Երբեմնի խոշոր հարկատուն զիջել է դիրքերը. որն է պատճառը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի էներգետիկ համակարգի հսկաներից մեկը՝ «Որոտանի հիդրոէլեկտրոկայանների համալիր» ՓԲԸ-ն, որ երբեմնի խոշոր հարկատուների մեջ առաջատարների թվում էր, աստիճանաբար զիջում է դիրքերը: Եթե ընկերությունը 2016 եւ 2015 թվականներին զբաղեցնում էր հազար խոշոր հարկատուների ցանկի առաջատար տեղերը, ապա անցած տարում այն տեղ չի գտել անգամ ցանկի առաջին հիսունի մեջ:

«Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ «Որոտանի հիդրոէլեկտրակայանների համալիրը» 2017 թվականին վճարած ավելի քան 1.7 մլրդ դրամի հարկերով դարձել է 88-րդը: Մինչդեռ 2016 թվականին այս ընկերությունը, հայտնվելով հազար խոշոր հարկատուների ցանկի 4-րդ տեղում, պետական բյուջե վճարել է 15 մլրդ 526 մլն 369 հազար դրամ հարկ: Ընդ որում, 2015 թվականի ընթացքում ընկերության հարկային վճարումները եւս բարձր են եղել` կազմելով 16 մլրդ 955 մլն 671 հազար 900 դրամ:

«Որոտան» հիդրոկասկադը կազմում է ՀՀ էլեկտրականության համակարգի դրվածքային հզորության մոտ 15 տոկոսը եւ բավարար էլեկտրականություն է թողարկում` 250 հազար տնտեսություններ էլեկտրաէներգիայով ապահովելու համար: Ինչպես հայտնի է` 2015 թվականի օգոստոսից «Որոտանի ՀԷԿ-երի համակարգի» սեփականատեր է ամերիկյան «Քոնթուր Գլոբալ» ընկերությունը. դեռեւս 2014 թվականին ՀՀ կառավարության, «Որոտան hիդրոէլեկտրակայանների hամալիր» ՓԲԸ-ի, ամերիկյան «Քոնթուր գլոբալ հիդրոկասկադ» եւ «Սի-Ջի սոլյուշնս գլոբալ hոլդինգ քամփնի» ընկերությունների միջեւ ստորագրվել էր գույքի առուվաճառքի պայմանագիր: Ինչի արդյունքում ամբողջ հիդրոկասկադը` իր ՀԷԿ-երով, ջրամբարներով ու մնացած ամեն ինչով, վաճառվեց 180 մլն դոլարով: Այն պետք է էներգիա մատակարարի Հայաստանի էլեկտրական ցանցերին երկարատեւ` 25 տարի ժամկետ ունեցող էլեկտրաէներգիայի գնման պայմանագրի համաձայն:

Սակայն որոշ մասնագետներ համոզված էին, որ այս գործարքով կառավարությունը Հայաստանին զրկում է սեփական էներգետիկայից: Անգամ բազմաթիվ փորձագետներ գտնվեցին, որոնք հայտարարեցին, որ կասկադը վաճառվել է մի քանի անգամ էժան գնով: Իսկ կասկադը տնօրինող ամերիկյան ընկերությունը խոստացավ առաջիկա վեց տարիներին ներդնել 70 մլն դոլար: Իսկ մասնագետները վստահ էին, որ ընկերության շահույթի հաշվին ներդրում անելու դեպքում մի քանի տարի հետո այն ավելի թանկ գնով կվաճառվեր:

Փոխարենը այսօր ստեղծվել է իրավիճակ, ըստ որի` «Որոտանի հիդրոէլեկտրակայանների համալիրը», որը խոշոր հարկատու էր համարվում, այսօր չի գործում: Հետեւաբար հարկեր էլ չի վճարում: Իսկ ահա նույն` ամերիկյան «Քոնտուր Գլոբալ հիդրոկասկադ» ընկերությունը հազար խոշոր հարկատուների ցանկում հայտնվել է 2016 թվականին` վճարած 577 մլն 992 հազար դրամով: Բայց 2017 թվականի ընթացքում ամերիկյան ընկերությունը վճարել է 1 մլրդ 159 մլն դրամ հարկ ու տուրք: Թեեւ ընկերությունը մեկ տարվա ընթացքում ավելացրել է հարկային վճարումները, բայց միեւնույն է` այն հավասար չէ «Որոտանի հիդրոէլեկտրակայանների համալիրի» կողմից կատարված վճարումներին:

«Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ «Որոտանի հիդրոէլեկտրակայանների համալիր» ընկերությունը գործունեություն չի իրականացնում, եւ նրա հաշվեկշռում որեւէ գույք չի հաշվառվում: Ավելին` ընկերությունը գնում է լուծարման: «Ժողովուրդ»-ը ընկերության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Կարեն Խաչատրյանից հետաքրքրվեց, թե ինչու է ընկերությունը մեկ տարվա ընթացքում մոտ 13.8 մլրդ դրամով նվազեցրել հարկային վճարումները: Հարցին ի պատասխան` Կ. Խաչատրյանն արձագանքեց. «Ոչ մի խնդիր չկա, խնդիր չունենք: Որոտանի հիդրոէլեկտրոկայանների ցանցը իր գույքը վաճառել է «Քոնտուր գլոբալ հիդրոկասկադ» ընկերությանը: Ընկերությունը ոչ մի բան չի արտադրում եւ չի կարող հարկ վճարել: Գույքը վաճառվել է, ինքնըստինքյան չի կարող էլէներգիա արտադրել եւ ոչ էլ հարկ վճարել»: Ի դեպ, տեղեկացնենք, որ ընկերության «Հեր-Հեր» հիդրոէլեկտրակայանը օտարվել է պաշտպանության նախարարության ենթակայության «Արմ-Աէրո» ՓԲԸ-ին:

Սյունէ Համբարձումյան




Լրահոս