Պահանջում ենք ազատ արձակել քաղբանտարկյալներին. հայտարարություն

Հայտարարություն քաղբանտարկյալներին ազատ արձակելու պահանջով:

Հայաստանում մարդու իրավունքների եւ ժողովրդավարության հետ կապված հարցերը գտնվում են օտարերկրյա եւ միջազգային կազմակերպությունների ուշադրության կենտրոնում եւ պարբերաբար արտացոլվում են նրանց զեկույցներում։ Հաճախ դրանք շեշտադրվում են միջազգային համագործակցության ծրագրերում՝ երկրին ցուցաբերվող տնտեսական աջակցությունը պայմանավորելով հենց այս ոլորտի առաջընթացով։ Համագործակցության վերջին այդպիսի
փաստաթուղթ է Եվրոպական միության հետ համապարփակ եւ ընդլայնված գործընկերության մասին համաձայնագիրը, որի հիմքում ընկած են միջազգային տարբեր փաստաթղթերով սահմանված՝ ժողովրդավարական սկզբունքների, իրավունքի գերակայության, մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների նկատմամբ հարգանքը։

Հարկ է նկատել, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունը տարիների ընթացքում բավականին հմտացել է մարդու իրավունքներին առնչվող խնդիրներն ու ժողովրդավարության հետընթացը կոծկելու եւ միջազգային գործընկերներին կեղծելու գործում եւ մշտապես կարողացել է մանեւրել զուգահեռ տարբեր իրականություններում, մի կողմից՝ կոպտորեն եւ անպատժելի կերպով ոտնահարելով մարդու իրավունքները եւ հիմնարար ազատությունները, մյուս կողմից՝ ձեւացնելով «ջանքեր» (ինչպես օրինակ՝ մարդու իրավունքների պաշտպանության ռազմավարություն, հայեցակարգ եւ այլ թղթեր, որոնք պրակտիկայում գրեթե ոչ մի ազդեցություն չեն ունենում մարդու իրավունքների խախտումների կանխարգելման վրա)՝ սիրաշահելու միջազգային գործընկերներին եւ շարունակելու ստանալ նրանց տնտեսական եւ, երբեմն նույնիսկ, քաղաքական աջակցությունը։

2012 թվականի հոկտեմբերի 12-ի թիվ 1900 բանաձեւով Եվրոպայի խորհրդի խորհրդարանական հանձնաժողովը տվել է «քաղաքական բանտարկյալ» եզրույթի սահմանումը՝ ամրագրելով, որ իր անձնական ազատությունից զրկված անձը կարող է համարվել «քաղաքական բանտարկյալ», եթե՝

 անձն ազատազրկվել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով եւ կից արձանագրություններով երաշխավորված հիմնարար իրավունքներից/ազատություններից որեւէ մեկի խախտմամբ, մասնավորապես՝ խղճի, մտքի, կրոնի, արտահայտման, տեղեկատվության, հավաքների, միավորումների ազատության,

 անձի ազատազրկումը տեղի է ունեցել զուտ քաղաքական պատճառներով՝ առանց որեւէ հանցանքի հետ առնչություն ունենալու,

 քաղաքական դրդապատճառներով ազատազրկման ժամկետը կամ պայմանները հստակորեն անհամաչափ են այն հանցանքին, ինչի համար անձը մեղավոր է ճանաչվել կամ կասկածվում է,

 քաղաքական դրդապատճառներով անձը այլ անձանց համեմատ խտրական կերպով է ազատազրկվել, կամ

 ազատազրկումը արդյունք է հստակորեն անարդար դատավարության, ինչը առերեւույթ կապված է իշխանությունների քաղաքական դրդապատճառների հետ:

Բանաձեւում նաեւ հստակորեն սահմանվում է, որ ահաբեկչական գործողությունների համար ազատազրկված անձինք չեն կարող համարվել քաղաքական բանտարկյալներ, եթե նրանք հետապնդվել եւ դատապարտվել են այդ հանցագործությունների համար ազգային օրենսդրության եւ Մարդու
իրավունքների եվրոպական կոնվենցիայի համաձայն:

Հայաստանի տարբեր քրեակատարողական հիմնարկներում ու կալանավորներին պահելու վայրերում ներկայումս գտնվում են մի քանի տասնյակ անձինք, որոնց ազատությունից զրկելը (ձերբակալման, կալանավորման կամ որպես քրեական պատիժ նշանակվող ազատազրկման դեպքում) թե՛ դատավարական համապատասխան որոշումների կայացման ապացուցողական հիմքերի, թե՛ այդ որոշումների կայացմանը նախորդող դատավարական ընթացակարգերում մարդու իրավունքների պաշտպանության տարրական երաշխիքների, թե՛ ձերբակալված ու կալանավորված անձանց եւ դատապարտյալների պահման պայմանների, եւ թե՛ ժամկետների տեսակետից ցայտուն կերպով արտահայտում են այս անձանց հանդեպ Հայաստանի Հանրապետության՝ միջազգային
չափորոշիչներից հեռու նախաքննությամբ եւ դատական քննությամբ դրսեւորած ռեպրեսիվ վերաբերմունքը, որն առավել ակնհայտ է ընդդիմադիր քաղաքական գործիչների նկատմամբ։

Դատաիրավական հաստատված պրակտիկայից՝ այս անձանց հանդեպ դրսեւորվող նշված շեղումները հիմնովին թույլ են տալիս նրանց համարել քաղաքական բանտարկյալ՝ վերոհիշյալ բանաձեւի համատեքստում։

Ընդդիմադիր քաղաքական գործիչ Ժիրայր Սեֆիլյանի եւ մյուսների գործով 2018թ. փետրվարի 9-ի նիստում մեղադրող դատախազը, չունենալով մեղադրանքը հիմնավորող բավարար ապացույցներ, այդուհանդերձ դատարանից պահանջեց նշանակել ակնհայտ անհամաչափ պատիժ՝ Ժիրայր Սեֆիլյանին՝ 11 տարի, Գեւորգ Սաֆարյանին` 4 տարի 6 ամիս, Սասունիկ Կիրակոսյանին` 4 տարի 6 ամիս, Ներսես Պողոսյանին` 4 տարի, Հրայր Թոփչյանին` 3 տարի, Գալուստ Գրիգորյանին` 3 տարի եւ Հովհաննես Պետրոսյանին` 2 տարի ազատազրկում։

2015թ. սահմանադրական փոփոխություններին հաջորդող ժամանակահատվածում ընդհանուր ժողովրդավարական հետընթացի միտումները երկրում վկայում են, որ իշխանության ապօրինությունները չհանդուրժող եւ նրանց հետեւողականորեն քննադատող մարդկանց նկատմամբ նույն վրեժխնդիր մոտեցումը նախատեսվում է կիրառվել նաեւ մյուս քաղաքական բանտարկյալների նկատմամբ։

Մարդու իրավունքների նկատմամբ հարգանքը եւ ժողովրդավարությունը տեղ չունեն մի երկրում, որտեղ կան քաղբանտարկյալներ եւ, որտեղ մարդկանց նկատմամբ կարող են հաշվեհարդար տեսնել այլակարծության, խղճի ազատության, արտահայտման ազատության եւ հավաքների իրավունքը
իրացնելու հիմքով։ Այս պայմաններում ձեւական եւ առոչինչ են դառնում բոլոր պայմանագրերով սահմանված պարտավորություններն ու բարձր մակարդակի խոստումները։ Քաղաքական գործիչների հանդեպ վերը նշված վերաբերմունքը Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների
պաշտպանության եվրոպական կոնվենցիայի 10-րդ եւ 11-րդ հոդվածների խախտում է հանդիսանում նաեւ այն պատճառով, որ այդ իրավունքներն իրացնելուն ուղղված գործողությունները պատժելու հետ մեկտեղ հետապնդվում է մեկ այլ, մեր կարծիքով, ոչ պակաս անհանդուրժելի նպատակ, որը բնորոշ է քրեական իրավունքին, այն է՝ կանխել ազատ խոսքի ապագա դրսեւորումները եւս։

Պահանջու՛մ ենք Հայաստանի Հանրապետության իշխանություններից անհապաղ ազատ արձակել քաղբանտարկյալներին: Կո՛չ ենք անում միջազգային հանրությանը՝ պատշաճ գնահատական տալ Հայաստանում ժողովրդավարության հետընթացին եւ մարդու իրավունքների ոտնահարումներին։ Քաղբանտարկյալների շուտափույթ ազատ արձակումը պետք է հանդիսանա գլխավոր եւ անքննելի նախապայմանը Հայաստանի Հանրապետության ժողովրդավար զարգացման համար:

Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ
Հայաստանի հելսինկյան կոմիտե
Կանանց ռեսուրսային կենտրոն
Իրազեկ քաղաքացիների միավորում
«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ
Հանրային լրագրության ակումբ
Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոն
Խոսքի ազատության պաշտպանության կոմիտե
«Հանուն հավասար իրավունքների» ՀԿ նախագահ