Բոլորը հիշում էին ԱԺ նախագահին, բայց նա չկար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Անվտանգության խորհրդի կազմավորման եւ գործունեության մասին» օրենքի նախագծի քննարկումները երեկ բավական բուռն էին: Ու հետաքրքիրն այն է, որ կառավարության ներկայացրած նախագծի վերաբերյալ որոշ դիտողություններ ունեին անգամ ՀՀԿ-ականները: Ինչպես հայտնի է՝ անվտանգության խորհրդի գլուխը լինելու է վարչապետը, երկու փոխվարչապետերը, անվտանգության խորհրդի քարտուղարը, պաշտպանության նախարարը, արտաքին գործերի նախարարը, ազգային անվտանգության ծառայության պետը, ոստիկանության պետը, զինված ուժերի գլխավոր շտաբի պետը:

Փոխարենը, անվտանգության խորհրդի կազմում ներկայացված չեն ո՛չ երկրի նախագահը, ո՛չ ԱԺ նախագահը, ո՛չ գլխավոր դատախազը: Երեկ այս հարցը խորհրդարանում հնչեցրեց ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանը: Ի պատասխան` ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արթուր Հովհաննիսյանը տվեց այս օրերին արդեն իսկ ծեծված, միեւնույն պատասխանը. «Անվտանգության խորհուրդը գործադիրի մաս է, այդ մարմնում պետք է ներառել պետական կառավարման համակարգի ներկայացուցիչներ»:, – նշեց նա:

«Ծառուկյան» խմբակցության մեկ այլ պատգամավոր Գեւորգ Պետրոսյանն էլ նկատեց՝ եթե խորհրդարանական կառավարման ենք անցնում, պառլամենտի առաջ որեւէ փակ դուռ չպետք է լինի, պաշտպանության ոլորտում ինչու չպետք է խառնվի: ԱԺ նախագահի եւ նախագահի ներկայացվածությունը կարեւորեց նաեւ «Ելք» խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանը՝ ընդգծելով, թե իրենք դեմ են քվեարկելու այս նախագծին: Սարգսյանի խոսքով` ԱԺ նախագահը շատ ավելի լեգիտիմ է, քան վարչապետը, քանի որ ժողովրդի քվեն ստացել է, հետո նոր քվե է տվել վարչապետին: «Անվտանգության խորհրդում խորհրդարանը պետք է միանշանակ ներկայացված լինի, նաեւ երկրի նախագահը», – նշեց նա:

Պարզվում է` ՀՀԿ խմբակցությունում ոչ բոլորն են համամիտ ԱԱԽ-ի՝ նման տեսքով ձեւավորվելու հետ: ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշեց, թե խորհրդի կազմում եթե չի կարող լինել ԱԺ նախագահը կամ նախագահը, բայց առաջարկում է նախատեսել, որ նրանք կարող են մասնակցել նիստերին, երբ օրակարգում իրենց հետաքրքրող հարց կլինի: Իսկ ահա մեկ այլ ՀՀԿ-ական Կորյուն Նահապետյանն էլ առաջարկեց այդ կազմում ընդգրկել նաեւ արտակարգ իրավիճակների նախարարին:

Երեկվա քննարկումներում ամենաուշագրավը, սակայն, մեկ այլ հանգամանք էր. ողջ ընթացքում դահլիճում չէր ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը: Ստացվում է՝ պատգամավորները բանավիճում են ԱԺ նախագահին եւս ԱԱԽ-ում ընդգրկելու հարցի շուրջ, մինչդեռ Բաբլոյանը ոչ միայն ելույթ չի ունենում այդ հարցի վերաբերյալ եւ չի ներկայացնում իր տեսակետը, այլեւ, առհասարակ, նույնիսկ դահլիճում չէր: Եթե անգամ ինքը համակերպվել է քաղաքական դաշտում իրեն վերապահված երրորդական դերի հետ, ապա գոնե պետք է արժեւորեր զբաղեցրած պաշտոնը:

Մանավանդ, որ ԱԺ նախագահը դեռեւս համարվում է Սահմանադրությամբ պետության երկրորդ պաշտոնյան: Բայց, դե, Բաբլոյանն իր պաշտոնավարման այս ամիսներին ոչ մեկ անգամ է ապացուցել, որ քաղաքականությունից շատ հեռու է, եւ իր յուրաքանչյուր հայտարարություն սայթաքում է: Եվ հենց դա է պատճառը, որ վերջինս խուսափում է երկար զրուցել լրագրողների հետ՝ վախենալով նորանոր սայթաքումներից:




Լրահոս