«ԵՐԲԵՔ ՈՐԵՎԷ ՄԵԿԻ ՀԵՏ ՍՏԻՊՎԱԾ ՉԵՄ ՇՓՎՈՒՄ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ը առաջիկայի պլանների, նոր մենահամերգի, շոու-բիզնեսում տիրող բարքերի եւ նոր սերնդի ներկայացուցիչների մասին զրուցել է երգչուհի Քրիստինե Պեպելյանի հետ:

-Քրիստինե՛, Ձեր երկրպագուների համար ի՞նչ նոր երգ, տեսահոլովակ եք պատրաստում:
-Կարծում եմ` իմ նոր երգը, որը կոչվում է «Սիրե՞լ, թե՞ ատել», շուտով կունենա տեսահոլովակ: Երաժշտության հեղինակը Արամ Ավագյանն է, խոսքերինը` Ավետ Բարսեղյանը: Ես այն կատարել եմ Արամի մենահամերգի ժամանակ, շատ սիրուն, մեղեդային գործ է, հատուկ գրվել է ինձ համար: Հենց Արամն էլ կանի գործիքավորումը:
-Դուք համաձա՞յն եք այն մտքին, որ սիրուց ատելություն ընդամենը մեկ քայլ է:
-Ճիշտն ասած, չեմ կարող հստակ չափանիշներով խոսել, չգիտեմ: Միգուցե… Հնարավոր է:
-Առաջիկայում երկրպագուների հետ հանդիպումների առիթ կլինի՞:
-Դեռ նման բան չկա պլանավորած, բայց պետք է արդեն փորձեմ աշխատել մենահամերգիս ծրագրի վրա, հուսամ` եթե հասցնեմ, կկարողանամ այս տարի այն կյանքի կոչել:
-Դուք այն երգչուհիներից եք, որոնք հաճախ են հանդես գալիս դուետներով, էլի զուգերգ սպասե՞ նք:
-Ոչ, մի սպասեք, էլի (ծիծաղում է), վերջինը Էրիկի հետ զուգերգն էր, այն կոչվում է «Սիրո չորս եղանակ», թողեք` ես ինձ համար աշխատեմ: Թեպետ ասեմ, որ դուետների առաջարկներ միշտ էլ ստանում եմ:
-Իսկ արտերկրից համերգների հրավերներ ունե՞ք:
-Այո, առաջարկներ, իհարկե, կան, բայց քանի որ ես դասավանդում եմ կոնսերվատորիայում, ուսումնական տարվա ընթացքում երկար ժամանակով բացակայել արդեն չի ստացվում: Պետք է սաներիս ուղարկեմ արձակուրդ եւ նոր զբաղվեմ իմ անելիքներով. ծանր է գրաֆիկս:
-«Հայաստանի ձայնը-2» նախագծում եղել եք ժյուրիի կազմում: Մասնակիցների հետ կապը պահո՞ւմ եք:
-Մասնակիցներից ոմանք իմ ուսանողներն են, իհարկե, նրանց հետ կապը պահում եմ: Արամ Գինոսյանի հետ հանդես եկանք դուետով, Անահիտ Պետրոսյանն իմ ուսանողուհին է, Անահիտ Շահբազյանի հետ կոլեգաներ ենք եւ այդպես շարունակ:
-Իսկ երգարվեստի ներկայացուցիչների հետ նախկին սերտ հարաբերությունները պահպանվե՞լ են, թե՞ հանգամանքների բերումով հեռացել եք միմյանցից:
-Ես սիրում եմ մարդկանց հետ ընկերություն անել, բայց, իհարկե, ժամանակ առ ժամանակ հիասթափություններ լինում են. կյանքն է այդպիսին: Տեսակներ կան, որոնք տարիներ շարունակ քայլում են իրար կողքով, տեսակներ կան, որ ոչ: Ես բաց եմ մարդկանց համար, համենայն դեպս հավատում եմ, որ անկեղծ ընկերություն գոյություն ունի, թեեւ իմ ընկերները քիչ են, շատ մտերիմները մի քանի հոգի են, որոնք, ի դեպ, մեր բնագավառի հետ կապ չունեն:
-Շոու-բիզնեսում տիրող «բարքերից» ո՞րն է Ձեզ խորթ:
-Երեւի այն, որ շատ դեպքերում մարդիկ այնտեղ են, որովհետեւ իրենց այդպես հարմար է. դա է ամենաանհասկանալին ինձ համար: Բայց ես ուրախ եմ, որ իմ կյանքում ունեմ կարգախոս` երբեք որեւէ մեկի հետ ստիպված չեմ շփվում, միշտ շփվում եմ մարդկանց հետ, որոնց հետ ուրախ է, որոնց հետ կարող եմ լավ հումորներ անել. այդպիսիք, իհարկե, քիչ են: Չեմ թողնում, որ իմ կյանք մուտք գործեն մարդիկ, որոնց պետք է մի կերպ հանդուրժեմ:
-Որպես հայկական շոու-բիզնեսի «հնաբնակ»` ի՞նչ կարծիք ունեք նոր սերնդի կատարողների մասին:
-Առաջին հայացքից մտահոգություններն ավելի շատ են, քան հիացմունքի առիթները: Իհարկե, կան այնպիսիք, որոնք հիացնում են, բայց, երբ, օրինակ, երգի պրեմիերա է լինում, շատ դեպքերում չեմ էլ ծանոթանում, որովհետեւ գիտեմ, որ դա պատվեր է, կամ ինչ-որ մեկին նվիրված նույնական մի գործ: Չի եղել մի բան, որ լսեմ, ու ասեմ` ինչ հետաքրքիր թեմա է, որ լսեմ, ու ինչ-որ բան փոխվի իմ կյանքում:
-Իսկ Ձեր սերնդի ներկայացուցիչները պատրա՞ստ են նրանց աջակցել:
-Այո, եթե նրանք ունենան դրա կարիքը: Նրանք, սովորաբար, ոչ ոքի չեն էլ դիմում, ես համոզված եմ: Շատերը բավական ինքնավստահ են, իրենց թվում է, որ անում են այն, ինչ պետք է, եւ հաշվի չեն նստում որեւէ մեկի կարծիքի հետ: Ես համոզված եմ, որ մեր սերնդից չի լինի մեկը, որը կմերժի իրենց:
-Եվ վերջին հարցը. 2018-ից ի՞նչ ակնկալիքներ ունեք:
-Ժամանակի հետ հասկանում ես, որ կարեւորը մարդն է եւ այն զգացմունքները, որոնք կապված են մարդու հետ: Երեւի ամենամեծ ակնկալիքս այն է, որ հիասթափություններ, հատկապես հարազատ մարդկանցից, չլինեն:

Զրուցեց ԱՆԻ ԱՆՏՈՆՅԱՆԸ

 

 

 

«ԵՐԵԽԱՅԻՍ ԵՎ ՀՈՐ ՄԻՋԵՎ ԿԱՊ ՉԿԱ»

Դերասանուհի Նաիրա Մովսիսյանն ընդգրկված է նոր հումորային հեռուստանախագծում, որը եթեր կհեռարձակվի «USArmenia» հեռուստաընկերությամբ: Նա «Ժողովուրդ»-ին պատմեց, որ նախագծի շրջանակում մարմնավորելու է ոչ թե մեկ, այլ մի քանի կերպար: Նկարահանումները տեղի են ունենում Հայաստանում: Այլ մանրամասներ Նաիրան դեռեւս չհայտնեց:

Հարցին, թե թատերական կյանքին առնչվող ինչ նորություններ ունի, դերասանուհին պատասխանեց, որ փետրվարի 12-ից կրկին բեմում կլինի իր մասնակցությամբ «Գլամուրային չոբանները» ներկայացումը: Նաիրան մտադիր է նաեւ ընդլայնել առողջ ապրելակերպի քարոզչության հետ կապված իր գործունեությունը (Վերջին շրջանում նա ուղիղ միացումներ է ունենում «Ֆեյսբուքում», խորհուրդներ տալիս անձնական փորձից, հյուրընկալում մասնագետների-հեղ.): «Ես դերասանուհի եմ, որը ներկայացնում է իր առօրյան եւ իր մասնագետներին ու ոչ միայն կոչ եմ անում առողջ ապրելակերպի անցնել, այլեւս ինքս եմ նման կենսակերպ վարում: Բազմիցս կտրուկ նիհարել եմ հենց դրա շնորհիվ: Վերջին անգամ, օրինակ, ճիշտ սննդակարգի շնորհիվ նիհարել եմ 9 կգ-ով: Եկել եմ այն եզրակացության, որ հարկավոր է սնվել 3-4 ժամը մեկ, բայց նորմալ, դեռ ոչ ոք սոված մնալով չի նիհարել, միայն հիվանդացել է: Ինձ ուրախացնում է այն հանգամանքը, որ իմ թողարկումները դիտելուց հետո մարդիկ ուղարկում են իրենց լուսանկարները` արված առողջ ապրելակերպի անցնելուց առաջ եւ դրանից հետո. դրական արդյունքն ակնհայտ է»,-նշեց նա: Մենք մի փոքր խոսեցինք նաեւ Նաիրայի անձնական կյանքից: Վերջինիս խոսքով` ամուսնալուծվելուց հետո իր կողքին հիմա տղամարդ չկա. «Անձնական կյանքի համար ժամանակ չունեմ: Կարող եմ միայն ասել, որ իմ իմացած անդավաճան սերը մոր սերն է, հետո` բալիկի, թեեւ դա դեռ հարց է, կմեծանա, կտեսնենք,-ասաց նա` հավելելով` ցանկանում է յոթ զավակ ունենալ,- Աստված տա` ցանկությունս կատարվի»: Մենք նաեւ հետաքրքրվեցինք` Նաիրայի նախկին ամուսինը` Վան Հակոբյանը, կապը պահո՞ւմ է արդյոք իրենց դստեր հետ. «Նրանց միջեւ բացարձակ որեւէ կապ չկա, այդ կապը վերջնականապես կտրվել է: Դրա հեղինակը միայն ես չեմ, ինչ եղել է, փոխադարձ է եղել»,-եզրափակեց դերասանուհին:

Ա. ԱՆՏՈՆՅԱՆ

 

 

 

ՊԱՇՏՈՆԱՊԵՍ ԲԱՑՎԵԼ Է
2018 թվականի ձմեռային օլիմպիական խաղերի գլխավոր մամուլի կենտրոնը պաշտոնապես բացվել է հարավկորեական Փյոնչհանում: Բացման արարողությանը մասնակցել է խաղերի կազմկոմիտեի ղեկավար Լի Հի Բոմը եւ միջազգային օլիմպիական կոմիտեի համակարգող հանձնաժողովի ներկայացուցիչ Գունիլա Լինդբերգը:
Նշենք, որ գլխավոր մամուլի կենտրոնը գտնվում է Փյոնչհանի «Ալպենզիա» առողջարանի լեռնային կլաստերում: 2018-ի խաղերն անցկացվելու են փետրվարի 9-ից մինչեւ 25-ը:

 

 

ՕՐԻՆԱԿԱՆ Է ՃԱՆԱՉՎԵԼ
Մոսկվայի դատարանն օրինական է ճանաչել դերասան եւ ռեժիսոր Արմեն Ջիգարխանյանի եւ Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի ամուսնալուծությունը: Ռեժիսորի կինը բողոքարկել էր ամուսնալուծությունը: «Դատարանը վճռաբեկ գանգատը թողել է առանց փոփոխությունների: Ապահարզանն օրինական ուժ է ստացել»,- նշել է կնոջ փաստաբանը` հավելելով, որ այդ որոշումը բողոքարկելու է վճռաբեկման կարգով:
Ջիգարխանյանի փաստաբանների միջնորդությամբ դատական նիստն անցել է դռնփակ ռեժիմով: Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան անձամբ ներկա է եղել իր բողոքի քննությանը: Հիշեցնենք, որ նրանց ապահարզանը պաշտոնապես ձեւակերպվել էր անցյալ տարվա նոյեմբերի վերջին: Ջիգարխանյանի փաստաբանի խոսքով` նախկին ամուսինների միջեւ մնացել էին գույքային վեճեր: Պաշտոնապես ամուսնությունը կնքվել էր 2016թ. փետրվարի 25-ին:

 

 

ՀԱՅԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԱՄԲԻՈՆ
Սան Պաուլոյի նահանգապետի նստավայրում տեղի է ունեցել Սան Պաուլոյի համալսարանի նորընտիր ռեկտոր, դոկտոր-պրոֆեսոր, հայազգի Վահան Հակոբյանի պաշտոնի ստանձնման արարողությունը: Ներկաների թվում են եղել Բրազիլիայի եւ Սան Պաուլո նահանգի բարձրաստիճան պաշտոնյաներ, ԶԼՄ-ներ, համալսարանի դասախոսներ եւ ուսանողներ: Հատկանշական է, որ համալսարանի Արեւելագիտության ֆակուլտետում գործում է նաեւ հայագիտության ամբիոնը:




Լրահոս