Առաջին ջութակը ոչ թե նախագահն է, այլ` վարչապետը. ի՞նչ է ակնարկում ՀՀԿ-ն Արմեն Սարգսյանին. խմբագրական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արմեն Սարգսյանը, ում թեկնածությունը Սերժ Սարգսյանը ՀՀԿ անունից առաջադրել է ՀՀ նախագահի պաշտոնում, դեռ չի տվել վերջնական համաձայնությունը` այս օրերին շարունակելով հանդիպումները հասարակական-քաղաքական շրջանակների հետ: Սակայն ՀՀԿ-ականներն արդեն սկսել են նախագահի իրենց թեկնածուի հետ «պրոֆիլակտիկ» բացատրական աշխատանքներ տանել` հասկացնելով, որ նոր Սահմանադրության պայմաններում, միեւնույն է, երկրի ղեկավարը լինելու է վարչապետի պաշտոնի հավակնորդ Սերժ Սարգյանը:

«Սխալ է ասել` ինչու պետության գլուխը համարվող նախագահը չկա անվտանգության խորհրդում: Պետության գլուխ չի նշանակում, որ նա առաջին ջութակն է: Բոլոր խորհրդարանական համակարգերում նախագահն ակտիվ քաղաքական առաջին ջութակ չէ: Նա Սահմանադրության երաշխավորն է եւ ունի Սահմանադրությամբ իր վրա դրված ֆունկցիաները, որը պետք է հանգիստ իրականացնի: Այո, առաջին խաղացողը դառնում է գործադիրի ղեկավարը»,- երեկ հայտարարել է ՀՀԿ խոսնակը:

ՀՀԿ-ից նման հայտարարությունը կարելի է սպասելի համարել. Արմեն Սարգսյանն այս օրերին հանդիպումներ է ունենում ե՛ւ Հայաստանում, ե՛ւ սփյուռքում, հավանաբար ոգեւորվել է իր հանդեպ վերաբերմունքից: Ու ընտրվելուց հետո չի բացառվում, որ, այնուամենայնիվ, փորձի ամբիցիաներն առաջ տանել` լիարժեքորեն օգտվելով Սահմանադրությամբ նախագահին տրված լիազորություններից: Առավել եւս, երբ «Շանթ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում նա չէր համաձայնել տարածված տեսակետի հետ, որ նոր Սահմանադրությամբ նախագահն ընդամենը արարողակարգային պաշտոն է եւ ունի սահմանափակ լիազորություններ: Այսինքն՝ Արմեն Սարգսյանն ակնարկել էր, որ ինքը միգուցե չհամակերպվի անգլիական թագուհու դերում:

Բնականաբար, այս ամենը դուր չի եկել Սերժ Սարգսյանին: Ու հիմա Սերժ Սարգսյանը ՀՀԿ խոսնակի միջոցով հասկացնում է, որ նոր Սահմանադրության պայմաններում նախագահը, որքան էլ համարվի պետության գլուխը, միեւնույն է` երկրի ղեկավարը, ասել է, թե որոշողը, ինքն է լինելու: Ըստ այդմ, որքան էլ Արմեն Սարգսյանը ոգեւորվի «պետության գլուխը» համարվող նոր պաշտոնով, ստիպված է լինելու համակերպվել վարչապետ Սերժ Սարգսյանի ղեկավարության ներքո անգլիական թագուհու դերի հետ:

Միան թե, նկատենք, ՀՀԿ-ականների այս պահվածքն այնքան էլ գեղեցիկ չէ. Արմեն Սարգսյանն առաջադրման վերաբերյալ դեռ չի տվել իր վերջնական համաձայնությունը, բայց հանրապետականներն արդեն սկսել են հարձակվել նրա վրա, մամուլի միջոցով ակնարկներ անել ու «տեղը ցույց տալ»:




Լրահոս