Սիլվա Համբարձումյանը սիգարետ է արտահանում Իրան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ըստ որոշ տեղեկությունների` հայտնի կին գործարար Սիլվա Համբարձումյանը վերջերս փորձել է արաբ շեյխի հետ բիզնես հիմնել: Սակայն գործարք տեղի չի ունեցել, իսկ Սիլվա Համբարձումյանը 10 մլն դոլարի չափով «քցել է» արաբ շեյխին:

Այս առիթով «Ժողովուրդ» օրաթերթը զրուցեց գործարար Համբարձումյանի հետ եւ հետաքրքրվեց` արդյո՞ք այս տեղեկությունը համապատասխանում է իրականությանը: Հարցին ի պատասխան` Սիլվա Համբարձումյանն ասաց. «Նման բան չկա, արաբի հետ աշխատել ենք, հանքերն են եղել, որոնք էլ 40 մլն դոլարով վաճառել են իրեն: Բացարձակ պարտք չունենք: Անգամ պետական ռեգիստրով է դա երեւում: Հանձնել եմ իրենց: Խոսքը «Թի էյ սի-սի Արմենիա» ընկերության մասին է»:

«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ գործարար տիկինը արաբ շեյխի վստահությունը շահելու համար փորձել է խորամանկություն բանեցնել: Նա հանդիպմանը գնացել է անգամ թանկարժեք «Բենտլի» մակնիշի մեքենայով, որպեսզի տպավորություն ստեղծի, թե ինքը խոշոր բիզնեսմեն է, մեծահարուստ: Մեր տեղեկություններով` այդ հանդիպումը տեղի է ունեցել Անգլիայում:

«Հանդիպումները տեղի են ունեցել Դուբայում, եւ դրա արդյունքում «Թի էյ սի-սի Արմենիա» ընկերությունը տրվել է արաբ գործարարին: Ինքը անգամ ինձ 700 հազար դոլարի չափով պարտք է մնացել, բայց ոչ մի խնդիր չի եղել: Ես այդ 40 մլն դոլարի մեջ էլ չմանրացա: Գուցե պետք է Ձեզ ասեին, որ ինձ են գցել, այլ ոչ թե ես եմ գցել»,- արդարացավ գործարարը:

Առիթից օգտվելով` Սիլվա Համբարձումյանից հետաքրքրվեցինք նաեւ, թե ինչու է «Սիգարոն ՍՊՍ» ընկերությունից վերցրել սիգարետներ Իրանի Իսլամական Հանրապետությունում իրացնելու նպատակով, բայց գումարը չի մարել: «Նման բան չկա: Մենք ընդամենը փորձում էինք իրանական կողմից լիցենզիա ստանալ, որպեսզի այնտեղ սիգարետ արտահանենք: Իրանական կողմը չէր թողնում: Բայց հիմա լիցենզիա տրվել է, միայն պահանջներ է ներկայացրել, որ սիգարետի վրա պատկերված նկարները փոխվեն, հատուկ նկարներ են, եւ ինչ ձեւով պետք է տպվի: Ես ինքս պետք է արտահանեմ, մենք այնտեղ հիմնարկ ունենք բացված, որտեղ պետք է վաճառենք»,- հայտարարեց գործարարը:

Սյունէ Համբարձումյան




Լրահոս