Մեր հայացքը ուղղված է միմիայն դեպի ապագան. Բակո Սահակյան

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 13-ին մասնակցել է Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում Արցախյան ազգային-ազատագրական շարժման 30-ամյակին նվիրված բազմահազարանոց հանրահավաքին եւ հանդես եկել ելույթով:

Միջոցառմանը ներկա էին Արցախի Հանրապետության երկրորդ Նախագահ Արկադի Ղուկասյանը, Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, Արցախյան շարժման վետերաններ, պետական բարձրաստիճան պաշտոնյաներ, Հայաստանի եւ սփյուռքի ներկայացուցիչներ, հյուրեր արտերկրից:

Ներկայացնում ենք Բակո Սահակյանի ելույթն ամբողջությամբ:

«Մեծարգո՛ Նախագահ Արկադի Ղուկասյան,

Գերաշնո՛րհ Սրբազան Հայր,

Թանկագի՛ն հայրենակիցներ,

Արցախյան շարժման հարգելի՛ վետերաններ,

Արցախի Հանրապետության իշխանությունների եւ անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ բոլորիս, մեր ողջ ժողովրդին Արցախյան շարժման 30-րդ տարեդարձի առթիվ:

1988 թվականը բեկումնային եղավ հայ ժողովրդի պատմության մեջ: Երեք տասնամյակ առաջ այս օրերին համայն հայությունը համախմբվեց, դարձավ մի բռունցք՝ ողջ աշխարհին ազդարարելով սեփական բնօրրանում ազատ ու անվտանգ ապրելու համար մաքառելու իր պատրաստակամության մասին:

Համաժողովրդական այս պոռթկումը մարտահրավեր էր բռնատիրությանը, հալածանքներին, մարդու իրավունքների խախտումներին, բոլոր այն արհավիրքներին, որոնց միջով անցել է մեր ժողովուրդը իր բազմադարյա պատմության ընթացքում: Եվ այս շարժման պսակը դարձավ հայոց անկախ պետականության վերականգնումը:

Իր կամքին հակառակ գտնվելով օտար ու արհեստածին Ադրբեջանի կազմում՝ Արցախը դատապարտված էր հայաթափման եւ կործանման: Այդպիսի ճակատագիր ունեցան Նախիջեւանը, Ադրբեջանին բռնակցված պատմական հայկական այլ տարածքներ: Բազմաթիվ ազգային փոխրամասնություններ այդ երկրում ենթարկվեցին բռնաձուլման եւ վերացան պատմական ասպարեզից:

Մենք այլընտրանք չունեինք եւ երբեւիցե չենք համակերպվել գերության հետ՝ բազմաթիվ փորձեր ձեռնարկելով օտար լուծը թոթափելու ուղղությամբ: Ինչպես հանրաճանաչ ակադեմիկոս Անդրեյ Սախարովն է ժամանակին ասել՝ հայերի համար այս պայքարը կյանքի ու մահվան հարց է, Ադրբեջանի համար՝ ամբիցիաների:

Չնայած այդ ամենին՝ Արցախյան շարժումը ազգային-ազատագրական պայքարի այն բացառիկ օրինակներից մեկն է, որն ի սկզբանե որդեգրել էր պատմական արդարության եւ ոտնահարված իրավունքների վերականգնումը քաղաքակիրթ ու խաղաղ միջոցներով, միջազգային նորմերին ու կանոններին խիստ համահունչ:

Դրան ի պատասխան՝ Ադրբեջանի իշխանությունները կրկին առանց վարանելու դիմեցին բռնությունների՝ կազմակերպելով խաղաղ հայ բնակչության կոտորածներ, ջարդեր, տեղահանումներ, որոնք դարձան մարդկության դեմ հանցագործությունների ամենագարշելի դրսեւորումներից:

Այդ ցեղասպան քաղաքականության արդյունքում հարյուր-հազարավոր հայեր բռնատեղահանվեցին իրենց օջախներից, մեր պատմական հայրենիքի զանազան վայրերից, հազարավոր մարդիկ զոհվեցին ու վիրավորվեցին, ոչնչացվեց հայ մշակույթի նյութական եւ ոչ նյութական հարուստ ժառանգությունը ներկայիս Ադրբեջանի Հանրապետության տարածքում:

Անմարդկային այս քաղաքականությունը Ադրբեջանը շարունակում է նաեւ այսօր: Բաքվի իշխանությունները չեն հրաժարվել Արցախյան հիմնախնդիրը ուժային տարբերակով լուծելու իրենց նպատակներից՝ դիմելով տարբեր սադրանքների, ամեն օր խախտելով զինադադարի ռեժիմը, ագրեսիվ քաղաքականություն վարելով Արցախի եւ Մայր Հայաստանի դեմ տեղեկատվական, քաղաքական, դիվանագիտական եւ այլ հարթություններում: Իսկ 2016 թվականի ապրիլին անցնելով լայնածավալ հարձակման՝ Ադրբեջանը պլանավորում էր սրընթաց պատերազմի միջոցով ոչնչացնել արցախյան պետականությունը:

Բոլոր այդ փորձերը ձախողվեցին, եւ թշնամին ետ շպրտվեց՝ տալով զգալի մարդկային, նյութական ու բարոյական կորուստներ: Այդպես եղել է եւ այդպես կլինի ընդմիշտ:

Դրա երաշխիքը մեր հզոր բանակն է, Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնությունը, իր երկիրը եւ հուսալի ապագան սեփական ուժերով կերտող մեր ժողովուրդը, հայրենիքի պաշտպանության ժամանակ կոփված հայրենասեր ու հզոր անկախության սերունդը:

Պաշտպանության բանակը եւ հայոց զինված ուժերը մեր ազգային-ազատագրական պայքարի, մեր անկախ պետականության ամենամեծ ձեռքբերումներից են, մեր ժողովրդի եւ հայրենիքի անվտանգության ապահովման, նրա բնականոն զարգացման ամենահուսալի գրավականը, տարածաշրջանում կայունության ու խաղաղության պահպանման ամենաազդեցիկ գործոններից մեկը:

Հավե՜րժ փառք մեր հերոսական եւ ազատարար բանակին:

Պետությունը այսուհետ էլ անելու է ամեն ինչ երկրի պաշտպանունակության ամրապնդման, մեր զինված ուժերի մարտունակության բարձր մակարդակի ապահովման, բանակը ժամանակակից զինտեխնիկայով հագեցման ուղղությամբ:

Այս գոյապայքարում, դժբախտաբար, մենք ունենում ենք նաեւ անդառնալի կորուստներ: Հայրենիքի պաշտպանության սուրբ գործին իրենց կյանքն են նվիրաբերել մեր ժողովրդի լավագույն զավակները: Նրանք զոհ չեն, նրանք մարտիրոսված հերոսներ են, ովքեր անմահացան եւ շարունակում են իրականացնել հայրենիքի պաշտպանի իրենց սուրբ առաքելությունը՝ ոգեշնչելով եւ պարտավորեցնելով՝ անմնացորդ ծառայել հայրենիքին, աշխատել ի փառս նրա զարգացման ու զորացման:

Մեր բոլոր կորուստները չսպիացող վերքեր են եւ միշտ կմնան մեր ժողովրդի հիշողության ու պատմության մեջ:

Թանկագի՛ն հայրենակիցներ,

1988-ի ոգին ու պատգամը երեսուն տարի անց շարունակում են մեզ համար ուղենիշ հանդիսանալ, եւ մեր հայացքը ուղղված է միմիայն դեպի ապագան:

Մենք շարունակելու ենք կերտել եւ կառուցել անկախ ժողովրդավարական ու սոցիալական երկիր, էլ ավելի ամրապնդել Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնությունը: Անկախ պետականությունը մեր ամենամեծ արժեքն է, եւ բոլորիս պարտքն է առավելագույնը անել նրա շարունակական զարգացման ու զորացման համար:

Վերջին երեք տասնամյակներում Արցախը անցել է պետականաշինության լուրջ ճանապարհ: Մեր ժողովուրդը արդյունավետորեն իրականացրել է իր առջեւ դրված ամենաբարդ առաջադրանքները: Մենք պաշտպանել ենք մեր պետությունը, նրա անկախությունն ու ազատությունը, վերականգնել ենք պատերազմի հետեւանքով գրեթե հիմնովին ավերված տնտեսությունը եւ թեւակոխել կայուն զարգացման փուլ:

Ներկա դրությամբ հաստատուն կերպով զարգանում են տնտեսության գրեթե բոլոր ճյուղերը, հետեւողականորեն բարձրանում է ժողովրդի կենսամակարդակը: Ընթացքի մեջ է Արցախի միջազգային ճանաչման գործընթացը: Մեր երկիրը օրեցօր ճանաչելի է դառնում աշխարհին եւ բազմակողմանի կապեր հաստատում տարբեր միավորումների հետ:

Այս բոլոր տարիների ընթացքում մենք մշտապես զգացել ենք Մայր Հայաստանի հատուկ հոգատարությունը Արցախի նկատմամբ: Անհնարին է պատկերացնել մեր ձեռքբերումներն ու հաղթանակները առանց Հայաստանի Հանրապետության գործուն եւ անմիջական մասնակցության:

Այսօր էլ միասին լուծում ենք մեծ ու պատասխանատու խնդիրներ: Բոլորս հաստատակամ ենք եւ կանենք հնարավորը, որպեսզի վաղվա օրը լինի հուսալի, մեր հայրենիքը՝ ավելի հզոր ու բարեկեցիկ:

Հակառակորդը միշտ պետք է իմանա, որ մեզ հետ ուժի լեզվով խոսելը դատապարտված է ձախողման: Մեր ժողովուրդը, մեր բանակը եւ ողջ հայությունը ցանկացած պահի արժանի հակահարված կտան մեր ազատությանն ու անվտանգությանը սպառնացող յուրաքանչյուր ոտնձգության:

Փա՜ռք ազատ ու անկախ Արցախին:

Փա՜ռք Մայր Հայաստանին:

Փա՜ռք հերոսական հայ ժողովրդին»: