Զենքի ազատ վաճառքը Հայաստանում գուցե զսպման միջո՞ց լինի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ-ի Ֆլորիդա նահանգի քաղաքներից մեկում տեղի ունեցած հրաձգությունը ցնցեց ողջ երկիրը՝ հայտնվելով հասարակական-քաղաքական քննարկումների կիզակետում: ԱՄՆ-ում կրկին բարձրացվեց զենքի ազատ վաճառքի շուրջ մշտական մտահոգությունը՝ այսօրինակ դեպքերը բացառելու համար: Հայաստանում թեպետ զենքի ազատ վաճառք չկա, սակայն վերջին շրջանում մեր երկրում նմանատիպ դեպքերի պակաս էլ թերեւս չկա:

Հիշեցնենք` ԱՄՆ Ֆլորիդայի նահանգի Փարքլենդ քաղաքի ավագ դպրոցներից մեկում նախկին աշակերտներից մեկը հրազենով ներխուժել էր դպրոց եւ անկանոն կրակ բացել: Ըստ իրավապահների նախնական մեկնաբանության՝ կասկածյալը նախ դիտավորյալ միացրել է արտակարգ իրավիճակների համար նախատեսված ահազանգը, որպեսզի աշակերտները դուրս գային դասարաններից, ու միջանցքում տիրող խառնաշփոթի ժամանակ զոհերի քանակն ավելին լիներ: Սակայն դպրոցի աշակերտների մի մասը դուրս չի եկել՝ կարծելով, թե ահազանգը կեղծ է, քանի որ առավոտյան նույնը կրկնվել էր: 19-ամյա հանցագործը դպրոցի նախկին աշակերտներից էր, որին հեռացրել էին կարգապահական պատճառներով: Ձերբակալվածի մոտ իրավապահները հայտնաբերել էին բազմաթիվ պարկուճներ եւ AR-15 տեսակի հրացան: Ըստ իրավապահների՝ հենց այդ տեսակի զնեքով էլ տեղի էր ունեցել հրաձագությունը՝ հանգեցնելով շուրջ 17 մարդու սպանության:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, որը ներկայացնում է Հանրապետական կուսակցությունը, ԱՄՆ Սահմանադրության 2-րդ վերափոխման խստագույն պաշտպանության հավատավոր ջատագովն է: Ըստ այդ հոդվածի՝ յուրաքանչյուր քաղաքացի զենք պահելու ու կրելու իրավունք ունի: Սահմանադրական նորմով ԱՄՆ-ում թույլատրված է զենքի ազատ վաճառքը, որը երբեմն հանգում է նման անկանխատեսելի ու ողբերգական իրավիճակների, քանի որ ինչ-որ գաղափարական ազդեցությունների տակ գտնվող կամ հոգեպես անհավասարակշիռ անձինք ազատորեն կարող են զենք գնել ու սպառնալ այլոց անվտանգությանն ու կյանքին: ԱՄՆ Հանրապետական կուսակցության գաղափարաբանական սկզբունքներով այս հոդվածը վերանայման ենթակա չէ:

Թրամփը նույնպես համոզված է, որ չի կարելի զրկել ամերիկացիներին սեփական զենք ունենալու եւ ինքնապաշտպանվելու հնարավորությունից՝ դա դիտելով իբրեւ մարդու հիմնարար իրավունքների խախտում: Այդ պատճառով իր ցավակցական գրության մեջ նա սոսկ արձանագրել է, որ ամերիկյան դպրոցում որեւիցե երեխա կամ ուսուցիչ չպետք է իրեն անապահով զգա:

Թրամփը, որը հաճախ է նման առիթներն օգտագործում քաղաքական հակառակորդների դեմ քննադատությունների համար, այս անգամ նման հնարավորություն չունի՝ ստիպված լինելով լսել դեմոկրատների նոր դժգոհությունը: ԱՄՆ-ում զենքի ազատ վաճառքի հարցում միջկուսակցական բանավեճը հին ավանդույթ է: Բանավեճի մի կողմում հանրապետականներն են, մյուսում՝ դեմոկրատները, որոնք պահանջում են սահմանափակել զենքի ազատ վաճառքը: Կարելի է ասել, որ այս խնդիրը ԱՄՆ-ի միջկուսակցական գաղափարաբանական առանցքային հիմնահարցերից է ու անընդհատ բարձրացվում է ընտրությունների ժամանակ:

Եվ ահա այժմ առիթն օգտագործելով էլ՝ դեմոկրատները կրկին հիշեցին հստակ կարգավորող ու սահմանափակող մեխանիզմներ ներդնելու ծայրահեղ անհրաժեշտությունը՝ որպես ԱՄՆ-ում անվտանգության ու ապահովության երաշխիք: Դեմոկրատները հայտարարել են, որ բավական է հանդուրժել նման երեւույթները ամերիկյան հասարակությունում՝ բարձրացնելով մի շարք հարցեր, որ պատասխանների են սպասում: Այսպես՝ ինչպե՞ս է կասկածյալը ձեռք բերել զենքը եւ արդյո՞ք անցել է բոլոր օրինական ընթացակարգերով:

Եվ եթե ամեն ինչ տեղի է ունեցել օրենքի սահմաններում, ապա պետք է մտածել այնպիսի մեխանիզմներ ներդնելու մասին, որով զենքը հեշտությամբ չի հայտնվի նման մարդկանց ձեռքին: Դեմոկրատներն առաջարկում են ներդնել հատուկ քննության պրակտիկան, որպեսզի զենք գնողը մի շարք ստուգումներ անցնի: Սակայն հանրապետականներն ու մասնավորապես՝ նախագահ Թրամփը, հազիվ թե ընդառաջեն քաղաքական սկզբունքային հակառակորդների պահանջներին ու բարդ ընթացակարգեր սահմանեն զենքի ձեռքբերման համար: Այստեղ ոչ միայն սոսկ բախվում են ամերիկյան հասարակության անվտանգությանն առնչվող հարցերը, այլեւ զենք արտադրող մեծ կորպորացիաների ու քաղաքական գործիչների հետաքրքրությունները:

Հայաստանում զենքի ազատ վաճառքն արգելված է, թեեւ այստեղ էլ հաճախ է քննարկվում դրա թույլտվության հարցը: Հաշվի առնելով Հայաստանում տիրող բարոյահոգեբանական ներկայիս մթնոլորտը՝ զենքի ազատ վաճառքը կարող է քաոսի հանգեցնել: Քանի որ Հայաստանում, որպես այդպիսին, չկա արդար դատական համակարգ, ապա բնական է, որ շեշտակիորեն կավելանան ինքնադատաստանի ու վրեժխնդրության դրսեւորումները: Դրանք անգամ հիմա քիչ չեն, վկան Շամիրամ գյուղի, Վերնիսաժի եւ այլ նմանատիպ դեպքերը:

Սակայն միեւնույն ժամանակ չի կարելի ժխտել, որ իրենց օրենքից վեր զգացող բազմաթիվ անձինք խնդիր չունեն զենք ձեռք բերելու հետ: Ցանկացած օլիգարխի պահեստներում եւ հարյուրավոր թիկնապահների մոտ ցանկության դեպքում կարելի է հսկայական զորանոց հայտնաբերել: Եվ նման մարդիկ խնդիր էլ չունեն զենքի անհարկի կիրառության հարցում՝ համոզված, որ Սերժ Սարգսյանին ընտրությունների ժամանակ մատուցած ծառայությունն արդեն իսկ կանխավճար է բոլոր տեսակի հանցանքների համար: Եվ ահա այսպիսի իրավիճակում, երբ օրենքից վեր գտնվողները կարող են զենք ձեռք բերել, իսկ շատերը՝ ոչ, թերեւս անարդար է անգամ հանցաշխարհի կանոններով:

Գուցե զենքի ազատ, բայց, անշուշտ, համակարգված վաճառքը կարող է զսպել նման մարդկանց՝ զգուշանալ սեփական ամենաթողության հակառակ ռեակցիայից: Եվ վերջապես ԼՂ-ի հակամարտությունն ու ադրբեջանական վտանգը կարծես օրակարգի հարց են դարձնում սահմանակից բնակավայրերում ապրող անձանց զինումը, որը հաճախ կարող է փրկել մարդկանց կյանքերը:

Ն․ Հովսեփյան




Լրահոս