Տարբեր օբյեկտների տերեր շարունակում են աղտոտել Աղստև գետը. պատկերն ավելի քան տհաճ է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Աղստեւ գետը Իջեւան քաղաքին գեղեցիկ տեսք է տալիս: Տավուշի մարզկենտրոնի գետափնյա փողոցը իջեւանցիների եւ քաղաքի հյուրերի սիրված վայրն է: Իջեւանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող կոմունալ ծառայություն հիմնարկությունը վերջերս գետի հունը մաքրեց այնտեղ աճած ծառերից, գետում առկա տարատեսակ աղբից, ջրաբերուկներից:

Իջեւանի քաղաքապետ Վարդան Ղալումյանը հայտնեց, որ գետի հունը մաքրելը Աղստեւի հոսքն ազատ է դարձնում: Նրա խոսքերով` քաղաքապետարանը Իջեւանի բնակիչներին, գետի ափին առկա օբյեկտների տերերին զգուշացրել, հորդորել է տարատեսակ աղբն Աղստեւ չթափել, փոխարենն օգտվել ամեն օր քաղաքում աղբահանություն կատարող աղբահավաք մեքենայի ծառայությունից: Սակայն Աղստեւ գետի ափին գտնվող տարբեր օբյեկտների տերեր շարունակում են կենցաղային տարատեսակ աղբը գետը թափել` աղտոտելով Աղստեւը:

Պատկերն ավելի քան տհաճ է սակավաջուր ամիսներին, երբ գետի հոսանքը չի կարողանում քշել-տանել գետը լցված տարատեսակ աղբը: Քաղաքապետ Վ. Ղալումյանն ասաց, որ առաջիկայում Իջեւանում գործարկվելու է աղբի վերամշակման գործարան, որի գործունեության արդյունքում աղբից տարբեր բնույթի արտադրանք է թողարկվելու: Միգուցե աղբի գործարան շահագործելուց հետո Տավուշի մարզկենտրոնի բնակիչները, գետափնյա խանութների, սննդի օբյեկտների տերերը աղբն Աղստեւ չլցնեն, այլ հանձնեն աղբի վերամշակման համար:

Ոսկան Սարգսյան
Տավուշ




Լրահոս