ՄԻ ԼՈՒՍԱՖՈՐԻ ՀԱՐՑ ՉԼՈՒԾՎԵՑ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իջեւանի շուկայի մոտ ավտոմեքենաների եւ հետիոտների տեղաշարժը կանոնակարգված չէ: Եւ սա միջպետական ավտոճանապարհի այդ հատվածում հաճախ խցանումների պատճառ է դառնում: Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանի նախաձեռնությամբ Իջեւանի շուկայի դիմաց մեքենաների երթեւեկն ապահովելու համար բետոնյա արգելապատնեշներ տեղադրվեցին: Սակայն հետիոտների անցման համար նախատեսված տեղով բնակիչները, մեկ-մեկ հատելով միջպետական ճանապարհը, խոչընդոտներ են ստեղծում մեքենաների երթեւեկի համար: 2016թ. դեկտեմբերին` Տավուշի մարզպետի ասուլիսի ժամանակ, «Ժողովուրդ» օրաթերթի հարցին, թե հնարավոր չէ՞ այդ տեղում լուսաֆոր տեղադրել, որպեսզի հետիոտների կողմից փողոցի հատումը կանոնակարգված լինի, մարզպետն ասաց. «Նախագծային-նախահաշվային աշխատանքներ են կատարվել, որպեսզի տվյալ հատվածում 2017թ. ընթացքում հետիոտների ստորգետնյա կամ վերգետնյա անցում կառուցվի, ճանապարհը համապատասխանում է չափանիշներին, որպեսզի արգելապատնեշի երկարությունը ավելացվի»: Հ. Աբովյանի խոսքերով` հետիոտների եւ մեքենաների անվտանգ տեղաշարժն ապահովելու նպատակով նախատեսվում է երկարացնել արգելապատնեշները եւ հետիոտնի վերգետնյա անցում կառուցել, կամ կառուցել հետիոտների ստորգետնյա անցում: 2017թ. անցավ, սակայն արգելապատնեշների երկարությունը չավելացվեց, հետիոտների համար վերգետնյա կամ ստորգետնյա անցում չկառուցեց: 2016թ. սեպտեմբերի 16-ից վերանորոգման նպատակով փակ է ՀՀ-Վրաստան միջպետական ավտոճանապարհի Վանաձոր-Ալավերդի հատվածը: Այդ պատճառով ավելացել է Բագրատաշեն-Նոյեմբերյան-Իջեւան-Երեւան ճանապարհի ծանրաբեռնվածությունը: ՀՀ ապրանքներ ներկրող խոշոր բեռնատարները երթեւեկում են նշված ճանապարհով: 2017թ. մայիսի 10-ին Իջեւանի տասնյակ բնակիչներ ի նշան բողոքի Իջեւանի շուկայի մոտ շուրջ 40 րոպե փակել էին միջպետական ավտոճանապարհը: Բողոքողների պահանջներից մեկը մարզպետի նախաձեռնությամբ տեղադրված բետոնյա արգելապատնեշները հանելն էր: Շարունակվող փաստացի պատերազմի պայմաններում ցանկացած ժամանակ կարող է հրատապ լինել սահմանագոտի ռազմական տեխնիկայի եւ զինուժի արագ տեղափոխումը: Իջեւանի շուկայի հարակից տարածքում պարբերաբար տեղի ունեցող ավտոմեքենաների խցանումները լուրջ խոչընդոտ են: Մինչդեռ խցանումները կարող են վերանալ մի լուսաֆորի տեղադրումով: Դեռ 2017թ. «Ժողովուրդ»-ը գրավոր հարցում էր ուղարկել մարզպետին, թե ե՞րբ այդտեղ լուսաֆոր կտեղադրվի: «Իջեւանի շուկայի դիմաց հետիոտների անկանոն անցումը եւ մեքենաների երթեւեկը կարգավորելու նպատակով լուսաֆոր տեղադրելու խնդիրը չի մտնում մարզպետարանի գործառույթների մեջ, այդ հարցով կարող եք դիմել ճանապարհային ոստիկանությանը: Հետիոտների անցում կառուցելու վերաբերյալ տեղեկացնում ենք, որ առայժմ որեւէ ծրագրով այն նախատեսված չէ»,- եղել է պատասխանը: Եթե դա մարզպետարանի գործառույթների մեջ չէր մտնում, ճանապարհին բետոնյա արգելապատնեշներ տեղադրելը մարզպետարանի գործառո՞ւյթն էր:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս