ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐՆ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՒՄ ԵՆ ՍՏԱՆԴԱՐՏՆԵՐԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը շարունակում է հրապարակել նոյեմբերի 24-ին Բրյուսելում՝ Արեւելյան գործընկերության գագաթնաժողովի ժամանակ ստորագրված ԵՄ-ի հետ համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը:

ՀՈԴՎԱԾ 132
Թափանցիկությունը
1. Չհակասելով 12-րդ գլխի դրույթներին՝ յուրաքանչյուր Կողմ իր՝ տեխնիկական կանոնակարգերի եւ համապատասխանության գնահատման ընթացակարգերի մշակման ընթացակարգերով ապահովում է շահագրգիռ կողմերի մասնակցությամբ հանրային քննարկումները համապատասխան վաղ փուլում, երբ դեռեւս կարելի է ներկայացնել եւ հաշվի առնել հանրային քննարկումների ընթացքում արված դիտողությունները՝ բացառությամբ այն դեպքերի, երբ դա հնարավոր չէ արտակարգ իրավիճակի կամ դրա վտանգի առկայության պատճառով՝ պայմանավորված անվտանգությամբ, առողջությամբ, շրջակա միջավայրի պաշտպանությամբ կամ ազգային անվտանգությամբ:
2. ԱՏԽ համաձայնագրի 2.9 հոդվածին համապատասխան յուրաքանչյուր Կողմ առաջարկվող տեխնիկական կանոնակարգերի կամ համապատասխանության գնահատման ընթացակարգերի մասին ծանուցելուց հետո դիտողություններ ներկայացնելու համար համապատասխան վաղ փուլում տրամադրում է որոշակի ժամկետ: Այն դեպքում, երբ տեխնիկական կանոնակարգերի կամ համապատասխանության գնահատման ընթացակարգերի առաջարկվող նախագծերի վերաբերյալ խորհրդակցության գործընթացը բաց է հասարակության համար, յուրաքանչյուր Կողմ թույլ է տալիս մյուս Կողմին կամ մյուս Կողմի ֆիզիկական կամ իրավաբանական անձանց մասնակցելու հանրային քննարկումներին իր ֆիզիկական կամ իրավաբանական անձանց համեմատությամբ ոչ պակաս բարենպաստ պայմաններով:
3. Կողմերից յուրաքանչյուրն ապահովում է իր կողմից ընդունված տեխնիկական կանոնակարգերի եւ համապատասխանության գնահատման ընթացակարգերի՝ հանրության համար հասանելիությունը:
ԳԼՈՒԽ 4
ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ԵՎ ԲՈՒՍԱՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ
ՀՈԴՎԱԾ 133
Նպատակը
Սույն գլխի նպատակն է սահմանել Կողմերի միջեւ առեւտրում, ինչպես նաեւ կենդանիների բարեկեցության հարցում համագործակցության գործընթացում սանիտարական եւ բուսասանիտարական միջոցառումների (ՍԲՍ) նկատմամբ կիրառելի սկզբունքները: Կողմերն այդ սկզբունքները կիրառում են այնպես, որպեսզի դյուրացնեն առեւտուրը՝ պահպանելով յուրաքանչյուր Կողմի՝ մարդկանց, կենդանիների եւ բույսերի կյանքի կամ առողջության պաշտպանության մակարդակը:
ՀՈԴՎԱԾ 134
Բազմակողմ համաձայնագրերով ստանձնած պարտավորությունները
Կողմերը հաստատում են ՍԲՍ համաձայնագրով ստանձնած իրենց իրավունքները եւ պարտավորությունները:
ՀՈԴՎԱԾ 135
Սկզբունքները
1. Կողմերն ապահովում են ՍԲՍ միջոցառումների մշակումը եւ կիրառումը համաչափության, թափանցիկության, խտրականության բացառման եւ գիտական հիմնավորման սկզբունքների հիման վրա՝ հաշվի առնելով միջազգային ստանդարտները, ինչպես օրինակ՝ 1951 թվականի Բույսերի պաշտպանության միջազգային կոնվենցիայով (ԲՊՄԿ), Կենդանիների առողջության համաշխարհային կազմակերպության (ԿԱՀԿ) եւ Կոդեքս Ալիմենտարիուս հանձնաժողովի (Կոդեքս) կողմից սահմանված ստանդարտները։
2. Յուրաքանչյուր Կողմ ապահովում է, որ իր ՍԲՍ միջոցառումներով կամայականորեն կամ անհիմն տարբերակում չդրվի իր տարածքի եւ մյուս Կողմի տարածքի միջեւ այն դեպքում, երբ գերակայում են նույնական կամ նույնանման պայմանները: ՍԲՍ միջոցառումները չեն կարող կիրառվել որպես առեւտուրը սահմանափակող քողարկված միջոցներ:
3. Յուրաքանչյուր Կողմ ապահովում է ՍԲՍ միջոցառումների, ընթացակարգերի եւ հսկողության իրականացումը:
4. Յուրաքանչյուր Կողմ մյուս Կողմի իրավասու մարմնից ստացված՝ տեղեկություններ տրամադրելու վերաբերյալ հարցմանն արձագանքում է ոչ ուշ, քան հարցումն ստանալուց հետո երկու ամսվա ընթացքում եւ ներմուծված ապրանքների համար ոչ պակաս բարենպաստ ձեւով՝ ի համեմատություն նույնանման տեղական արտադրանքի:
ՀՈԴՎԱԾ 136
Ներմուծմանը ներկայացվող պահանջները
1. Ներմուծող Կողմի՝ ներմուծմանը ներկայացվող պահանջները կիրառելի են արտահանող Կողմի ամբողջ տարածքում՝ 137-րդ հոդվածին համապատասխան:
2. Հավաստագրերով սահմանված՝ ներմուծմանը ներկայացվող պահանջները հիմնված են Կոդեքսի, ԿԱՀԿ-ի եւ ԲՊՄԿ-ի սկզբունքների վրա, եթե ներմուծմանը ներկայացվող պահանջների համար հիմք չի ծառայում ռիսկերի գիտական գնահատումը, որն իրականացվել է ՍԲՍ համաձայնագրի դրույթներին համապատասխան:
3. Ներմուծման թույլտվության մեջ նշված պահանջները չպետք է ներառեն ավելի խիստ սանիտարական եւ անասնաբուժական պայմաններ, քան սահմանված է 2-րդ պարբերության մեջ նշված հավաստագրերում:
ՀՈԴՎԱԾ 137
Կենդանիների եւ բույսերի առողջության հետ կապված միջոցառումները
1. Կողմերը ճանաչում են վնասատուներից ու հիվանդություններից զերծ տարածքների եւ վնասատուների ու հիվանդությունների տարածվածության ցածր մակարդակ ունեցող տարածքների հայեցակարգը՝ ՍԲՍ համաձայնագրին եւ համապատասխան Կոդեքս, ԿԱՀԿ եւ ԲՊՄԿ սկզբունքներին, ուղեցույցներին եւ հանձնարարականներին համապատասխան:
2. Վնասատուներից ու հիվանդություններից զերծ տարածքները եւ վնասատուների ու հիվանդությունների տարածվածության ցածր մակարդակ ունեցող տարածքները որոշելիս Կողմերը դիտարկում են այնպիսի գործոններ, ինչպիսիք են աշխարհագրական տեղադիրքը, էկոհամակարգերը, համաճարակաբանական վերահսկողությունը եւ այդ տարածքներում սանիտարական կամ բուսասանիտարական հսկողության արդյունավետությունը:
ՀՈԴՎԱԾ 138
Ստուգումները եւ աուդիտը
Ներմուծող Կողմը կարող է արտահանող Կողմի տարածքում վերջինիս ստուգումների եւ հավաստագրման համակարգերը գնահատելու նպատակով իր հաշվին իրականացնել ստուգումներ եւ աուդիտ։ Այդ ստուգումները եւ աուդիտն իրականացվում են համապատասխան միջազգային ստանդարտների, ուղեցույցների եւ հանձնարարականների համաձայն։

Շարունակելի…

 

 

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՄԵԿ ԱՄՍՈՒՄ ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐԸ ԶԳԱԼԻ ԹԱՆԿԱՑԵԼ ԵՆ

Հայաստանում մեծ գնաճ է արձանագրվել ոչ միայն սպառողական ապրանքների, այլեւ անշարժ գույքի շուկայում: Անցած տարվա դեկտեմբերին, նոյեմբերի համեմատ, Երեւանի գրեթե բոլոր վարչական շրջաններում արձանագրվել է բազմաբնակարան շենքերի բնակարանների գների բարձրացում:

«Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից տեղեկացավ, որ միայն Կենտրոն վարչական շրջանում բնակարանի մեկ քմ-ն մեկ ամսվա ընթացքում թանկացել է 9 հազար դրամով: Եթե նոյեմբեր ամսին Կենտրոնում բնակարանի մեկ քմ-ն արժեցել է 456 հազար 500 դրամ, ապա դեկտեմբերին այն կազմել է 465 հազար 500 դրամ: Իսկ ահա Արաբկիր վարչական շրջանում բնակարանի մեկ քմ-ի գինը դեկտեմբերին, նոյեմբերի համեմատ, բարձրացել է 5 հազար 600 դրամով: Փոխարենը Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի բնակարանների գներն են անփոփոխ մնացել` մեկ քմ 267 հազար 400 դրամ: Բայց միայն Քանաքեռ-Զեյթունում, քանի որ Նոր Նորքում դրանց գինը եւս բարձրացել է 3 հազար դրամով` կազմելով 232 հազար 500 դրամ:
Ավան վարչական շրջանում այդ թանկացումը կազմել է 1 հազար 100 դրամ, Էրեբունիում` 2 հազար 750 դրամ, Շենգավիթում` 1 հազար 900 դրամ, Դավթաշենում` 5 հազար 200 դրամ, Աջափնյակում` 2 հազար 500 դրամ, Մալաթիա-Սեբաստիայում` 1 հազար 800 դրամ, Նուբարաշենում` 1 հազար 100 դրամ:
Գների բարձրացում արձանագրվել է նաեւ ՀՀ մարզերի քաղաքներում: Օրինակ` Արագածոտնի մարզի Ապարանում բնակարանի մեկ քմ-ն մեկ ամսվա ընթացքում թանկացել է 1000 դրամով, Աշտարակում` 2000-ով, Գեղարքունիքի Գավառում` 1000 դրամով, Լոռու մարզի Ստեփանավանում` 2000 դրամով, Կոտայքի մարզում` 2400 դրամով: Հայաստանի հայրաքաղաք համարվող Գյումրիում նոյեմբերին բնակարանների մեկ քմ-ն արժեցել է 85 հազար դրամ: Բայց դեկտեմբերին այն բարձրացել է 4000 դրամով` կազմելով 89 հազար դրամ:
Հատկանշական է, սակայն, մեկ այլ փաստ. անցած տարվա դեկտեմբերին Հայաստանում անշարժ գույքի նկատմամբ իրականացվել է 20 հազար 232 գործարք: Այդ գործարքներից միայն գրավադրումը կազմել է 15.8 տոկոս: Իսկ բնակարաններ սովորաբար գրավադրում են 2 դեպքում` հիպոթեքային, այլ տեսակի վարկեր կամ ֆիզիկական անձանցից պարտքեր վերցնելու ժամանակ: Ասել է, թե բնակչությունը նախորդ տարի էլ շարունակել է պարտքեր կուտակել:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

 

ԿՈՎԵՐԸ ՀԱՎԱՔԵԼ ԵՆ
Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանում կովերի պակաս է զգացվում: Մսի վաճառակետերում տավարի մսի պակաս կա: Տավարի միսը ներկայումս Նոյեմբերյան քաղաքում վաճառվում է կիլոգրամը 3 հազար դրամով: Մսավաճառները «Ժողովուրդ» օրաթերթին հայտնեցին, որ Երեւանից եկած 3 երիտասարդ գնում են Նոյեմբերյանում վաճառվող բոլոր կովերը: Նրանք խոշոր եղջերավոր անասունները Հայաստանից արտահանման նպատակով են հավաքում:

 

 

ԱՆՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅՈՒՆ
ՀՀ մի շարք մարզերում բնակչությունը զրկված է հեռուստատեսային շատ հաղորդումներ ու հեռարձակումներ դիտելու հնարավորությունից: Օրինակ` Տավուշի մարզի բնակիչները հեռուստատեսային թվային ընդունիչ սարքի միջոցով կարող են դիտել 9 հեռուստաալիք: Դրանց թվում ռուսական «ՌՏՌ» հեռուստաալիքն է, նաեւ Տավուշի մարզային «Տավուշ» հեռուստաալիքը: «Ժողովուրդ»-ը նկատեց, որ մարզային հեռուստաալիքը Տավուշի մարզի վերաբերյալ նորություններ չի հաղորդում, այն վերահեռարձակում է ՀՀԿ-ի «Արարատ» հեռուստաընկերության հաղորդումները: Տավուշի մարզում հեռարձակվում են նաեւ տեղական «Իջեւան ՏՎ» եւ Նոյեմբերյանի «Քամուտ» հեռուստաընկերությունների հաղորդումները: Դրանք իրականացնում են ոչ թվային, անալոգային հեռարձակում: Նշենք, որ տեղական այդ հեռուստաընկերությունների հաղորդումները դիտողների թիվը շատ քիչ է: Թվային հեռարձակվող վերոհիշյալ 9 հեռուստաալիքներից միայն մեկն է հեռարձակում ֆուտբոլի եվրոպական թոփ 5 առաջնություններից մեկի խաղերը: Տավուշցիները հնարավորություն ունեն հայկական 2-րդ հեռուստաալիքով հետեւելու Անգլիայի Պրեմիեր լիգային հանդիպումներին: Տավուշցի ֆուտբոլասերները դժգոհ են, որ ի տարբերություն Երեւանի եւ Արարատյան դաշտի ֆուտբոլասերների, չեն կարող դիտել Իսպանիայի, Իտալիայի, Գերմանիայի, Ֆրանսիայի առաջնության խաղերը: Ավելի շատ հեռուստաալիքներ դիտելու համար բնակիչները ստիպված արբանյակային ալեհավաքներ են տեղադրել, սակայն արբանյակային հեռարձակմամբ էլ անգամ ֆուտբոլային խաղեր չեն ցուցադրվում:

 

 

ԸՆՏԱՆԵԿԱՆ ՆՊԱՍՏՆ ՈՒՇԱՆՈՒՄ Է
Տավուշի մարզում սովորաբար ընտանեկան նպաստի գումարները վճարում են յուրաքանչյուր ամսվա 25-ին: Սակայն այս ամիս «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ մարզի փոստատարները նպաստառու ընտանիքներին հայտնել են, թե հունվար ամսվա համար նախատեսված ընտանեկան նպաստի գումարները վճարելու են կենսաթոշակների եւ հաշմանդամության թոշակի գումարների հետ, փետրվարի 5-ին: Ընտանեկան նպաստի վճարման ուշացման հետեւանքով սոցիալապես անապահով, ընտանեկան նպաստառու ընտանիքներից շատերը չեն կարողացել վճարել իրենց սպառած էլեկտրական հոսանքի, բնական գազի, խմելու ջրի եւ աղբահանության վճարները: Մարդիկ դժգոհ են, որ պետությունն ուշացրել է բնակչության ամենախոցելի, կարիքավոր հատվածին հատկացվող նպաստի գումարների վճարումը:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս