Նոր զարգացումներ Իջևանի քրեականի պետի գործով. դատախազը անելանելի վիճակում է

Փետրվարի 9-ին Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի Բերդի նստավայրում, դատավոր Զոյա Զաքինյանի նախագահությամբ, նշանակված էր ոստիկանության Իջեւանի բաժնի քրեական հետախուզության բաժնի պետ Գերասիմ Մարդանյանի դատավարության հերթական նիստը: 37-ամյա Մարդանյանին մեղադրանք է առաջադրվել 2017թ. հոկտեմբերի 4-ին ոստիկանության Իջեւանի բաժնի շենքում Ժորա Սիմոնյանին խոշտանգելու համար:

Նրա նկատմամբ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 309.1 հոդվածի 1-ին մասով (Խոշտանգումը): Գ. Մարդանյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: Վերջինիս պաշտոնական լիազորությունները ժամանակավորապես կասեցվել են: Դատական նախորդ` հունվարի 23-ին կայացած նիստում մեղադրողը` Տավուշի մարզի դատախազության ավագ դատախազ Ներսես Չիլինգարյանը, հայտարարեց, որ ինքն այդ օրն է ստացել ՀՀ գլխավոր դատախազության լիազորագիրը, նա Գ. Մարդանյանի պաշտպան Ռոբերտ Ալիխանյանի կողմից դատարանում ներկայացված միջնորդությունների վերաբերյալ վերաբերմունք արտահայտելու համար քրեական գործերի նյութերին ծանոթանալու նպատակով խնդրեց հետաձգել դատական նիստը: Դատավոր Զ. Զաքինյանն այդ պատճառով հունվարի 23-ի նիստը հետաձգեց: Փետրվարի 9-ի նիստին քրեական գործով մեղադրող դատախազը չէր ներկայացել:

Դատավոր Զ. Զաքինյանը դատական հաջորդ նիստը նշանակեց մարտի 6-ին: Փետրվարի 9-ի նիստին դատախազի չներկայանալու պատճառը, մեր տեղեկություններով, այն է, որ քրեական գործում ներկայացված ապացույցները ուժեղ չեն, մեղադրանքն առաջադրած եւ պաշտպանած ՀՀ գլխավոր դատախազությունում հասկանում են, որ առաջադրված մեղադրանքը դատարանում պաշտպանելը հեշտ չի լինի:

Այդ պատճառով ՀՀ գլխավոր դատախազությունում ցանկանում են, որ քրեական գործով մեղադրանքը դատարանում պաշտպանի ոչ թե ՀՀ գլխավոր դատախազության դատախազը, այլ Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի ավագ դատախազ Ն. Չիլինգարյանը: Վերջինս էլ հասկանալով իր համար ոչ ցանկալի իրավիճակը` չի ցանկանում որպես մեղադրող ներգրավվել այդ դատին: