Մարզպետի որոշման հետևանքները. Տավուշում դպրոցահասակ երեխաները չեն կարողանում գյուղից գյուղ տեղափոխվել

Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը 2018 թվականի փետրվարի 1-ին ընդունած թիվ 16-Ա որոշմամբ մարզի Դեղձավան գյուղից մինչեւ Պտղավան, Իծաքար գյուղից մինչեւ Նավուր, Ներքին Հովքից մինչեւ Հովք, Ներքին Գոշից Գոշ մեկնող յուրաքանչյուր դպրոցահասակ երեխայի տրանսպորտային ծախսի փոխհատուցման օրական վճարը սահմանել է 100 դրամ, Իջեւան քաղաքից Հովք գյուղ մեկնող մանկավարժի տրանսպորտային ծախսի փոխհատուցման օրական վճարը` 300 դրամ:

2018 թվականի պետական բյուջեով «Հանրակրթական դպրոցների մանկավարժներին եւ դպրոցահասակ երեխաներին տրանսպորտային ծառայությունների մատուցում» ծրագրով ընթացիկ տարում Տավուշի մարզպետարանին պետական բյուջեից հատկացվել է 1 միլիոն 775 հազար 100 դրամ: Իջեւանի տարածաշրջանի Աճարկուտ եւ Կիրանց համայնքներից շուրջ 20 դպրոցահասակ երեխա ամեն առավոտ իրենց գյուղերից ուսումնառության համար մեկնում է Ներքին Ծաղկավանի, Սարիգյուղի, Սեւքարի եւ Իջեւանի միջնակարգ դպրոցներ:

Աճարկուտ գյուղի բնակիչ Հովիկ Ալավերդյանը, ով Աճարկուտ-Իջեւան եւ հակառակ ուղղություններով միկրոավտոբուսով ուղեւորափոխադրումներ է իրականացնում, «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, որ շուրջ 20 տարի ինքը բարեգործական հիմունքներով անվճար փոխադրել է այդ աշակերտներին: Նա հայտնեց, որ մտադիր է դիմել Աճարկուտ եւ Կիրանց համայնքների ղեկավարներին, որպեսզի նրանք գումարներ հայթայթեն` այդ գյուղերի աշակերտներին փոխադրելու համար:

Հավելենք` Իջեւանի տարածաշրջանի սահմանամերձ Այգեհովիտ գյուղից մինչեւ գյուղի վարչական տարածքում գտնվող Կայանի դպրոց աշակերտների տեղափոխության համար եւս պետական բյուջեից գումարներ չեն նախատեսված:

Ո. ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ