ՀԱՆՈՒՆ ԴԱՍԸՆԿԵՐՈՋ ԲԻԶՆԵՍԻ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Պատահական չէ, որ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը համարվում է ամենակոռումպացված չինովնիկներից մեկը: Նա այս կոչումը վաստակել է երկարատեւ տքնաջան աշխատանքի շնորհիվ, իր կայացրած վիճահարույց որոշումների արդյունքում:
Նախարար Արտեմ Ասատրյանը հիմա էլ որոշել է հաշմանդամների պրոթեզավորման գործընթացում, այսպես ասած, միջազգային ստանդարտներ ապահովելու համար, ներդնել նոր չափանիշներ եւ ըստ այդմ անցկացնել նոր մրցույթ: Բայց այս քայլին գնացել է ոչ թե բարեփոխումներ իրականացնելու մղումով, այլ դասընկերոջ` Հունան Հունանյանի ղեկավարած «Սատար» ընկերությանը պրոթեզավորման ոլորտում գործունեության իրավունք տալու համար: Ասել է, թե նախարարը պաշտոնեական դիրքն օգտագործում է` մտերիմներին պատկանող ընկերության բիզնեսին աջակցելու համար: Ընդ որում, Ասատրյանը սա անում է ոլորտի մյուս ընկերությունների հաշվին: Մասնավորապես գերմանական պրոթեզավորման ոլորտում հայտնի «OTTO-BOCK» ընկերության ՀՀ-ում միակ ներկայացուցիչը` «Ինտեր Գթո» ՍՊԸ-ն, 28 տարի է` սպասարկում է հաշմանդամներին եւ համարվում է բարձր որակի ծառայություն մատուցող: Բավական է միայն նշել, որ այս ընկերության ծառայություններից տարիներ շարունակ օգտվել են նաեւ արցախյան պատերազմում հաշմանդամ դարձած բարձրաստիճան զինվորականները` ՀՀ նախկին ՊՆ Սեյրան Օհանյանը, ՀՀ նախկին զինկոմ, գեներալ-մայոր Սերգեյ Չալյանը եւ այլք: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ գերմանական այս ընկերությունում է պրոթեզավորվել նույն «Սատար» ընկերության տնօրեն Հունան Հունանյանը, որը հանձն է առել այլոց պրոթեզները սարքել: Հետաքրքիր է, թե ինչու նա իր պրոթեզարանում սեփական պրոթեզի հարցերը չի լուծել: Եւ հիմա «Ինտեր Գթո» ընկերությունը հայտնվել է ոլորտից դուրս մղվելու վտանգի առաջ:

 

 

 

ՀՀ Շիրակի մարզի Սարալանջի գյուղապետ Ցոլակ Հովհաննիսյանը որոշել է այս տարվա համար համայնքային բյուջեի միջոցներով բավական ճոխ գնումներ անել հատկապես «միջոցառումների ծախսեր» անվան տակ: Տեղական բյուջեի միջոցներից այս տարի նախատեսված է գնել 3 հազար 200 դրամ արժողության 44 հատ օղի, 2 հազար դրամանոց 10 գինի: Նրանք մտադիր են գնել նաեւ խոզի միս` 25 կգ, հավի միս` 30 կգ, երշիկ, բաստուրմա եւ այլն: Գյուղապետարանի քեֆի սեղանին դրվելու է նաեւ աղանդեր` շոկոլադ` 8կգ չափով, խնձոր, տանձ, նարինջ, բանան: «Ժողովուրդ»-ը նաեւ տեղեկացավ, որ համայնքապետարանը որոշել է տեղական բյուջեի հաշվին գնել հուշանվերներ` ավելի քան կես միլիոն դրամ արժողության: «Հունվարի 28-ի, մարտի 8-ի, ապրիլի 7-ի, սեպտեմբերի 1-ի, ուսուցչի տոնի, Ամանորի միջոցառումներին մասնակցելու են գյուղապետարանի աշխատողները, դպրոցի ուսուցիչները»,- այսպես է «Ժողովուրդ»-ի հետ զրույցում մեկնաբանել իրենց նախատեսած գնումները գյուղապետ Հովհաննիսյանը:

 

 

 

2017թ. ընթացքում կտրուկ ավելացել է Հայաստանից կապիտալի արտահոսքը: «Ժողովուրդ» օրաթերթին պաշտոնական փաստաթղթերից հայտնի դարձավ, որ 2017թ. ընթացքում ՀՀ-ից դուրս է բերվել 1 մլրդ 25 մլն 819 հազար դոլար: 2008թ. հետո /հիշում եք այդ տարի կեղծված նախագահական ընտրությունները, մարտի 1-ի սպանդը, քաղաքական անկայունությունը/ սա Սերժ Սարգսյանի նախագահության ընթացքում ամենամեծ ցուցանիշն է: Իսկ, ընդհանրապես, Սերժ Սարգսյանի նախագահության այս տարիների ընթացքում ՀՀ-ից կապիտալի արտահոսքը կազմել է 8 մլրդ 647 մլն 221 հազար դոլար: Այս ցուցանիշը, թերեւս, վկայում է այն մասին, որ ե՛ւ հայաստանյան, ե՛ւ օտարերկրյա կապիտալի համար Հայաստանը չի համարվում ապահով երկիր, ուստի մարդիկ գերադասում են իրենց ունեցվածքը պարզապես դուրս հանել:

 

 

 

«Գորիս» քրեակատարողական հիմնարկում դեռ 2017թ. հոկտեմբերին անցկացված խուզարկությունների արդյունքում բացահայտվել էին թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքեր, հարուցվել էր քրեական գործ: Եւ, ահա, պարզվում է` այս գործը նոր ընթացք է ստանում. գնալով ավելանում է մեղադրյալների թիվը: «Ժողովուրդ» օրաթերթի հարցմանն ի պատասխան` ԱԱԾ քննչական վարչության պետ, գնդապետ Միքայել Համբարձումյանը տեղեկացրել է. «Տեւական ժամանակ «Գորիս» ՔԿՀ թմրամիջոցներ են մտցվել առնվազն 2 եղանակով, որոնցում ներգրավված են եղել ՔԿ աշխատակիցներ, անազատության մեջ պահվող, այսպես կոչված, քրեական հեղինակություններ եւ դրսում գտնվող անձինք, ովքեր հայթայթել են թմրամիջոցները եւ ուղարկել ՔԿՀ: Բացի այդ` բացահայտվել է եւս 1 մեխանիզմ` «Գորիս» ԲԿ բժշկի կողմից առանձնապես խոշոր չափերով հոգեմետ դեղեր իրացնելու հետ կապված: Նշված քրեական գործի նյութերով հարուցվել են թվով 5 նոր գործեր, որոնցով մեղադրվում են 11 անձինք, նրանցից 2-ը` «Գորիս» ՔԿՀ աշխատակիցներ, 1-ը` «Գորիս» ԲԿ բժիշկ»:

 

 

 

ԻՆՉԻՑ Է ՎԱԽԵՆՈՒՄ
Ապրիլին ձեւավորվելիք կառավարության նիստերը լինելու են դռնփակ. այդպես է նախատեսված երեկ գործադիրի հավանությանն արժանացած «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» ՀՀ օրենքի նախագծում: Տեղեկացնենք, որ այժմ գործող կարգի համաձայն` կառավարության նիստերը դռնբաց են, եւ միայն օրենքով նախատեսված գաղտնիք պարունակող հարցերի քննարկման ժամանակ են դրանք անցկացվում փակ: Հիմա իշխանությունները մտադիր են անել հակառակը. միայն վարչապետի թույլտվությամբ կարող են կառավարության նիստերի մի մասը լինել դռնբաց: Ավելին` այդ նախագծի համաձայն` կառավարության անդամն իրավունք չունի առանց վարչապետի թույլտվության տեղեկատվություն հրապարակել կառավարությունում քննարկված որեւէ հարցի քննարկման ընթացքի մասին:
Ամենաուշագրավը այս որոշման հիմնավորումն էր, որ երեկ ներկայացրել է ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը. «Դռնփակ անցկացնելը հնարավորություն է տալիս ավելի անկեղծ, ավելի քննադատական հայացք ուղղել կառավարության անդամների առաջարկներին… Իրական քննարկում տեղի չի ունենում, լինում է կա՛մ նիստից հետո, կա՛մ նիստից առաջ, ինչը նորմալ չէ»: Ավելին` Հարությունյանն ասել է, թե կառավարության նիստերին լրագրողների ներկայության պատճառով է նաեւ, որ ընթացքում տեղի չի ունենում իրական բանավեճ:
Համաձայնեք` հրաշալի հիմնավորում է. այս երկրում ամեն ինչի մեղավորը լրագրողներն են: Հիշում եք` ժամանակին Սերժ Սարգսյանը ՀՀ-ից շարունակական արտագաղթի մեղքը փորձել էր լրագրողների վրա բարդել` ասելով, թե լրատվամիջոցների տարածած «գաղջ մթնոլորտի» հետեւանքով է այդպես: Նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանն էլ լրագրողներին մեղադրել էր «վատը տեսնելու» մեջ, իսկ հարցին, թե երկիրը դատարկվում է, հակադարձել էր. «Այդպես որ խոսաք, կդատարկվի»: Մի շարք նախկին ու ներկա պաշտոնյաներ, պատգամավորներ եւս նույն մեղադրանքն էին ներկայացրել, անգամ ֆուտբոլի Հայաստանի հավաքականի մարզիչն էր ասել, թե իրենց պարտությունների մեղավորը լրագրողներն են: Հիմա էլ Դավիթ Հարությունյանն է միացել այս մեղադրանքներին` կառավարության նիստերում քննարկումների եւ բանավեճերի բացակայությունը պատճառաբանելով լրագրողների ներկայությամբ:
Իսկ իրականում բոլորը գիտեն, որ թաքուն, գաղտնի, կիսագաղտնի գործելն այս իշխանությունների եւ անձամբ Սերժ Սարգսյանի ոճն է: Չնայած իշխանությունները` Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, շարունակում են Հայաստանում ժողովրդավարության, խոսքի եւ մամուլի ազատության, պետական մարմինների հաշվետվողականության մասին հեքիաթներ պատմել:




Լրահոս