Բանակցային սեղանին կրկին հանդիպելու են Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիեւը. խմբագրական

Թեեւ պաշտոնական Բաքուն հայտարարել է՝ ԼՂ խնդրի կարգավորման բանակցություններն ինտենսիվ կշարունակվեն Ադրբեջանում եւ Հայաստանում սպասվող նախագահական ընտրություններից հետո, սակայն ԵԱՀԿ ՄԽ համանախագահների՝ տարածաշրջանային այցը վկայում է, որ բանակցային գործընթացը, որպես այդպիսին, կանգ չի առել: Առավել եւս, երբ պարզ է՝ այդ ընտրությունների արդյունքում հազիվ թե երկու երկրներում իշխանափոխություն լինի. Ադրբեջանում կշարունակի նախագահել Իլհամ Ալիեւը, իսկ Հայաստանը թեեւ նոր նախագահ կունենա, հանձին Արմեն Սարգսյանի, բայց ԼՂ խնդրում բանակցողը խորհրդարանական կառավարման պարագայում լինելու է վարչապետը, այդ պաշտոնի հավանական թեկնածուն էլ Սերժ Սարգսյանն է: Այնպես որ, բանակցային սեղանին կրկին հանդիպելու են Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիեւը:

Հենց այդ պատճառով էլ ԵԱՀԿ ՄԽ համանախագահներն իրենց խոսքերում ավելի «գործնական» են գտնվել եւ խոսել իրենց առաջիկա աշխատանքային ծրագրերի մասին: Իհարկե, մինչ համանախագահները փորձում են մոտեցնել կողմերի դիրքորոշումը, որոշակի փոփոխություն է նկատվում հատկապես Ադրբեջանի հռետորաբանության մեջ. Ալիեւը հայտարարել է, թե թույլ չի տա իրենց հողի վրա հայկական երկրորդ պետականության ստեղծում: Եթե հաշվի առնենք փաստը, որ Ալիեւն այս խոսքերն ասել է նախընտրական շրջանում, դրանց մեծ հաշվով պետք չէ լուրջ վերաբերվել. ընտրողների համակրանքը շահելու համար նա փորձելու է խստացնել հռետորաբանությունն ու անզիջում կեցվածք է ընդունել: Ցավալի է միայն այն հանգամանքը, որ այս հռետորաբանության շրջանակներում Ադրբեջանը շարունակում է հրադադարի ռեժիմի պարբերական խախտումները, եւ արդյունքում հայկական կողմն ունի զոհ:

Հիմա Սերժ Սարգսյանն իր հերթին, ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն իր հերթին ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ հանդիպումների ժամանակ ուշադրություն են հրավիրել պաշտոնական Բաքվի հռետորաբանության վրա: Երեկ Ս. Սարգսյանը նշել է, թե այդ հայտարարությունները եւս մեկ վկայությունն են այն անի, թե որքան հեռու է Ադրբեջանը ՄԽ համանախագահների առաջարկությունների հիման վրա ԼՂ հիմնախնդրի բանակցային գործընթացն առաջ մղելու պատրաստակամությունից:

Նշենք, որ Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ հանդիպման ժամանակ ԼՂ խնդրին անդրադարձել է նաեւ ԵՄ արտաքին քաղաքականության հարցերով հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին` ասելով, որ ԵՄ-ն ակնկալում է, որ ԼՂ հակամարտության հարցում կողմերը հավատարիմ կմնան ձեռք բերված պայմանավորվածություններին եւ կակտիվացնեն բանակցային գործընթացը` նաեւ ընդգծելով, որ ստատուս քվոն կայուն չէ: