Սերժ Սարգսյանը Հայաստանի վզին փաթաթեց անկայուն խորհրդարանական համակարգը. կեղծ կոալիցիաների երկիր Հայաստանը

Գերմանիայում ընթացող քաղաքական գործընթացները դեռ դուրս չեն գալիս 2017թ. սեպտեմբերին անցկացված խորհրդարանական ընտրությունների հարուցած բեռի տակից: Ցայժմ Գերմանիայի խորհրդարանում հայտնված կուսակցությունները չեն կարողանում ընդհանուր հայտարարի գալ կառավարություն ձեւավորելու հարցում: 5 ամիս տեւած անորոշությունը, թվում էր, հաղթահարվելու էր կիրակի օրը, սակայն բանակցությունները կրկին արդյունք չեն տվել: Գերմանիային անգամ չեն փրկում կայացած խորհրդարանական ավանդույթները` երկիրը ներքաշած երկարուձիգ ճգնաժամի մեջ:

Դեռեւս նախորդ տարվա ավարտին Անգելա Մերկելը չկարողացավ համաձայնության գալ ազատ դեմոկրատների հետ: Այդ պատճառով հարկադրված եղավ կրկին հայացքը հառել սոցիալ-դեմոկրատների ուղղությամբ, որոնց հետ կոալիցիոն կառավարություն էր կազմել նախորդ ընտրություններից հետո: Հատկանշական է, որ այս ընտրությունների ժամանակ Մերկելի հիմնական քննադատը հենց սոցիալ-դեմոկրատներն էին, որոնց առաջնորդ Մարտին Շուլցը անգամ հայտարարում էր, որ քրիստոնյա դեմոկրատների հետ այս անգամ արդեն համագործակցութուն չի լինի միասնական կառավարության ձեւաչափով:

Սակայն այն պահից ի վեր, երբ պարզվեց, որ ազատ դեմոկրատների հետ կառավարություն ձեւավորելն այլեւս անհնար է, սոցիալ-դեմոկրատները ստիպված եղան ընդառաջել Մերկելի առաջարկին: Խնդիրն այն է, որ նախորդ ընտրությունների համեմատությամբ` թե՛ Մերկելի, թե՛ Շուլցի կուսակցությունները ետընթաց են արձանագրել, իսկ այժմ չմիավորվելով ու կառավարություն կազմելով` ստիպված կլինեն արտահերթ ընտրությունների գնալ: Եվ քանի որ կառավարություն ձեւավորելու անընդունակության պատճառով իրավիճակը պիտի անխուսափելիորեն հանգեր արտահերթ խորհրդարանական ընտրությունների, իսկ վերջին փորձը ցույց տվեց, որ դրանից տուժում են ավանդական կուսակցությունները եւ շահում աջ ծայրահեղականները, ուստի ոչ մեկի շահից էլ չէր բխում նման ռիսկի գնալը:

Մերկելը ստիպված եղավ բանակցությունների սեղանին նստել սոցիալ-դեմոկրատների հետ, իսկ Շուլցն էլ` մի կողմ դնել կոալիցիա չկազմելու մասին սկզբունքային կեցվածքը: Բանակցությունների պատրաստակամության մասին հայտարարվեց դեկտեմբերին, սակայն սայլը տեղից շատ դանդաղ է առաջ շարժվում: Այսպես` նախօրեին տեղեկություն էր տարածվել, որ Մերկելն ու Շուլցը պայմանավորվել էին ներգաղթի, էներգիայի ու գյուղատնտեսության հարցերի շուրջ, սակայն ընդհանուր հայտարարի անհնար էր եղել գալ ապահովագրության համակարգի հարցում: Կարծելի է, որ դանդաղորեն ընթանալով հանդերձ` կողմերը արդեն իսկ կողմնորոշված են կոալիցիոն կառավարության հարցում: Այս ձգձգումն էլ թերեւս պայմանավորված է մարտավարական քայլերով եւ դիմացինից առավելագույնը պոկելու ձգտումով: Հանուն արդարության հարկ է նկատել, որ առողջության ապահովագրության հարցը սկզբունքային է երկու կուսակցությունների համար:

Ըստ Գերմանիայում այժմ գործող կարգի` գերմանացիների մեծամասնությունն ունի հանրային ապահովագրություն, մինչդեռ հարուստները նախընտրում են մասնավոր ապահովագրությունը: Սոցիալ-դեմոկրատները պնդում են, որ ապահովագրությունը պետք է լինի միատեսակ բոլորի համար, մինչդեռ Մերկելի կուսակցությունն այս հարցում կողմնակից չէ համահարթեցմանը: Եվ ահա կիրակի օրը բանակցությունների վերջին ռաունդում համաձայնության գալ կրկին չստացվեց: Բանակցություններին ժամանելիս թե՛ Մերկելը, թե՛ Շուլցը պնդում էին, որ դժվար խոսակցություն էր սպասվում, սակայն լիահույս էին, որ կկարողանան հաղթահարել վերջին անհամաձայնությունները: Եվ ահա երկուշաբթի օրը հայտարարվեց, որ բանակցությունները տապալված են, ու սահմանված վերջնաժամկետում համաձայնությունը չկայացավ: Կուսակցությունների առաջնորդները հայտարարեցին, որ թեպետ պայմանավորվածության չեն կարողացել հանգել, սակայն որոշ հարցեր արդեն իսկ լուծված են` նկատելով, որ բանակցությունները շարունակվելու են նաեւ առաջիկայում:

Շուլցն ու Մերկելը այժմ պայմանավորվել չեն կարողանում, սակայն վերլուծաբաններն ու գերմանացի քաղաքագետները լիահույս են, որ բանակցային գործընթացը կհասնի տրամաբանական ավարտին: Առաջիկա օրերին պարզ կդառնա` Գերմանիան գնո՞ւմ է նոր, արտահերթ խորհրդարանական ընտրությունների, թե՞ կանցլեր Անգելա Մերկելը հիմնավորվում է իր 4-րդ անընդմեջ ժամկետում: Նման հույսեր է առաջացնում նաեւ Շուլցի հայտարարությունն այն մասին, որ համաձայնության գալ դեռ հնարավոր է, բայց դրա համար ժամանակ է անհրաժեշտ: Ըստ նրա` կայուն կառավարության համար անհրաժեշտ է կայուն հիմք, ինչի ապահովմանն են միտված շարունակվող բանակցությունները:
Հայաստանում կոալիցիոն կառավարություն առաջին անգամ կազմվել է 2003թ.:

2008թ. նախագահի աթոռը բազմելուց հետո Սերժ Սարգսյանը հավաքեց իրեն ծառայություն մատուցած իշխանական ու ընդդիմադիր կուսակցություններին ու նրանց տեղավորեց կառավարություն մեջ: 2012թ. ԲՀԿ-ն հրաժարվեց կոալիցիա կազմելուց` ՀՀԿ-ին թողնելով ՕԵԿ-ի հույսին: Արդեն 2015թ. ՕԵԿ-ին փոխարինեց ՀՅԴ-ն: 2018թ. ապրիլին ավարտվում է Սերժ Սարգսյանի պաշտոնավարման շրջանը, եւ ակնկալվում է, որ նա չի հեռանա իշխանությունից` դառնալով վարչապետ: Միայն թե այս բոլոր կոալիցիաները Հայաստանում, ըստ էության, արհեստական բնույթ են կրել: Գրեթե միշտ ՀՀԿ-ն ի վիճակի էր միանձնյա կառավարություն ձեւավորել, սակայն նախընտրել է նախարարական պորտֆլներ տալ փոքր կուսակցություններին:

Այս փաստն իսկ հուշում է, թե որքան արհեստական ու ինքնանպատակ են եղել կազմված կոալիցիաները: Ավելին` անհնար է որեւէ դեպք հիշել, երբ կոալիցիայի պատրաստվող կուսակցությունները միմյանց հակադրվեին գաղափարական-ծրագրային սկզբունքների հիման վրա: Այդ հակադրությունը բացառապես յուղոտ պաշտոնների ու դրանց քանակի շուրջ է: Եվ նման պայմաններում իր իշխանությունը շարունակելու համար Սերժ Սարգսյանը Հայաստանի վզին փաթաթեց անկայուն խորհրդարանական համակարգը:

Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ