Եթե ուզում ես տղամարդուն պահել քո կողքին, պետք է չկառչես նրանից․ Նարինե Սուլթանյան

«Ժողովուրդ» օրաթերթի հարցերին պատասխանել է հաղորդավարուհի, դերասանուհի Նարինե Սուլթանյանը:

-Նարինե՛, ո՞րն է եղել մանկության հետ կապված ամենատպավորիչ ասոցիացիան:

-Մանկությանս հետ կապված ամենավառ ասոցիացիան տատիկիս տանը գտնվող երկու մեծ գերմանական տիկնիկներն էին, որոնք առ այսօր պահպանվում են: Դրանցից մեկը մուգ մազեր եւ մաշկի գույն ուներ, մյուսը շիկահեր էր: Բնականաբար, մանկուց զուգահեռներ էինք անցկացնում իմ եւ քրոջս միջեւ: Հիմա էլ աղջիկս է նմանություն գտնում տիկնիկների եւ մեր միջեւ` առանց իմանալու նախապատմությունը:

-Աֆորիզմ, միտք, որը տպավորել է Ձեզ:

-Կախված հոգեվիճակից` աֆորիզմների բնույթը փոխվում է: Վերջերս ամենատպավորված աֆորիզմները անձի, անհատականության վերաբերյալ են` «Մարդու անձը բնորոշվում է նրա խորությամբ: Ամեն տեղ եւ ամեն ինչում ներքինը պետք է ավելին լինի, քան արտաքինը: Անձը բնութագրվում է ոչ միայն նրանով, թե ինչ է անում, այլ նրանով, թե ինչպես է այն անում»:

-Ֆիլմ, որից սովորել եք:

-Ամենատպավորիչ ֆիլմն ինձ համար եղել է «Beautiful» ֆիլմը` Խավիեր Բարդեմի դերակատարմամբ: Նախ նշեմ, որ այդ դերասանի խաղն եմ շատ սիրում, հատկապես այդ ֆիլմում եւ, առհասարակ, ֆիլմի գաղափարը, սցենարն ու ինձ համար վառ արտահայտված տղամարդկային կերպարը: Ֆիլմի հենց առաջին կադրից արդեն իսկ հասկանում ես, թե որքան խորություն կարող է արտահայտված լինել մեկ հայացքում:

-Եթե լինեք ղեկավար, նախապատվությունը կտաք աշխատասե՞ր, ստեղծագո՞րծ, թե՞ ճկուն, հնարամիտ աշխատողին:

-Կարծում եմ` նախապատվությունը կտայի բոլոր տիպերին, քանի որ թիմում պետք է ընդգրկված լինեն բոլոր խառնվածքների եւ ունակությունների տեր մարդիկ:

-Գրական գործ, որի ազդեցությունը դեռ մնացել է:

-Վերջերս ընթերցվածներից տպավորվեց Նարինե Աբգարյանի «Բեգոնիա» պատմվածքը, որը մարդկային բարության, հոգատարության մասին էր եւ դիպչում էր հոգու նուրբ լարերին: Լուսավոր պատմվածք:

-Շարունակեք միտքը` «Եթե ուզում ես տղամարդուն պահել քո կողքին, պետք է…»:

-Չկառչել տղամարդուց:

-Ո՞րն է Ձեր առաքելությունը:

-Կոնկրետ իմ պարագայում` ինչպես նախասիրությունները, նպատակները, երազանքները, այնպես էլ առաքելությունը փոփոխվում է կյանքի տարբեր փուլերում: Ցանկացած կին ունի մի գերխնդիր, որ պետք է իրականացնի, որն արդեն իսկ պարզ է: Մնացած հարցերում յուրաքանչյուր անձ ինքն է որոշում իր հոգեւոր վակուումի աստիճանը եւ, ըստ այդմ, գիտակցում իր առաքելությունը կյանքի տվյալ փուլում:

-Ընկերներ ընտրելիս նախապատվությունը կտաք թեթեւ ու անկեղծ, թե՞ բարդ, բայց խորը տեսակին:

-Ես սիրում եմ տարբեր տեսակի շփումներ` ե՛ւ թեթեւ ու անկեղծ, ե՛ւ բարդ ու խորը: Շփումներիս որակը կախված է տվյալ պահի տրամադրությունից: Ինքս էլ կարող եմ լինել թեթեւ, կարող եմ լինել եւ բարդ. կարեւորը մարդկային որակն է:

-Կենդանի կպահե՞ք, թե՞ բույս կխնամեք:

-Կենդանի կպահեմ` շուն:

-Երբ ամեն բան անիմաստ է թվում, պետք է պարզապես…

-Լուսավոր կետեր գտնել, ուրախանալ հարազատների առողջությամբ, քո կողքին լինելու հնավորությամբ: Այդ ժամանակ է, որ գիտակցում ես, որ անիմաստ չես ապրում, եւ կան մարդիկ, որոնք անկեղծորեն կիսում են քո լավ եւ վատ պահերը:

-Չե՞ք հանդուրժի, եթե Ձեր մտերիմը մոռանա Ձեր ծննդյան օրը, մյուսների մոտ կշտամբի Ձեզ, փորձի Ձեր հաշվին ինքնահաստատվել:

-Եթե ընկերներիս մասին է խոսքը, կներեմ ծննդյանս օրը մոռանալը, իսկ կշտամբանքն ու ինքնահաստատվելը չեմ ների` անկախ մտերմության աստիճանից:

-Սիրելի եղանակը:

-Գարուն:

-Մարդու մեջ առաջինը գնահատում եք…

-Արժեքները, մարդ լինելը:

-Այս պահին ամեաշատը կարիք ունեք սրտաբաց ընկերո՞ջ, ճամփորդելո՞ւ, թե՞ պասիվ հանգստի:

-Կարիք ունեմ ճամփորդելու, նոր էմոցիաների, հոգեւոր լիցքերի, տեսարժան վայրերի եւ բացահայտումների:

-Ջուր, օդ, կրակ, թե հող:

-Ջուր:

-Ամենաանսպասելի հրաշքը Ձեր կյանքում:

-Դեռ սպասում եմ:

-Իր, որը կարող է բարձրացնել Ձեր տրամադրությունը:

-Վերջերս աղջիկս նվիրել էր հեռախոսի աքսեսուար` նորածնի դեմքով, փափուկ գլխարկով, որը կոնկրետ իմաստ էր պարունակում: Այդ ժեստը կոնկրետ բարձրացրեց տրամադրությունս:

-Փող, փառք, թե հետք թողնելու հնարավորություն:

-Եթե բոլորն էլ լինեին, վատ չէր լինի:

-Մեր հարցերից ո՞րը հավանեցիք:

-Երեւի տրամադրություն բարձրացնող իրի մասին հարցը, որովհետեւ մինչ այդ չէի վերլուծել այդ իրի ազդեցությունը:

Աննա Բաբաջանյան