ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ներկոալիցիոն գզվռտոց է սկսվել. ՀՀԿ-ն չի ընդունում ՀՅԴ-ի պահվածքը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իշխող ՀՀԿ-ի կոալիցիոն գործընկեր ՀՅԴ-ն օրեր առաջ ամփոփել էր կոալիցիայի արդյունքները եւ խոսելով ձեռքբերումների մասին` մատնանշել, թե դեռ շատ անելիքներ կան: Ընդ որում, հայտարարությունից այնպիսի տպավորություն ստեղծվեց, թե ՀՅԴ-ն ամեն կերպ փորձել է կոալիցիայի ձեռքբերումները վերագրել իրեն: Նրանք փորձում են դրականը վերագրել իրենց` բացասականի համար պատասխանատվությունը թողնելով ՀՀԿ-ին:

Իսկ նախօրեին էլ լրագրողների հետ զրույցում ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը խոսել էր նաեւ ընտրական համակարգի փոփոխության անհրաժեշտության մասին, այդ թվում` վարկանիշային համակարգի վերացման, որի մասին օրենսդրական նախագիծ դեռ տարեվերջին ներկայացրել էր նաեւ «Ծառուկյան» խմբակցությունը:

Ինչո՞ւ է այս փուլում ՀՀԿ-ի կոալիցիոն գործընկերը նման պահվածք ցուցաբերում, եւ ինչպե՞ս են դրան վերաբերվում ՀՀԿ-ականները: Այս եւ այլ հարցերի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանի հետ:

-Պարո՛ն Մելիքյան, «Ծառուկյան» խմբակցությունը վարկանիշային համակարգից հրաժարվելու առաջարկությամբ է հանդես եկել: Ինչպե՞ս է ՀՀԿ-ն վերաբերում այս առաջարկին:

-Այդ հարցի քննարկումները մեզ մոտ եղել են դեռեւս նախորդ ընտրությունների նախընտրական շրջանում, երբ որ օրենսդրական փոփոխություններ էինք կատարում նախորդ ընտրական օրենսգրքի մեջ, եւ, այսպես կոչված, ռեյտինգայինը մտցվեց քննարկումների արդյունքում: Ես այն կարծիքին եմ եւ եղել եմ այն կարծիքին, որ այս համակարգը բավականին լուրջ հնարավորություններ է տալիս նաեւ տարածաշրջաններում մեր ժողովրդին` իր ցանկությամբ, իր ընտրությամբ ԱԺ դահլիճում տեսնել նրան, ում ինքը տալիս է իր ձայնը, ում ինքը տալիս է իր գերապատվությունը:

Պարզ համամասնական ցուցակներում նման հնարավորություն գոյություն չունի, եւ քաղաքական ուժերի ղեկավարությունն է որոշում` ով պետք է լինի ԱԺ պատգամավոր, եթե տվյալ քաղաքական ուժը քվեարկության արդյունքում հայտնվում է Ազգային ժողովում: Այսինքն` սա նաեւ ժողովրդի կողմից ընդունելի տարբերակ է, եւ տեսանք` ինչպես նաեւ արդարացրեց իրեն: Բացարձակապես որեւէ խախտումներ չգրանցվեցին, այդ մասին են հուշում նաեւ բոլոր միջազգային կառույցների կողմից հետընտրական զեկույցները:

-Այսինքն` ընտրական օրենսգքրի փոփոխության համար հիմքեր չե՞ք տեսնում:

-Ո՛չ, հիմքեր չեմ տեսնում: Սրանք ընդամենը սովորական քաղաքական շահարկումներ են:

Ռեյտինգային համակարգից հրաժարվելու մասին նախօրեին խոսել է նաեւ Ձեր կոալիցիոն գործընկեր ՀՅԴ-ի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը: Ստացվում է՝ իրենք ե՞ւս շահարկումներ են անում:

-Այո՛, եւ դա զարմանալի չէ, որովհետու քաղաքական ցանկացած ուժ ունի նաեւ իր նպատակներին հասնելու տարբեր ճանապարհներ, եւ փորձում են փնտրել, գտնել այդ ճանապարհները բանակցային գործընթացով կամ քննարկումների ձեւով: Ցանկացած կարծիք մեզ համար ընդունելի է, ցանկացած քննարկում ընդունելի է, եւ եթե կարծիք լինի քննարկումների սեղանի շուրջ նորից եզրակացություններ հանգելու, մենք կգանք դրանք:

Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:

Նաիրա Հովհաննիսյան, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս