ՄԻ ՈՏՔԸ ԿՍՊԱՍԱՐԿԻ ՄԻ ՊՐՈԹԵԶԱՐԱՆ, ՄՅՈՒՍԸ՝ ԱՅԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ մի քանի տասնյակ հաշմանդամներ (ապրիլյան պատերազմի մասնակիցներ, ազատամարտիկներ, զինվորականներ եւ աղետի գոտու բնակիչներ) հավաքվել էին ՀՀ կառավարության շենքի առջեւ՝ իրենց դժգոհությունը հայտնելու ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի գործունեության դեմ: Նրա կայացրած որոշումների արդյունքում հաշմանդամների պրոթեզավորման գործընթացը իրականացվելու է ոչ պրոֆեսիոնալ մակարդակում՝ փորձարկումներով:

Իսկ ո՞րն է խնդիրը: Պարզվում է՝ ոլորտում, այսպես ասած, միջազգային ստանդարտներ ապահովելու համար նախարարությունը մոգոնել է չափանիշներ եւ այդ նոր չափանիշներով մրցույթ հայտարարել, որի արդյունքում 3 ընկերություն հաղթել են եւ պետք է իրականացնեն Հայաստանում ապրող հաշմանդամների պրոթեզավորում ու սպասարկում: Ընկերություններից մեկը դաշտի հնաբնակներից է: Գերմանական պրոթեզավորման ոլորտում հայտնի «OTTO-BOCK» ընկերության միակ ներկայացուցիչն է Հայաստանում` «Ինտեր Գթո» ՍՊԸ-ն, որը 28 տարի է` սպասարկում է հաշմանդամներին: Մինչ օրս այս ընկերության ծառայություններից են օգտվել ինչպես շարքային քաղաքացիներ, այնպես էլ բարձրաստիճան պաշտոնյաներ՝ ՀՀ նախկին ՊՆ Սեյրան Օհանյանը, Հայաստանի Հանրապետության զինկոմ, գեներալ-մայոր Սերգեյ Չալյանը եւ այլք, քանի որ պրոթեզների որակը ոչնչով չի զիջում արտասահմանում սարքված պրոթեզներին: Ավելին՝ այս պրոթեզարանը ոչ միայն Գերմանիայում կրթված մասնագետներ ունի, այլեւ տեխնիկներ է պատրաստում ՀՀ-ում, եւ կարելի է ասել` տարածաշրջանում եզակի պրոֆեսիոնալ կառույցներից է:
Հիմա այս ընկերության հետ մրցակցության մեջ է մտել «Սատար» ընկերությունը, որի ղեկավարը Հունան Հունանյանն է: Ըստ հաշմանդամների` նա սոցապնախարար Արտեմ Ասատրյանի դասընկերն է: Աբսուրդն այն է, որ այս ընկերության տնօրեն Հունան Հունանյանը, որը պրոթեզ է կրում, եւս վերը նշված գերմանական ընկերության կողմից է սպասարկվում: Այսինքն՝ նա ինքն իր համար իր ընկերության մոտ պրոթեզ չի պատվիրել, սակայն հանձն է առել այլ հաշմանդամների համար պրոթեզ սարքել, սպասարկել դրանք:
Իսկ մյուս ընկերությունը, որը նախարար Արտեմ Ասատրյանի օրոք ՀԿ-ից վերածվել է ծառայություն մատուցող կազմակերպության, այս պահին «Սատար» ընկերության հետ դատական քաշքշուկի մեջ է, որի արդյունքում տուժում է հաշմանդամ քաղաքացին:
Բայց այս իրավիճակի աբսուրդն այն է, որ, օրինակ, 10 տարի գերմանական պրոթեզ կրող հաշմանդամը կայացած մրցույթից հետո ստիպված է օգտվել անհայտ ընկերությունների ծառայություններից, այն է` գերմանական պրոթեզը պետք է սպասարկեն չինական նյութերով: Իսկ Արցախյան պատերազմի օրերին Տավուշում վիրավորված Շուշանիկը, որ 1993-ից պրոթեզների օգնությամբ կարողացել է քայլել, «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասաց, որ նախարարության հայտարարած մրցույթից հետո հայտնվել է անելանելի դրության մեջ. «Ես չեմ կարող օգտվել իմ ցանկալի բժիշկների ծառայություններից: Ավելին` իմ մի ոտքը պետք է սպասարկի գերմանական պրոթեզարանը, մյուս ոտքը՝ այլ: Օրերս մոտեցա գերմանական ընկերություն, ասեցին` կասեցված է գործունեությունը, ինչ-որ մրցույթ է եղել: Ես ցանկություն չունեմ իմ պրոթեզարանը փոխել, բժիշկներին փոխեմ»,- վրդովված ասաց տիկին Շուշանիկը: Իսկ գյումրեցի հաշմանդամն էլ հավելեց, որ Գյումրիում գերմանական պրոթեզարանը ցանկանում են փակել. «Բա մեզ ո՞ւր են սպասարկելու: Էս վիճակով, սայլակներով գանք, հասնենք Երեւան ամեն անգա՞մ»: Ահա թե ինչն է բարկացրել հաշմանդամներին:
Երեկ ազատամարտիկ-զինվորական հաշմանդամները դժգոհում էին, որ ՀՀ պաշտպանության նախարարությունը մատը մատին չի տալիս` իրենց խնդիրը լուծելու համար: Թեեւ իրենք շուրջ 100 զանգ են արել ՀՀ ՊՆ թեժ գծին, բայց ոչ մի արդյունք: «Ինչո՞ւ պիտի ես՝ սահմանին վիրավորված քաղաքացիս, պրոթեզավորման խնդիր ունենամ ընդհանրապես: Հանգիստ գնում էինք, մեզ սպասարկում էին գերմանական պրոթեզարանում, գալիս էինք: Ի՞նչ փորձարկումներ են անում մեր վրա»,- ասաց Տավուշի մարզի բնակիչ Կամո Մխիթարյանը:
Մարդիկ պնդում են, որ ամեն ինչ պետք է նախկինի պես՝ առանց մրցույթի իրենց ծանոթ ընկերությունը սպասարկի պրոթեզները եւ վերջ: Սակայն ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության հաշմանդամների եւ տարեցների հիմնահարցերի վարչության պետ Արթուր Կեսոյանը երեկ նախարար Արտեմ Ասատրյանի փոխարեն ներկայացավ կառավարության շենքի մոտ եւ հանձն առավ պատասխանելու հավաքվածների հարցերին: Սակայն նրա պատասխաններն ավելի էին վրոդվվեցնում մարդկանց: Ասում էր` սպասեք մինչեւ փետրվարի 6, երբ կամփոփվեն մրցույթի արդյունքները: «Բայց ես էս պրոթեզով ինչքան կարամ սպասեմ: Կարողա` ամսի 6-ն էլ ձգվի, էդքան սպասե՞մ»,- վրդովվեց հաշմանդամներից մեկը:
Այսպիսով` առավոտյան 10-ից կառավարության շենքի առջեւ հավաքված հաշմանդամներին 2 ժամ անց ընդունեց ՀՀ կառավարության աշխատակազմի քաղաքացիների ընդունելության եւ դիմումների քննարկման վարչության պետ Ալեքսանդր Ղազարյանը եւ մեկ ժամից ավել փակ դռների հետեւում տեղի ունեցած քննարկումից հետո պատասխանեցին, թե փետրվարի 6-ին վերջնական որոշում կկայացվի: «Ինձ ասեցին, որ ես ամսի 15-ին կարամ գնամ, գերմանական պրոթեզարանում իմ հարցերը լուծեմ: Եթե հարցը չլուծվի, 15-ից հետո մեծ մասշտաբի բաներ կանենք: Մենք մեր մասնագետներից գոհ ենք, իրենք էլ՝ մեզանից: Թողեք ապրենք»,- ասաց Ալեքսանդր Ղազարյանի հետ հանդիպումից դուրս եկած հաշմանդամ երիտասարդներից մեկը:
Իսկ թե հետայսու ինչպե՞ս կկարգավորվի պրոթեզներ ստանալու հարցը՝ դարձյա՞լ պետպատվերի շրջանակում՝ ինչպես նախկինում եւ ինչպես այսօր աշխատում է ՀՀ առողջապահության նախարարությունը, թե՞ դարձյալ մրցութային կարգով, այս պահին դժվար է ասել: Ամեն դեպքում նախարար Ասատրյանը երեկ կառավարության հետնամուտքից ճողոպրեց, իսկ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այդպես էլ չընդունեց քաղաքացիներին:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

ՍՊԱՍՈՒՄ Է ՀԱՆԴԻՊՄԱՆ
Օրերս ՀՀ չորրորդ նախագահի պաշտոնում ՀՀԿ-ի կողմից առաջարկված թեկնածու Արմեն Սարգսյանը հանդիպել էր կոալիցիոն գործընկերների հետ: Սակայն ի տարբերություն ՀՀԿ-ի, որը հանդիպմանը ներկայացել էր խորհրդարանական խմբակցության անդամներով, այդ թվում՝ անկուսակցականներով, ՀՅԴ-ն նախընտրել էր Արմեն Սարգսյանի հետ հանդիպմանը հրավիրել միայն կուսակցության ԳՄ անդամներին: «Ժողովուրդ» օրաթերթը ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր անկուսակցական Անդրանիկ Կարապետյանից հետաքրքրվեց` եթե հնարավորություն չի ունեցել հանդիպել թեկնածուին, լսել նրան կամ հարցեր ուղղել, ինչպե՞ս է որոշում կայացնելու: «Ինչքան որ ես եմ տեղյակ, Արմեն Սարգսյանը գալու է Ազգային ժողով եւ բոլոր խմբակցությունների հետ հանդիպի: Այդ ժամանակ արդեն մեր բոլոր հարցերը կուղղենք եւ մեր դիրքորոշումը կձեւավորենք», – նշեց նա:

 

 

ՅՈՒՂՈՏ ՊԱՇՏՈՆՅԱՆ
ՀՀ կառավարության աշխատակազմի գործերի կառավարիչ Դավիթ Բեգլարյանը, ով այս պաշտոնին նշանակվել է իր տիկնոջ` ԱԺ նախկին փոխնախագահ, ՀՀԿ-ական պատգամավոր Հերմինե Նաղդալյանի շնորհիվ, հասցրել է հսկայական ունեցվածք կուտակել: «Ժողովուրդ» օրաթերթը նրա ներկայացրած պաշտոնական հայտարարագրից տեղեկացավ, որ Բեգլարյանն ունի 6 հատ հողամաս, անհատական բնակելի 3 հատ տուն եւ մեկ հատ բնակարան: Բացի այս` կառավարության աշխատողը երկու ընկերությունում ունի ընդհանուր 150 հազար դրամի բաժնետոմս: Իսկ փոխառությունների չափը կազմում է 1.5 մլն դրամ: Պատգամավորի ամուսինը ունի ընդամենը 5 միլիոն դրամ: Իսկ որպես եկամուտ Բեգլարյանը հայտարարագրել է իր աշխատավարձը, որը ամսական գերազանցում է 200 հազար դրամը, մեկ ընկերությունից ստացած 41 մլն 160 հազար դրամի չափով շահաբաժինը: Բացի այս` նա 23 մլն դրամի չափով գույք է վաճառել, որն էլ հայտարարագրել է որպես եկամուտ: Նշենք, որ Բեգլարյանը կառավարությունում բավական յուղոտ պաշտոն է զբաղեցնում` գործերի կառավարիչն է, կազմակերպում է պետական գնումները, նյութատեխնիկական սպասարկումը եւ այսպես շարունակ:

 

 

ՈՍԿԻ Ա, ՈՍԿԻ
ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանի համար երեկ պատմական օր էր. Արտաշես Գեղամյանն իր հեղինակած հերթական գիրքն է նվիրել Աշոտյանին: Մինչ այդ, սակայն, Գեղամյանն ափսոսանք է հայտնել, որ «Ռուսաստանի եւ Հայաստանի ռազմավարական դաշինքը դարերի համար» գրքի առաջին օրինակը չի տվել Աշոտյանին, այլ այն նվիրել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Միլսին: Աշոտյանը երեկ հույս հայտնեց, որ այդ թանկարժեք գիրքը հայտարարագրելու կարիք չի լինի: «Եթե տառերը ոսկուց չեն, կարիք չկա հայտարարագրելու»,- շտապեց կատակել պատգամավորներից Շիրակ Թորոսյանը: «Բովանդակությունն է ոսկի»,- ասաց Գեղամյանը: Մեկ փաստ էլ. վերջերս Գեղամյանը հաճախակիացրել է գրքեր հրատարակելու տեմպը, բայց այլեւս շնորհանդեսներ չի կազմակերպում: Ափսոս, շատ ափսոս:

 

 

ՍԱՀԱԿԱՇՎԻԼԻՆ ԱՐՁԱԳԱՆՔԵԼ Է
Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սահակաշվիլին արձագանքել է Երեւանում` Եղիշե Չարենցի տուն-թանգարանում, իր գրքի հայերեն տարբերակի շնորհանդեսի արգելքին: «Ցավոք, այստեղ եւս Մոսկվայի միջամտությունից խուսափել հնարավոր չի եղել: Պարզապես հետաքրքիր է, որ Վրաստանում Ռուսաստանի գործակալները լուրեր են տարածում, որ ես էթնիկ հայ եմ, իսկ Հայաստանում պատմել են, որ ես «հակահայ» գործիչ եմ»,-գրել է Սահակաշվիլին: Հիշեցնենք, որ մամուլում տեղեկություններ էին տարածվել այն մասին, որ ՀՀ մշակույթի նախարարությունը արգելել է Եղիշե Չարենցի տուն-թանգարանում անել Մ. Սահակաշվիլու ինքնակենսագրական «Ուժերի զարթոնք» գրքի հայերեն թարգմանության շնորհանդեսը, որը պետք է տեղի ունենար փետրվարի 7-ին: Ավելի ուշ գրքի թարգմանիչ Միքայել Նահապետյանն ասել էր, որ այսօր արդեն կորոշվի միջոցառման անցկացման վայրը: Նշենք, որ գրքի շնորհանդեսը տեղի կունենա փետրվարի 7-ին` երեկոյան 19:00-ին` «Նոյյան Տապան» գրատանը:

 

 

ՀԱՐՑԵՐ ԿԱՆ
Երեկ` կառավարության նիստին, ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը նշել է, որ Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ծրագրերի իրականացման շրջանակներում կապալառուի, դոնոր կազմակերպությունների մոտ կան հարցադրումներ` կապված շինարարության իրականացման համար պահանջվող լիցքի, նյութերի ձեռքբերման հետ: «Այդ հարցադրումները պահանջում են արագ եւ օպերատիվ լուծումներ: Մասնավորապես այդ հարցադրումները բարձրացրել են ե՛ւ բանկը, ե՛ւ Չինաստանի դեսպանը»,-ասել է նա: Նա հանձնարարել է փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանի մոտ Էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների, տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների, բնապահպանության նախարարների մասնակցությամբ կազմակերպել քննարկում եւ կառավարության անունից պատասխանել Ասիական զարգացման բանկի գործընկերների հարցադրումներին. արդյունքների մասին տեղեկացնել:

 

 

ՄԵԿՆԵԼ Է ՄՈՍԿՎԱ
Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) կողմից Հայաստանի 4-րդ նախագահի թեկնածու առաջադրված Արմեն Սարգսյանը մեկնել է Ռուսաստան: Արտերկրի հայ համայնքներ այցերի շրջանակում Ա. Սարգսյանը Մոսկվայում հանդիպելու է Ռուսաստանի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Առաջիկա օրերին նա հանդիպումներ կանցկացնի նաեւ հայկական այլ համայնքներում:




Լրահոս