Հետախուզվողն ու առաջին մեղադրյալը․ Նաիրիի բաժնի օպերլիազորը հայտնվել է ամբաստանյալի աթոռին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2017 թվականի նոյեմբերի 10-ին ՀՀ գլխավոր դատախազությունը հետախուզական աշխատանքների կազմակերպման եւ իրականացման ընթացքում պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից ծառայողական պարտականությունները չկատարելու կամ պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելու 4 դեպքերով հարուցվել էին քրեական գործեր եւ ուղարկվել հատուկ քննչական ծառայություն` քննություն իրականացնելու եւ խախտումներ թույլ տված պաշտոնատար անձանց պատասխանատվության ենթարկելու համար:

«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ հանձնարարականից 3 ամիս անց ՀՔԾ-ն ՀՀ ոստիկանության Կոտայքի մարզային վարչության Նաիրիի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազորին մեղադրանք է առաջադրել:
Բանն այն է, որ ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում հարուցված քրեական գործով 2016թ. սեպտեմբերի 29-ին որոշում է կայացվել Գ. Պ.-ին ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասով որպես մեղադրյալ ներգրավելու մասին, նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին եւ հայտարարվել է հետախուզում:
Հետախուզում հայտարարելու մասին որոշման կատարումը նույն օրը հանձնարարվել է ՀՀ ոստիկանության Կոտայքի մարզային վարչության Նաիրիի բաժնին, որտեղ կազմվել է հետախուզական գործ: Հետախուզվողը 2016թ. հոկտեմբերի 24-ին ՀՀ մուտք գործելիս հայտնաբերվել է ՀՀ ոստիկանության Բագրատաշենի բաժանմունքի կողմից եւ նույն օրը ներկայացվել է ՀՀ ոստիկանության Նաիրիի բաժնի օպերլիազորին: Վերջինս հետախուզվողին չի ներկայացրել վարույթն իրականացնող մարմնին, այդ մասին քննիչին չի տեղեկացրել, այլ նույն օրը հետախուզումը դադարեցնելու եւ հետախուզական գործը կարճելու մասին որոշում է ուղարկել ՀՀ ոստիկանության ինֆորմացիոն կենտրոն, որտեղ հետախուզական գործը հաշվառումից հանվել է, իսկ գործով վարույթը շարունակել է մնալ կասեցված` մեղադրյալի գտնվելու վայրը հայտնի չլինելու հիմքով:

Ու հիմա` այս ամենի արդյունքում, Նաիրիի բաժնի օպերլիազոր Արմեն Վարդանյանը հայտնվել է ամբաստանյալի աթոռին: Արմեն Վարդանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 315 հոդվածի հատկանիշներով` պաշտոնեական անփութություն: Ըստ նախաքննությունն իրականացնող մարմնի` Վարդանյանը 2016 թվականի հոկտեմբերի 4-ին, լինելով ՀՀ ոստիկանության Կոտայքի մարզային վարչության Նաիրիի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազոր, ծառայության նկատմամբ անբարեխիղճ եւ անփույթ վերաբերմունքի հետեւանքով պատշաճ կարգով չի կատարել իր պարտականությունները, որն անզգուշությամբ էական վնաս է պատճառել պետության օրինական շահերին: Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին:
Հետաքրքիր է` ի՞նչ ճակատագրի կարժանանան մյուս քրեական գործերով անցնող ոստիկանները:

Ք. Մ.




Լրահոս