Բաբլոյանը՝ բարեխիղճ մոլորության մեջ. ո՞վ է նրան համոզել կամ ներշնչել, որ իրենք բարձրագույն մարմին են

Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը վերջապես անդրադարձել է կառավարության ներկայացրած օրինագծին, ըստ որի` խորհրդարանական կառավարման համակարգի պայմաններում ԱԺ նախագահն այլեւս ընդգրկված չի լինելու անվտանգության խորհրդի կազմում:

«Մենք հանդիսանում ենք բարձրագույն մարմին եւ ունենք վերահսկողական կարգավիճակ կառավարության վերահսկողության վրա եւ մենք չենք կարող մաս կազմել այն գործունեությանը, որը պետք է վերահսկենք: Իջեցնելով ԱԺ նախագահի կարգավիճակը՝ դուք իջեցնում եք ձեր կարգավիճակը»,- դեմքի ամենալուրջ արտահայտությամբ ասել է նա:
Բաբլոյանի խոսքերից հետո ոչինչ չի մնում անելու, քան ժամանակների դասականի նման բացականչել՝ «Իյա, իրո՞ք»:

Հետաքրքիր է՝ ո՞վ է Արա Բաբլոյանին համոզել կամ ներշնչել, որ իրենք բարձրագույն մարմին են: Իսկ մի՞թե բարձրագույն, վերահսկողական մարմին կարելի է համարել այն խորհրդարանը, որ վաղուց ի վեր դարձել է կառավարության կցորդը, վերածվել է պարզապես կոճակ սեղմողների ակումբի: Հազիվ թե բարձրագույն մարմինն իրեն թույլ տար, որ կառավարությունն իր ձեռքը վերցնի օրենսդրական նախաձեռնությունների իրավունքը եւ ստիպի ընդունել իր բերած հատկապես նախագծերն արտահերթ նիստերով:
Իսկ եթե Բաբլոյանը նկատի ունի ԱԺ կանոնակարգ-օրենքի մասը, որտեղ առանձին նշված է խորհրդարանական վերահսկողության մասին, ապա հիասթափեցնենք, այդ ամենը զուտ ձեւական է, թղթի վրա գրված: Գոնե այս խորհրդարանի պարագայում, որովհետեւ դժվար է պատկերացնել՝ նրանք ինչպե՞ս են վերահսկելու ապագա կառավարությանը, երբ վարչապետը դառնա Սերժ Սարգսյանը: Համարձակվելու են նրան հրավիրել խորհրդարան՝ հաշիվ տալո՞ւ:

ԱԺ կանոնակարգ-օրենքի 122-րդ հոդվածում սահմանված է, որ, օրինակ, մշտական հանձնաժողովները խորհրդարանական վերահսկողություն են իրականացնում օրենքների կատարման ընթացքի նկատմամբ, կարող են տեղեկություններ պահանջել կառավարության ծրագրի կատարման ընթացքի վերաբերյալ: Բացի այդ` ԱԺ կանոնակարգ-օրենքի 123-րդ հոդվածում ներկայացված են հասարակական հետաքրքրություն ներկայացնող հրատապ թեմայով քննարկումներ անցկացնելու կարգը: Հոդվածի առաջին կետով սահմանվում է, որ հերթական նստաշրջանի` նիստերի շաբաթվա ընթացքում գումարվող նիստերից մեկում պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ քառորդի պահանջով կարող են անցկացվել հասարակական հետաքրքրություն ներկայացնող հրատապ թեմայով քննարկումներ:

Արի ու տես, որ այս ԱԺ-ն իր գոյության մոտ մեկ տարվա ընթացքում այդպես էլ չի օգտվել վերահսկողական ֆունկցիաներից: Կամ եթե փորձ արել է օգտվելու, ապա ամեն ինչ ավարտվել է «մկների ժողով» հիշեցնող տեսարաններով, որտեղ բոլորը ճառ ասող են, բայց զանգ կախող չկա: Վերջին շրջանում մի շարք ապրանքատեսակների թանկացման թեմայով անցկացված լսումների ժամանակ միայն հնչեցին ելույթներ՝ ընդդիմադիր խմբակցությունները քննադատեցին, իշխանությունները պաշտպանվեցին ու սկսեցին համոզել, թե գնաճը բնական էր, եւ վերջ: Այդպես էլ որեւէ որոշում, եզրահանգում չարվեց: Դրանից հետո, թերեւս, դժվար է պատկերացնել, թե ինչպես է նույն ԱԺ-ն կառավարության ծրագրի կատարման ընթացքի վերաբերյալ վերահսկողություն անելու եւ համապատասխան պաշտոնյաներին հաշվետվություն ներկայացնելու համար խորհրդարան հրավիրելու:

Ինչ վերաբերում է օրենքների կատարման ընթացքին, ապա, օրինակ, ՀՀ սահմանադրական դատարանը տարբեր օրենքների տարբեր դրույթներ այս տարիներին ճանաչել է հակասահմանադրական, բայց պարզվում է՝ ԱԺ-ն այդպես էլ ՍԴ որոշումների հիման վրա օրենսդրական փոփոխություններ չի արել եւ հակասահմանադրական դույթները Սահմանադրությանը չի համապատասխանեցրել. ասվածի ապացույցը ՄԻՊ-ի վերջին հաղորդագրությունն էր, որտեղ նշված էր այդ մասին:
Ինչեւէ: ԱԺ կանոնակարգ-օրենքի 115-րդ հոդվածում էլ նշված է, թե Ազգային ժողովի իրավասու մշտական հանձնաժողովն ուսումնասիրում է հաշվեքննիչ պալատի ընթացիկ եզրակացությունները, իսկ առկայության դեպքում նաեւ` հաշվեքննության օբյեկտի ղեկավարի կողմից ընթացիկ եզրակացության վերաբերյալ տրամադրված տեղեկատվությունը: Ուսումնասիրության արդյունքով հանձնաժողովը դրանք քննարկելու համար կարող է որոշում կայացնել` հրավիրելու հանձնաժողովի նիստ կամ ոլորտային հանձնաժողովների հետ համատեղ նիստ:
Սակայն իրականության մեջ չենք կարող շատ դեպքեր մտաբերել, երբ Ազգային ժողովն իր այս գործառույթն իրականացրել է: Իհարկե, դրա համար «սահմանադրության փայլուն գիտակ» խորհրդարանականները կշտապեն ասել, թե դեռ ուժի մեջ չի մտել Սահմանադրության կետը, ըստ որի` վերահսկիչ պալատը դառնում է հաշվեքննիչ պալատ, ավելին՝ դեռ չկան հաշվեքննիչ պալատի ընթացիկ հաշվետվությունները, այնպես որ, իրենք չեն կարող հանձնաժողովների նիստում քննարկել նման հարցեր: Վստահ ենք՝ Սահմանադրությունն ամբողջությամբ ուժի մեջ մտնելուց եւ հաշվեքննիչ պալատի գործունեության ժամանակ էլ ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահները չեն համարձակվի ընթացիկ հաշվետվությունները քննարկման առարկա դարձնել: Սա այն պարզ պատճառով, որ ՀՊ-ն բացահայտելու է պետական համակարգում կոռուպցիան, պետական միջոցների վատնումն ու փոշիացումը, իսկ խորհրդարանական իշխող մեծամասնությանը ձեռնտու չէ այդ փաստերը վերհանելն ու դրանց ուղղությամբ քննարկումներ ծավալելը:

Ստացվում է` Ազգային ժողովի նախագահն այս դեպքում դե ֆակտո չունի որեւէ լիազորություն, որով կարողանա պայքարել իր համար ստեղծված դաժան իրականության դեմ: Իսկ իրականությունն այն է, որ նախագահականից խորհրդարանականի վերածված երկրում անվտանգության խորհրդի կազմում նպատակահարմար չհամարեցին ընդգրկել Ազգային ժողովի նախագահին:

ՄԵՐԻ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ