը պարզապես չեն կարող հաշվետվություն ներկայացել իրենց հպատակներին, որոնց գործուղել են ԱԺ` կոճակ սեղմելու համար: Անգամ խորհրդարանական կառավարման անցնելուց հետո Սերժ Սարգսյանը չբարեհաճեց ժամանել ԱԺ` մեկ ամիս առաջ վերջինիս ղեկավարությանը կանչելով Բաղրամյան 26:

Ն. Հովսեփյան




Լրահոս