Երկու-երեք մենամարտից հետո ես էլ կավարտեմ կարիերաս․ Արթուր Աբրահամ

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի աշխարհի բազմակի չեմպիոն Արթուր Աբրահամն անձնական գործերով եկել է Երևան և այստեղ կմնա մեկ շաբաթ:

Անվանի բռնցքամարտիկը ներկա է գտնվել բռնցքամարտի Հայաստանի երիտասարդական առաջնության եզրափակիչ մենամարտերին: ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում Աբրահամը նշել է, թե երբ կանցկացնի իր հաջորդ մենամարտը.

«Բավականին երկար ժամանակ ռինգում չեմ եղել:

Դադար էինք տվել: Հանգստանում էի: Շատ շուտով սկսելու եմ նախապատրաստվել հաջորդ մենամարտին, որը կայանալու է ապրիլի 28-ին, բայց մրցակիցս դեռ հայտնի չէ»:

38-ամյա Աբրահամն արդեն մտածում է պրոֆեսիոնալ բռնցքամարտիկի կարիերան ավարտելու մասին.

«Ինձ թվում է՝ երկու-երեք մենամարտից հետո ես էլ կավարտեմ ակտիվ կարիերաս: Բայց սպորտից չեմ հեռանա: Հնարավոր է՝ բռնցքամարտի մենեջեր լինեմ, զբաղվեմ իմ անձնական գործերով»,- ասել է Արթուր Աբրահամը:

Ավելի վաղ, Աբրահամը նշել էր, որ մինչև կարիերայի ավարտը մտադիր է նորից աշխարհի չեմպիոն դառնալ: