ՀՀԿ-ՀՅԴ կոալցիայի ներսում սկսել են ճաքեր առաջանալ

ՀՀԿ-ՀՅԴ կոալցիայի ներսում սկսել են ճաքեր առաջանալ, թեեւ կոալիցիոն ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն փորձում են թաքցնել: Պատճառը ՀՅԴ վերջին հայտարարությունն է, որտեղ իշխանության հասցեին քննադատությունից բացի` կար նաեւ ԸՕ փոփոխությունների եւ ռեյտինգային ընտրակարգը հանելու առաջարկ:

ՀՀԿ-ականները հրաժարվում են ընդառաջել կոալիցիոն գործընկերոջը. ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը երեկ ասել է, թե ՀՅԴ տեսակետները նոր չեն. «2017-ի ընտրություններից առաջ էլ այդ հարցը բարձրացվեց, ՀՅԴ-ն պնդում էր այդ տարբերակը, սակայն մենք բանակցությունների արդյունքում եկանք այն համոզման, որ այսօրվա իրավիճակով ռեյտինգային համակարգը արդարացված է, եւ մենք եկել ենք ընդհանուր հայտարարի»:

Նա երեկ նաեւ ասել է. «Այն քաղաքական ուժերն են բարձրացնում այս հարցը, որոնք խնդիր են ունենում ռեյտինգային ձայներ հավաքելու համար»: Իսկ ահա ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը նշել է, թե այս հարցը երկար շրջանցել հնարավոր չէ. «Խնդիրն այն է, թե ի՞նչ լուծում պետք է գտնեն, եթե անգամ չեն համաձայնում մեր մոտեցումներին՝ փոխելու, այս հարցը երկար շրջանցել չի լինելու: Մենք լայն դաշտ ենք թողել, պետք է ամենաադեկվատ լուծումը գտնել»:

Չնայած այս ամենին` Ռուստամյանը վստահեցրել է, թե ՀՀԿ-ի հետ տարաձայնությունը կոալիցիոն համագործակցությունից հրաժարվելու պառճառ չէ: Ասել է, թե հանուն պաշտոնների ՀՅԴ-ն կմնա կոալիցիայի մեջ, չնայած բավական սկզբունքային հարցում նրանք տարակարծիք են: