ՀՀԿ-ն կլանել է պետությանը. ընդդիմության ձայնը գնալով մարում է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ցանկացած ժողովրդավարական երկրում գոյություն ունի իշխանություն եւ ընդդիմություն: Պետական կառավարման համակարգում Ազգային ժողովը եւ կառավարությունն իր որոշումներն ընդունում է քաղաքական այս երկու թեւերի տեսակետների փոխանակման, առաջարկների, քննադատությունների հիման վրա: Մինչդեռ մեր երկրում ներկայում, ընդդիմության դերակատարումն ու որոշումների վրա ազդեցությունը նվազագույնի է հասցված:

Վերջին 20 տարիներին մեր երկրում իշխանության փոփոխություն, ըստ էության, տեղի չի ունեցել. Հայաստանի հանրապետական կուսակցությունը, որը իշխանության մեջ էր դեռ 1995 թվականից, երբ լինելով Հանրապետություն միավորման կազմում, կոալիցիա էր կազմել ՀՀՇ-ի հետ, 1998թ. պետական հեղաշրջումից հետո իր ձեռքում կենտրոնացրեց պետական ողջ ապարատը: 2000-ականների սկզբում իշխանության մեջ նաեւ ՀՅԴ-ն եւ, ըստ էության, Քոչարյանի ռեժիմը դաշնակցա-հանրապետական ազգայնական գաղափարախոսությամբ էր առաջնորդվում: Կամաց-կամաց հանրապետականները բացարձակ մեծամասնություն կազմեցին, արդյունքում՝ կուսակցությունը կլանել է պետությանը, իշխանությանը:

Ինչ վերաբերում է ընդդիմությանը, ապա վերջինիս ձայնը կարծես թե այլեւս լսելի չէ: Այս իրավիճակի խորացմանը նպաստեցին նաեւ սահմանադրական փոփոխությունները. հիմա ժողովրդի կողմից իշխանություն ձեւավորելու միայն մեկ հնարավորություն է մնացել՝ խորհրդարանական ընտրությունները: Նախագահին ընտրելու է ԱԺ-ն: Մինչդեռ նախկինում համապետական երկու ընտրությունները՝ նախագահի եւ ԱԺ-ի ընտրությունները, նաեւ ընդդիմության գործունեության համար հրաշալի առիթ էին. բավական է հիշել այդ ընտրություններին նախորդած ու հաջորդած հանրահավաքները, բողոքի ցույցերը: Եւ հետո` տեսակետ կա, որ որքան ուժեղ է հասարակությունը, այնքան ուժեղ է ընդդիմությունը: «Թույլ հասարակությունն էլ կարող է ունենալ այն ընդդիմությունը, որ այսօր կա»,- «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը:

Նա շեշտեց, որ իշխանությունն ունի լծակներ, դրանք ուժային կառույցներն են, հարկային, մաքսային մարմինները, վարչական, ֆինանսական ռեսուրսն է: Այդ ռեսուրսներին ի հակադրություն` ընդդիմությունը պետք է ունենար հասարակական ռեսուրսը: Բայց քանի որ հասարակությունը շատ է թուլացել արտագաղթի, տնտեսական քաղաքականության եւ այլ պատճառներով, ընդդիմությունն էլ բավական թույլ է:

Խորհրդարանում ներկայում «Ելք» եւ «Ծառուկյան» դաշինքներն են հանդես գալիս որպես ընդդիմադիր: Երկու ուժերն էլ պարբերաբար ներկայացնում են օրենսդրական նախաձեռնություններ, որոնք, սակայն, որպես կանոն, մերժվում են: Քաղտեխնոլոգն այս հանգամանքը բացատրում է նրանով, որ ուժերը քաղաքական գործընթացը եւ քաղաքական գործունեությունը հաճախ չեն տարբերակում: «Ելք» դաշինքը վերջին օրերին երկու անգամ ցույց իրականացրեց թանկացումների դեմ: Քաղտեխնոլոգի համոզմամբ` դրանք ստրատեգիական տեսանկյունից սխալ էին, քանի որ իրենք թանկացման դեմ են պայքարում: «Բայց անհրաժեշտ է թանկացնողների դեմ պայքարել: Հենց այս է պատճառը, որ նրանց ակցիան լայն արձագանք չի գտնում: Եթե նպատակը սխալ է, ճիշտ քայլեր կատարելու դեպքում անգամ հնարավոր չէ հաջողության հասնել»,-շեշտեց Արմեն Բադալյանը:

Շատ երկրներում զարգացում ապահովելու գրավականներից մեկն էլ իշխանափոխությունն է: Սակայն մեր երկրում բնակչությունը պարբերաբար միայն լսում է այդ մասին: Թե ինչու վերջին 20 տարիներին իշխանություն չի փոխվել, քաղտեխնոլոգի կարծիքով` պատճառը շատ պարզ է: «Իշխանափոխության ձգտող ուժերը համապատասխան քաղաքականություն չիրականացրին: Շատ դեպքերում բաց թողեցին իրենց տրված հնարավորությունը, շատ դեպքերում դիտում էին քաղաքական գործընթացները 88, 91 թվականների համայնապատկերում: Հաշվի չէին առնում, որ հիմա այդ թվերը չեն: Բացի այդ` հաշվի չէին առնում արտաքին քաղաքական գործընթացները եւ այլն: Անգամ հարեւան Վրաստանի եւ Ուկրաինայի փորձերը հաշվի չառան` մտածելով, թե ամեն ինչ գիտեն եւ մինչեւ վերջ ոչ մի խորհուրդ կողքից չէին լսում: Արդյունքում շատ ուժեր սխալվեցին»:

Կարող ենք արձանագրել, որ ընդդիմությունը բավական թուլացավ եւ չկարողացավ իշխանությունն իր ձեռքն առնել, իսկ Հանրապետական կուսակցությունն օգտվեց ընդդիմության սխալներից եւ շատ դեպքերում հաջողացրեց ավելի գրագետ աշխատել: Սրանով է քաղտեխոնոլոգը բացատրում այն հանգամանքը, որ շատ կուսակցություններ վերածվել են մարգինալ ուժերի: Ներկայիս արտախորհրդարանական ուժերը, ըստ նրա, այն ուժերն են, որոնք գրագետ մոտեցում չդրսեւորեցին քաղաքական գործընթացների նկատմամբ:

Հայտնի է, որ Հանրապետական կուսակցությունը սկզբունքային հարցերում զիջումների չի գնում: Վառ օրինակը կոալիցիոն գործընկեր ՀՅԴ-ի հետ աշխատանքն է: Այս պահին էլ Դաշնակցությունը ցանկանում է, որ վարկանշային ընտրական համակարգը վերանայվի, սակայն ՀՀԿ-ն դեմ է: Եվ պարզ է, որ չի զիջի իր դիրքերը: Բադալյանի համոզմամբ` Դաշնակցությունը վաղուց վերածվել է Հանրապետականի կցորդի, դրա համար չի կարող ինքնուրույն տեսակետ արտահայտել: «Այն պահին, երբ Սերժ Սարգսյանը չցանկանա, Դաշնակցությունն ընդհանրապես կարող է խորհրդարան չմտնել: Հաշվի առնելով, որ այն վաղուց ինքնուրույն քաղաքական գործոն չէ, դրա համար որքան ուզում է` խոսեն, դա Հանրապետականի համար էական նշանակություն չունի: Դե յուրե կոալիցիոն գործընկեր են, բայց իրականում ՀՅԴ-ն ընդամենը կցորդի դեր է կատարում: Եվ ցանկացած ժամանակ ՀՀԿ-ն կարող է ՀՅԴ-ից հրաժարվել` հօգուտ ցանկացած այլ ուժի»,-ընդգծեց Բադալյանը:

ՄԵՐԻ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ




Լրահոս